Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրանցի ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսում ռումբի պայթյունի արդյունքում տասնյակ մարդ է վիրավորվել: Ավտոբուսում եղել է մոտ 50 ուղեւոր: «BBC»-ն վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թղթակցին՝ տեղեկացնում է, որ այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է շիաների Սաիթ Զայնաբի սրբատեղին, ուր իրանցի ուխտագնացները հաճախ են այցելում: Այդ նույն շրջանում, աղբյուրի փոխանցմամբ, նաեւ իրաքցիներ են ապրում: «Ալ-Ջազիրայի» թղթակցի փոխանցմամբ, դեպքի վայրը օղակի մեջ են առել ոստիկանությունն ու անվտանգության ծառայության աշխատակիցները, այնտեղ են ժամանել նաեւ շտապօգնության մեքենաներ: Որոշ տվյալներով, 6 հոգի զոհվել է, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է: Ականատեսների ասելով, պայթյունի արդյունքում ամբողջովին ջախջախվել է ավտոբուսի ետնամասը, վնասվել է նաեւ դեպքի վայրին մոտ գտնվող շենքերից մեկը:
Աղբյուրը փոխանցում է, որ այս օրերին աշխատանքային այցով Դամասկոսում է գտնվում Իրանի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների պատասխանատու նախարար Աայիդ Ջալալին:
Որեւէ խմբավորում դեռ չի ստանձնել այս պայթյունի պատասխանատվությունը: