Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵՐԵՑԵՔ՝ ՁԵՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Դեկտեմբեր 04,2009 00:00

«Առավոտի» դեկտեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք «Ավստրիական ավիաուղիների» չվերթներում ուղեւորներին տրամադրվող ամսագրում զետեղված այդ ավիաընկերության հետեւյալ գովազդին. «Արեւելյան Եվրոպայի ճանապարհները վատ վիճակում են: Ավելի լավ է՝ թռչեք»: Եվ որպես ասվածի հավաստում՝ պատկերված է հայկական մի ցուցանակ՝ Ջերմուկի եւ Սեւակ գյուղի ճամփաբաժանի վերաբերյալ:
Երեկ այս հրապարակման առնչությամբ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից ստացանք հետեւյալ պարզաբանումը. «Ավստրիական ավիաուղիների» չվերթներում ուղեւորներին տրամադրվող ամսագրում զետեղված նշյալ ավիաընկերության գովազդը դեռեւս 2 ամիս առաջ եղել է մեր վարչության ուշադրության առարկան: Այն քննարկվել է «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ներկայացուցչի հետ: Արդյունքում ընկերությունը դեռեւս 12.11.2009-ին պաշտոնապես ներողություն է խնդրել Հայաստանից՝ ոչ ճիշտ գովազդի համար»: «Ավստրիական ավիաուղիների» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մաք Վարդանուսյանը երեկ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ից օդանավերում արդեն հիշյալ համարը փոխարինված է նորով, որում արդեն այդ գովազդը հանված է: Թեմայի առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանն էլ պարզաբանել է, որ գովազդում պատկերված ցուցիչ նշանը տեղադրվել է 1980-ականներին եւ ապամոնտաժվել է 10-15 տարի առաջ, իսկ Պ. Սեւակ գյուղ մտնող ճանապարհը գտնվում է «Մ-2» միջպետական նշանակության ավտոճանապարհի եզրին եւ գյուղ տանող առանձին ճանապարհ չկա:
Մեջբերենք նաեւ մի հատված՝ «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության պաշտոնական ներողության տեքստից. «Մենք երբեք մտադիր չենք եղել վնասել Ձեր երկրի իմիջը: Գովազդային նյութը պատրաստված է եղել մեր ընկերության գովազդային ոճով՝ միշտ մի քիչ հումոր, երբեմն օգտագործելով կլիշեներ ու ստերեոտիպեր, երբեմն էլ մի քիչ պրովոկացիա: Մենք մեծապես ցավում ենք, որ ակնհայտ կերպով վիրավորել ենք ինչ-որ մեկի ..զգացմունքները: Մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի, ու այդ գովազդը այլեւս որեւէ տեղ չենք օգտագործելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել