Գովազդները մեր գլուխներն են «մտցրել», որ գլխի թեփի դեմ պայքարը շատ հեշտ է: Ահա մի քանի անգամ կանոնավոր օգտագործում ես «բուժիչ» շամպունը եւ… հաճախ գլխի թեփը չի վերանում:
Թեփը կարող է ունենալ շատ լուրջ նախապայմաններ: Դրանք ստամոքսա-աղիքային (գաստրիտ, դիսբակտերիոզ), էնդոկրին կամ ներզատիչ գեղձերի հիվանդություններն են (վահանաձեւ գեղձի գործունեության խանգարում): Հաճախ գլխի թեփը (սեբորեա) առաջանում է սթրեսներից եւ երկարաընթաց դեպրեսիաներից, խիստ հուզական ռեակցիաներից, հորմոնալ դեղերի օգտագործումից: Նկատվում է, որ ոչ «հոգեպես» կայուն, այսպես ասած՝ «բռնկվող» մարդկանց մոտ սեբորեա հաճախ է առաջանում:
Երբ գլխի մազածածկ հատվածում սկսվում են խիստ շատանալ ախտածին մանրէները (ստրեպտակոկեր) եւ «ամենակարեւոր» (պիտիրասպորում օվալե) անվամբ սնկիկը, առաջ է գալիս թեփ: Այս սնկիկը «ապրում» է յուրաքանչյուր առողջ մարդու մաշկի վրա: Սակայն երբ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը (իմունիտետը), «վատ» մանրէների քանակը շատանում է, փոխվում է մաշկի վիճակը, վատանում է ճարպագեղձերի աշխատանքը: Սեբորեայի առաջին նշանները երեւում են 11-18 տարեկանում եւ հաճախ աղջիկների մոտ:
Մեծահասակները նույնպես հաճախակի տառապում են այս հիվանդությամբ: Թեփի դեմ առանց սննդակարգի դժվար է պայքարել: Սննդամթերքը պետք է հարուստ լինի ցինկով, պղնձով, երկաթով, վիտամիններով: Սննդամթերքի մեջ պետք է լինեն մրգեր, բանջարեղեն, հացազգիներ եւ լոբազգիներ: Կաթնամթերքներից՝ մածունը, յոգուրտը վերականգնում են աղիների նորմալ միկրոֆլորան: Հաճախ օգտագործեք ձիթապտղի յուղ: Մազերը պարզաջրեք՝ ջրին ավելացնելով խնձորի քացախ: Մանրէները, սնկիկները շատ «վատ են զգում» թթու միջավայրում: Սովորական շամպունները չեն վերացնում գլխի թեփը, այլ քչացնում են: Անջատելով թեփի եղջրացած շերտը, նրանք չեն կանխարգելում նորի առաջացումը:
Եվ եթե թեփի դեմ ուղղված շամպունները օգտագործելիս թեփը չի վերանում, ապա պետք է օգտագործել ավելի ուժեղ «զենք»՝ հատուկ բուժիչ շամպուններ, բալզամներ, որոնց բաղադրության մեջ կան կենսաբանական ակտիվ նյութեր: