Արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ «Կոմանդոսը», երեկ երեկոյան այցելել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ տեղափոխված քաղբանտարկյալ, արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին տեսակցելու նպատակով, բայց Միքայելյանի նկատմամբ հսկողություն իրականացնող անձինք նրան դա անել թույլ չեն տվել: «Առավոտի» այս տեղեկությունը գեներալը հաստատեց: Նրա ասելով, իրեն հորդորել են մի քիչ սպասել եւ այցելել մեկ այլ անգամ: Գեներալն ասաց, թե ինքը գնացել էր նախեւառաջ համոզվելու համար, որ նրան անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվում, եւ համոզվել էր: «Կոմանդոսը» դժվարացավ պատասխանել մեր հարցին՝ իր կարծիքով, ՀՀ իշխանություններն, այնուամենայնիվ, կանսա՞ն իր եւ գեներալ-լեյտենանտ Գուրգեն Դարիբալթայանի կոչին՝ Սասուն Միքայելյանին ազատել պատժի մնացած մասը կրելուց. «Չեմ կարող ասել: Ես միայն մի բան գիտեմ՝ մենք ուզում ենք օգնել Սասուն Միքայելյանին»: