Մենակությունը վարակիչ է
Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մենակության զգացումը վիրուսային հիվանդությունների նման կարող է փոխանցվել այլ մարդկանց: Չիկագոյի, Հարվարդի, ինչպես նաեւ Կալիֆոռնիայի նահանգի հետազոտողները վերլուծել են Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինհեմ քաղաքի մոտ 5000 բնակչի տվյալները: Դրանց հիման վրա գիտնականները կառուցել են մարդկանց փոխհարաբերությունների գրաֆիկական սխեմա, որը պարունակում էր նաեւ տեղեկատվություն ընկերների կորստի եւ միայնության մասին: Սխեման ցույց էր տալիս, որ միայնակ մարդիկ ժամանակի ընթացքում կորցնելով սոցիալական կապերը, միայնությամբ են վարակում նաեւ իրենց ընկերներին: Պարզվեց նաեւ, որ միայնակ մնալու ռիսկը մեծապես կախված է ոչ թե բարեկամական հարաբերություններից, այլ ընկերախմբի փոփոխությունից: Բացի դրանից, գիտնականները հանգեցին այն եզրակացության, որ կանայք, որոնք ավելի մեծ կարիք ունեն էմոցիոնալ աջակցության, ավելի շատ են ենթարկվում միայնակությամբ «վարակվելու» վտանգին: Ջոն Կաչիոպպոյի՝ հետազոտողներից մեկի կարծիքով միայնակությունը նվազեցնում է շրջապատի հանդեպ վստահությունը, ինչի պատճառով էլ մարդն ավելի միայնակ է դառնում: Գիտնականը նաեւ հավելում է՝ քանի որ միայնությունը կապված է կյանքի որակի եւ տեւողության վրա ազդող մի շարք ֆիզիկական եւ հոգեկան խանգարումների հետ, մարդիկ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ընկերների եւ բարեկամների հետ իրենց փոխհարաբերություններին:
Կանայք օրական 515 տեսակ քիմիկատներ են քսում մաշկին
Bionsen կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն օր կանայք իրենց մաշկին քսում են միջինը 515 քիմիկատ, որոնք հիգիենիկ, էսթետիկ կոսմետիկայի, օծանելիքի եւ խնամքի այլ պարագաների բաղադրության մեջ են մտնում: Ինչպես պնդում են գիտնականները, յուրաքանչյուր կին օրվա ընթացքում օգտագործում է միջինը դեմքի 13 խնամքի միջոց, որոնց մեծամասնությունը պարունակում է ավելի քան 20 բաղադրիչ: Օծանելիքները պարունակում են միջինը 250 քիմիական նյութ, իսկ որոշ դեպքերում դրանց թիվը հասնում է 400-ի: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շրթներկում կա միջինը 33 բաղադրիչ, մաշկի լոսյոններում՝ 32, թարթիչաներկում՝ 29, ձեռքի մաշկի խոնավացնող քսուքի մեջ՝ 11: Խնամքի եւ կոսմետիկ նման միջոցների տեւական օգտագործման ազդեցությունը երբեւէ չի ուսումնասիրվել, սակայն հնարավոր է, որ դրանք վնասակար են առողջության համար: Բացի այդ, մինչեւ 25 տարեկան կանանց մեկ երրորդ մասը կանոնավոր օգտագործում է 40-ն անց կանանց համար նախատեսված կոսմետիկա, ինչը վնասակար է նրանց մաշկի համար: «Հիանալի արդյունքի» համար նախատեսված խնամքի միջոցները պարունակում են բազմաթիվ բաղադրիչներ, որոնք տեւական օգտագործման արդյունքում կարող են հանգեցնել անցանկալի արդյունքների:
Դեղամիջոց՝ կանանց սեռական ցանկությունները խթանելու համար
Գերմանական Boehringer Ingelheim դեղագործական ընկերության կողմից ստեղծված կանանց սեռական ցանկությունները խթանող «ֆլիբանսերին» (BIMT-17) դեղամիջոցը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումները: Այսօր այն համարվում է կանանց սեռական դիսֆունկցիան բուժող առաջին դեղամիջոցը: Փորձարկման մասնակից 1378 կանայք 6 ամիս անընդմեջ ընդունել են այդ դեղամիջոցը: Եվ հետազոտության արդյունքները ապացուցել են, որ դրանից հետո կանանց մոտ սեռական բավարարվածության ցուցանիշը բարձրացել է 22%-ով: Ի տարբերություն տղամարդկանց համար նախատեսված «վիագրա» դեղամիջոցի՝ «ֆլիբանսերինը» միանգամից չի ազդում: Ազդեցությունը ի հայտ է գալիս 3-6 շաբաթվա ընթացքում՝ օրական 100մլ չափաբաժին ընդունելուց հետո: Նկատվել են դեղամիջոցի հետեւյալ հակազդեցությունները՝ գլխապտույտ, սրտխառնոց, քնկոտություն, անքնություն: