Շատ մարդիկ են այս երկու «զբաղմունքները» կատարում միաժամանակ: Եվ իզուր… ուտելիս ընթերցել չի՛ կարելի:
Թերթելով գիրքն ընթրիքի ժամանակ, ընթերցելով դասագիրքը ճաշելիս կամ էլ թերթը՝ նախաճաշելիս, կամա թե ակամա ցրվում է ձեր ուշադրությունը: Ընթերցածը դժվար է հիշվում ու ընկալվում: Ընթերցելու սովորությունն ուտելիս ազդում է մարդու կեցվածքի վրա, ոչ բնական դիրք է գրավում գլուխը, պարանոցի մկանները լարվում են: Ազդում է նաեւ տեսողության վրա, քանի որ չեն պահպանվում տեսողության տարրական հիգիենայի կանոնները: Ստամոքսաաղիքային օրգանների աշխատանքը պայմանավորված է ռեֆլեքսային փուլի հետ: Դրանից էլ ելնելով՝ անհրաժեշտ է սկզբում տեսնել ուտելիքը, զգալ հոտը, համտեսել: 3-5 րոպե անց, երբ դուք զգացել եք ուտելիքի համը, զգալի չափով ուժեղանում է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի եւ աղիների հյութազատումը, ինչպես նաեւ լեղարտադրությունը:
Իսկ ընթերցելիս, երբ ձեր ուշադրությունը կենտրոնացած է ընթերցանության վրա, կտրուկ ընկնում է ռեֆլեկտոր փուլը: Բառացիորեն դուք կուլ եք տալիս ուտելիքը՝ առանց զգալու դրա համն ու հոտը:
Ուտելիքն ընկնելով ստամոքս՝ բավականին ժամանակ չի մարսվում, քանի որ ստամոքսահյութը եւ տարբեր ֆերմենտներ արտազատվում են նորմայից 2-3 անգամ քիչ: Այստեղից էլ խանգարվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, առաջացնելով հիվանդագին վիճակներ: Այս վնասակար սովորությունը կարող է սրել ու խորացնել ստամոքսաաղիքային հիվանդությունները (գաստրիտ, խոց եւ այլն):
Եվ, վերջապես, ընթրիքը, կիրակնօրյա ճաշերը այն պահերն են, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում է: Շփվելը, մեղմ հայացքը, ժպիտը, բարի խոսքը տալիս են հարազատ տան զգացողություն, ջերմություն, հաճույք…
Մի պատնեշեք ձեզ այդ հաճելի զգացմունքներից՝ թերթով կամ գրքով: