Կարծում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը
– Վերջին շրջանում փախուստները քրեակատարողական հիմնարկներից հաճախակի են դարձել: Որպես երկար տարիների արդարադատության համակարգի ղեկավար՝ պետք է քաջատեղյակ լինեք՝ արդյոք բավարար անվտանգությունն այդ հիմնարկներում ապահովվա՞ծ է:
– Երկու գործոն կարող է լինել. ցավոք սրտի, մեզ, ինչպես եւ բազմաթիվ այլ մարմինների, դեռ չի հաջողվել ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի մարդիկ իսկապես բարձր պրոֆեսիոնալիզմ ունենան: Երկրորդը՝ այս բոլոր հաստատությունները ժամանակակից որեւէ պահանջի չեն բավարարում: Մեր կողմից ժամանակին ներկայացվեց համակարգի ինստիտուցիոնալ բազայի փոփոխության գաղափարը: Մենք ունենք բազմաթիվ քրեակատարողական հիմնարկներ, որոնք կառուցվել են շատ վաղուց եւ չեն համապատասխանում անվտանգության ժամանակակից նորմերին: Մենք պետք է ունենայինք կենտրոնացված, ավելի խոշոր քրեակատարողական հաստատություններ, որովհետեւ ինչքան խոշոր է քրեակատարողական հաստատությունը, այնքան ավելի քիչ են պահպանման ծախսերը: Մյուս կողմից, դրանք պետք է կառուցվեն ժամանակակից միտումները հաշվի առնելով: Մեզ հաջողվեց լրջագույն աշխատանք կատարել՝ ներգրավելով այդ աշխատանքին համապատասխան ոլորտի մի շարք ճարտարապետների: Մեզ համար կոնսուլտացիոն աշխատանքներ իրականացրեցին Անգլիայի քրեակատարողական հաստատությունների գլխավոր ճարտարապետը, ԱՄՆ-ի համապատասխան միությունը, որը զբաղվում է համապատասխան շինությունների նախագծմամբ: Հաջողվեց մշակել մի այնպիսի նախագիծ, որը կարող էր դառնալ մոդելային Հայաստանի համար: Ցավոք, առ այսօր այդ նախագիծն ավարտին հասցված չէ, բնականաբար ազդել է ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ այլն: Հիմա, կարծես, գնում են կարկատանները փակելու ճանապարհով, բայց, նորից եմ կրկնում, իմ խորին համոզմամբ, նման քրեակատարողական հաստատությունների կառուցումն առաջնային խնդիր է:
– Կարծեմ՝ նույն այս անձինք առաջին անգամ փախել էին, երբ դուք էիք համակարգի պատասխանատուն, արդարադատության նախարարը:
– Փախուստներ միշտ են եղել, այո, դուք ճիշտ եք, այդ երկու անձինք փախուստի են դիմել նաեւ իմ՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակ, այն ժամանակ նրանք փախուստի դիմեցին Գորիսի բանտից, եւ դրա համար էր որոշում կայացվել նրանց տեղափոխել այստեղ: Բայց իսկապես անթույլատրելի է, երբ երկու հոգի միասին փախուստի են դիմում, հետո այդ երկուսին տեղավորում են նույն խցում: Դա, իհարկե, չի տեղավորվում տրամաբանության եւ անվտանգության կանոնների մեջ: Եվ համապատասխան ծառայությունը պետք է լուրջ եզրակացություն անի:
– Սակայն մի՞թե պատճառը միայն «շենքային» է, պատճառ չի՞ կարող լինել օրինակ՝ կաշառքը:
– Այդ ամենը, ցավոք, գոյություն ունի, սակայն, կարծում եմ, որեւէ կաշառք չի կարող փակել համապատասխան ծառայության աշխատակցի աչքերը: Ես կարծում եմ՝ սա սովորական «բառադիություն է», կներեք բառի համար: Սա իրականում անպատասխանատու աշխատանքի արդյունք է:
– Հնարավո՞ր է, որ այս երկուսը շարունակ դիմում են փախուստի, քանի որ համաձայն չեն իրենց նկատմամբ դատարանի որոշմանը:
– Ես համաձայն չեմ, որ փախուստի դիմում են միայն այն անձինք, ովքեր համաձայն չեն իրենց դատավճռին: Անշուշտ, երբ մարդ համաձայն չէ դատավճռին եւ բոլոր օրինական ուղիները սպառել է արդարության հասնելու, սկսում է մտածել ինքնուրույն, իր կարծիքով՝ արդարությունը վերականգնելու մասին: Ինչ վերաբերում է այդ երկու անձանց հետ կապված գործերին, ես որեւէ կարծիք չեմ կարող հայտնել, քանի որ միշտ համարել եմ անթույլատրելի, երբ անձը, որը ոչ համապատասխան ոլորտում է գտնվում, դիրքորոշում է արտահայտում դատարանի վճռի վերաբերյալ:
– Ոմանց թերեւս զարմացրել է, որ «հոկտեմբերի 27-ի» ոճրագործները բավականին բարվոք պայմաններում են պահվում…
– Կարծում եմ, հասարակության թյուրընկալումն է, որ դատապարտված անձինք պետք է վատ պայմաններում պահվեն: Այդպես չէ: Դա չի նշանակում, որ նրանք եկել են հանգստյան տուն, բայց նաեւ չսափրված լինելը կամ ոչ հիգիենիկ պայմաններում գտնվելը եւս սխալ է: Մենք պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է պատժելիությունը, որը մեզանում հնարավոր չէ մինչեւ վերջ ի կատար ածել: Ի դեպ, այն կառույցները, որոնց մասին ես խոսում էի, հենց կոչված էին ապահովելու այդ պայմանները: Դատապարտված անձը պետք է գտնվի նորմալ պայմաններում՝ եւ հիգիենայի առումով, եւ պետք է սափրված լինի, սնունդն էլ նորմատիվներին համապատասխան պիտի լինի եւ ոչ թե հոտած միս կամ կարտոֆիլ ուտի: Դատապարտվածի ամենակարեւոր պատիժն ազատության սահմանափակումն է:
– Փաստորեն, այս դեպքում դա ապահովված չէր;
– Խորհրդային տարիներին հաստատվեց ուղղիչ-աշխատանքային ճամբար հասկացողությունը, որի մեջ մարդիկ գտնվում էին որոշակի տարածքում, բայց իրականում գտնվում էին փաստացի ազատության մեջ: Ամբողջ աշխարհում գնում է հակառակ միտումը՝ պատիժը ազատության եւ կամքի ազատ արտահայտման սահմանափակումն է: Մեզանում ստացվել է, որ այլ հնարավորություն չկար, քան նրանց որոշակի տարածքում տալ ազատություն: Հումանիստական տեսանկյունից գուցե դա շատ կարեւոր է, բայց իրական պատճառը հումանիզմը չէր, պատճառը ազատազրկվածների շատ մեծ քանակն էր դեռ Ստալինի ժամանակներից սկսած: Դա աղավաղեց հայեցակարգը: