Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս, դրա համար ճիշտ վայր եւ ճիշտ մարդ ընտրել
Սեռական կյանքում միապաղաղությունը կարող է տանել դեպի կործանում, եւ որպեսզի զույգերի հարաբերությունները, այսպես ասած, փակուղի չմտնեն, մասնագետները խորհուրդ են տալիս սեռական կյանքում անկաշկանդ լինել եւ բազմազանություն մտցնել: Սեռական կյանքում բազմազանություն կարելի է մտցնել՝ սկսած գեղեցիկ եւ ռոմանտիկ ընթրիքից, միասին ճամփորդելուց, ֆիլմեր դիտելուց, սեռական ֆանտազիաները իրականություն դարձնելուց, մինչեւ կնոջ կամ տղամարդու կերպարանափոխությունը: Սակայն սեքսապաթոլոգները զգուշացնում են՝ ֆանտազիաներն ի կատար ածելն ու կերպարանափոխությունը պետք է շատ զգույշ եւ զուգընկերոջը նախապես տրամադրելով անել, հակառակ դեպքում ձեր սեքսուալ նոր կերպարը հնարավոր է զայրացնի կամ հիասթափեցնի զուգընկերոջը:
«Առավոտի» հետ զրույցում սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանը նշեց, որ հայ տղամարդկանց մեծ մասը հաստատ չի ցանկանա իր կնոջը տեսնել տարբեր սեքսուալ կերպարներով. «Շատ հաճախ հայ տղամարդը, երբ իր կնոջը տեսնում է նոր սեքսուալ հագուստով, սանրվածքը փոխած, մի խոսքով՝ նոր էրոտիկ կերպար ընդունած, դրան կասկածամտորեն է վերաբերվում: Բայց, միեւնույն ժամանակ, այդ տղամարդը դեմ չէ սիրուհի ունենալ, ում հետ կարող է իր սեքսուալ պահանջները բավարարել: Ճիշտ կլինի, որ այդ բազմազանությունը կատարվի ամուսինների միջեւ, այլ ոչ թե «լեւի» գնալով: Մի հոդվածով ամեն ինչ հնարավոր չէ փոխել, մեզանում այդ ստերեոտիպը շատ է կարծրացած»: Ա. Բարսեղյանի խոսքերով՝ «Շատ դեպքերում, երբ մեզ դիմում են նման խնդիրներով, մենք ասում ենք՝ սեքսում ամուսինների մոտ արգելք չպիտի լինի. անկողնում կարելի է անել այն ամենը, ինչ իրենց դուր է գալիս»: Այնպես որ, հարգելի հայ տղամարդիկ, մասնագետները պնդում են, որ սեռական կյանքում պետք է ազատ լինել: Իսկ հայ կանանց մասնագետը խորհուրդ է տալիս՝ մինչեւ գեյշայի, բուժքրոջ կամ տնային սպասուհու կերպար ընդունելը, նախ ճշտեք՝ ձեր տղամարդը դա ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ, բացի այդ, նախապես զրուցեք նրա հետ: Արամ Բարսեղյանի խոսքերով. «Եթե ամուսինը հոգնած, հոնքերը կիտած տուն գա եւ տեսնի՝ ինչ-որ մեկը բուժքրոջ կերպարով նստած է, դա կարող է բարկացնել նրան: Միանշանակ չի կարելի ասել, որ բոլորն ընդունեն գեյշայի, ստրիպ պարուհու կամ ստրկուհու կերպարներ: Պետք է նախապես հասկանալ, թե ամուսնուն ինչ է դուր գալիս»:
Ա. Բարսեղյանի խոսքերով՝ եթե ամուսինները սկսեն սեքսուալ թեմաներով ազատ խոսել, ապա ամեն ինչ նորմալ կընթանա: Պետք է միասին որոշեն, թե ինչ են ուզում: Բայց եթե իրենց սեռական կյանքի ընթացքում ոչինչ չեն խոսել, կինն ամեն օր ճաշ է պատրաստել, ամուսինն էլ բազմոցին նստած ամբողջ օրը հեռուստացույց է նայել, ապա դժվար թե այդ զույգերը միանգամից սկսեն իրենց ֆանտազիաներից խոսել կամ կերպարանափոխվել: Թեեւ շատերը սեքսուալ կյանքում գեյշայի կամ բուժքրոջ կերպարն ասոցացնում են այլասերվածության հետ, սակայն մասնագետները վստահեցնում են, որ կերպարներ ընդունելը նորմալ երեւույթ է եւ սեռական հակման մի տեսակ:
Ա. Բարսեղյանի խոսքերով՝ «Եթե կինն իր խառնվածքով իշխող է, գուցեւ իր երեւակայության մեջ պատկերացնում է, որ իր զուգընկերը լինի ստրուկի կերպարով: Գրեթե բոլոր տղամարդիկ ունեն վառ, հարուստ ֆանտազիաներ հարեւանուհու կամ խանութի վաճառողուհու նկատմամբ: Հնարավոր է սեքսի ժամանակ այդ տղամարդը մի դրվագ ունենա՝ մտքում պատկերացնելով իր ֆանտազիաների կնոջը»:
Սեքսապաթոլոգի վստահեցմամբ՝ սեքսուալ երեւակայությունն ու կերպարանափոխության ցանկությունը չիրականացրած հայ կին դեռ իրենց չի դիմել, սակայն դա չի նշանակում, որ մեզանում չկան այդպիսիք, պարզապես կամ ամաչում են, կամ էլ վախենում են ամուսիններից. «Իմ պրակտիկայում կան կանայք, որոնք ամուսիններից գաղտնի են գալիս: Նրանք դժգոհում են, որ իրենց սեռական կյանքը միապաղաղ է, ամուսինը բավարար ուշադրություն չի դարձնում, հազվադեպ են սեքս անում, կամ հաճախ անհավես ու նույն դիրքով են սեռական ակտ ունենում: Ես սովորաբար խորհուրդ եմ տալիս ամուսնու հետ զրուցել, զգուշորեն բացատրել կամ միասին այցելել սեքսապաթոլոգի մոտ: Ցավոք, այդ կանայք բացառում են ամուսինների՝ սեքսապաթոլոգին դիմելու փաստը, պատճառաբանելով՝ որ իմանա, կարող է գլուխը ջարդի, էլ ուր մնաց միասին գան բժշկի մոտ ու խոսեն այդ թեմայով: Ենթադրվում է, որ նման վիճակում հայտնված կանայք միայնակ մեծ արդյունքի չեն հասնի: Հայկական մտածելակերպն է խանգարում տղամարդուն: Իսկ արտերկրներում շատ նորմալ երեւույթ է, երբ զույգերը դիմում են սեքսապաթոլոգի»: Այն զույգերին, որոնք կաշկանդվում են դիմել մասնագետին, բայց գիտակցում են, որ սեքսուալ միապաղաղությունը հնարավոր է կործանի իրենց ընտանիքը, պարոն Բարսեղյանը խորհուրդ է տալիս միջավայրը փոխել. «Ասենք՝ միասին մեկնել մեկ այլ երկիր, որովհետեւ նոր միջավայրում ամեն ինչի համն ու հոտն այլ է լինում: Իսկ նրանք, ովքեր չեն կարող Հայաստանից դուրս գնալ, կարող են հենց իրենց քաղաքում նոր վայր գտնել, սրճարան գնալ, ինչու չէ՝ նաեւ հյուրանոց»:
Պարզվում է, սեքսուալ կյանքում բազմազանություն մտցնելն այնքան էլ դյուրին չէ: Ըստ մասնագետի, եթե կյանքի բոլոր բնագավառներում զույգերի մոտ ամեն ինչ նորմալ է եւ միայն սեռականում ինչ-որ խնդիր կա, ապա այդ հարցը հեշտ կլուծվի: Իսկ ահա սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող զույգերի մոտ մի փոքր ավելի բարդ է. «Սոցիալական վատ պայմանները դեպրեսիա են առաջացնում, խեղաթյուրում են մարդուն: Սոված մարդու մոտ ի՞նչ սեռական կյանք ու բազմազանություն կարող է լինել»: