Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց
«Մարտի 1»-ի գործով 8 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ, արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, գնդապետ Սասուն Միքայելյանը, որը 2008թ.-ի մարտի 18-ից ի վեր առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, երեկ վերջապես տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Նրան հիվանդանոցից հիվանդանոց՝ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի ամբողջ պահակախումբ, որն արգելել է «կողմնակի» անձանց շփվել Միքայելյանի հետ: ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լանա Մշեցյանը ԶԼՄ-ներին փոխանցել է, թե Ս. Միքայելյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոցի» բժիշկների համապատասխան եզրակացության հիման վրա:
Արդեն տեղում պարզ է դարձել, որ, այնուամենայնիվ, նախկին պատգամավորին ոչ թե ցավազրկողներ ու հանգստացնող դեղեր էին պետք, ինչը նրան մատուցվել էր բանտային հիվանդանոցի պայմաններում, այլ վիրահատություն: Ս. Միքայելյանի ընկերներից մեկը՝ Մեսրոպ Մեսրոպյանը, երեկ «Առավոտին» փոխանցեց, որ նախնական ախտորոշման համաձայն, Միքայելյանը շնչառական ուղիների պրոբլեմ ունի ու դրանից էլ դժվար է շնչում, քթի խոռոչում հայտնաբերվել են բորբոքային պրոցեսներ, քնած ժամանակ շնչառությունն է կանգնում, որը հանգեցնում է թթվածնային քաղցի: Առայժմ անհայտ է գլխացավերի պատճառը: Մի խոսքով՝ առաջիկա օրերին Միքայելյանը կենթարկվի ոչ բարդ վիրահատության, բայց մինչ այդ նա պիտի հետազոտությունների ենթարկվի, բուժումներ ստանա. բժիշկները պետք է փորձեն կայունացնել նրա վիճակը, որովհետեւ նա նաեւ սրտի լուրջ պրոբլեմներ էլ ունի: Ենթադրվում է, որ քաղբանտարկյալի համալիր բուժումը քաղաքացիական հիվանդանոցում կարող է մինչեւ երկու ամիս տեւել:
Այն, որ բանտային պայմանները կարող էին լրջորեն ազդել Միքայելյանի առողջության վատթարացման վրա՝ միանշանակ է: Դա պնդել է նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնում նրա բժիշկը՝ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում:
Հրամանատարի մտերիմներն ու ընկերները համարում են, որ իշխանությունների վերաբերմունքը արցախյան ազատամարտի մասնակցի նկատմամբ, մեղմ ասած՝ անմարդկային է եղել: Անցած ավելի քան մեկուկես տարվա ընթացքում նրա վիճակը ժամանակ առ ժամանակ վատացել է նաեւ «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ նա գտնվում էր 2008թ. մարտի 18-ից ի վեր: Արցախյան ազատամարտի ժամանակ վիրավորված եւ իր մարմնում 70 բեկոր «կրող» Միքայելյանը հաճախ է գանգատվել սրտի վատ աշխատանքից, բարձր ճնշումից, լյարդի շրջանում եւ ճակատային մասում, աչքի շրջանում ունեցած սուր ցավերից: Հիշեցնենք, որ նա մի քանի տարի առաջ նաեւ սրտի կաթված էր տարել:
Նոյեմբերի 21-ին, երբ նա հայտնվել էր ծայրաստիճան վատառողջ վիճակում, եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր դիմել ՀՀ արդարադատության նախարարին՝ առաջարկելով քննարկել նախկին պատգամավորին մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարության հարցը, ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանն ու ինքը՝ նախարար Գեւորգ Դանիելյանը փորձում էին ապացուցել, թե ամեն ինչ «կանտրոլի» տակ է, «բժիշկները շարունակում են հետազոտել նրան, որ պարզեն դժգոհությունների պատճառը», որ նա «մշտապես բժիշկների հսկողության տակ է, ու բողոքների դեպքում նրանք անմիջապես օգնություն են ցուցաբերում»: Ավելին, ԱՆ ՔՎ-ն ընդամենը մի քանի օր առաջ մի ծավալուն հաղորդագրություն տարածեց, թե՝ սույն վարչության «բժշկական սպասարկման բաժնի եզրակացությունը նշում է, որ դատապարտյալի առողջական վիճակը թույլ է տալիս, որպեսզի բուժսպասարկման աշխատանքները կազմակերպվեն քրեակատարողական հիմնարկի ուժերով, քաղաքացիական այլ բուժհաստատություն տեղափոխելու հիմքեր չկան»: Ասվում էր նաեւ, որ «նրա առողջական վիճակին պարբերաբար հետեւել են» սրտաբաններ, նեւրոպաթոլոգներ, այդ թվում նաեւ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից: «Այս տարվա մայիսին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ս. Միքայելյանը ենթարկվել է գլխուղեղի ռենտգեն տոմոգրաֆիկ հետազոտության» եւ այլն: Իսկ նոյեմբերի վերջին, երբ Միքայելյանի վիճակը կտրուկ վատացել էր, բժիշկները «պարզել» էին, որ նա պարզապես մրսել է ու ընդամենը «եռորակ ներվի սուր բորբոքում» ունի, ու առողջական վիճակն էլ բավարար է:
Այն, որ Ս. Միքայելյանը, հակառակ արդարադատության նախարարության «լավատեսական» կամ հասարակությանը «հանգստացնող» հայտարարությունների ու դիմադրության, այդուհանդերձ, տեղափոխվեց հիվանդանոց, թերեւս նշանակում է՝ գնդապետի վիճակն, իրոք, լավ չէ: