Համաշխարհային կոսմետոլոգիական բիզնեսում հանրահռչակ ընկերության՝ ֆրանսիական «L’Oreal»-ի հիմնադիր 87-ամյա Լիլիան Բետանկուրի դուստրը՝ 56-ամյա Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը, դատի է տվել հարազատ մորը: Նա Լիլիան Բետանկուրին (նկարում) մեղադրում է մառազմի մեջ՝ հայտարարելով, թե իր մայրը հաշվետու չէ իր արարքների համար եւ խոշոր գումարներ է տալիս կողմնակի մարդկանց: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն: Մասնավորապես՝ Լիլիան Բետանկուրը մի քանի տարիներ շարունակ արժեքավոր նվերներ է մատուցել իր ընկերոջը՝ 62-ամյա լուսանկարիչ եւ գեղանկարիչ Ֆրանսուա-Մարի Բանիեին: Բոլոր այդ նվերների հանրագումարը, ի վերջո, կազմել է 1 մլրդ եվրո: Սա այն դեպքում, երբ Բետանկուրի կարողությունը 13 մլրդ է կազմում: Գործարար տիկնոջ դուստրը դատարանից պահանջում է մեծահասակ մոր նկատմամբ դատական հսկողություն իրականացնել՝ նրա ծախսերը վերահսկելու նպատակով: Նրա ասելով, ինքը դրանով ուզում է մորը «պաշտպանել» շահադիտական նպատակներ հետապնդող խարդախներից:
Ինքը՝ բիզնես-լեդի Բետանկուրը, իրեն խարդախության զոհ չի համարում: Մեկ տարի առաջ նա արդեն հայտարարել էր, որ իր դուստրը փորձում է ոտնձգություն կատարել իր ազատության նկատմամբ: Բետանկուրի փաստաբանը նրա դստերը մեղադրել է մոր ունեցվածքն իր վերահսկողության տակ վերցնելու փորձի մեջ:
Մոր դեմ քաղաքացիական հայցով հանդես եկած Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը քրեական բնույթի մեղադրանքներ է ներկայացրել նաեւ մոր բարեկամ-ընկերոջը՝ նկարիչ Ֆրանսուա Բանիեին (նկարում), նրան մեղադրելով միլիարդատեր տիկնոջից խոշոր գումար շորթելու մեջ: Բանիեն հրաժարվել է մեկնաբանել այդ մեղադրանքները: Մոր եւ դստեր միջեւ ծագած վեճը դատարանը կլսի արդեն հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ «Forbs» հեղինակավոր պարբերականի վարկանիշային սանդղակում Լիլիան Բետանկուրը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 21-րդն է: Դեռ 2008թ.-ին նրա կարողությունը գնահատվել է 22,9 մլրդ դոլար: