Լոռու մարզում միջբուհական կապերն ամրապնդելու նպատակով Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի նախաձեռնությամբ եւ «Մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց «Ինտելեկտուալ թեստ» առաջին երիտասարդական-ուսանողական մարզային մրցույթ-փառատոնը: Մասնակցում էին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ), Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջի (ՍՊԳՔ), Գյումրու «Պրոգրես» համալսարանի Սպիտակի մասնաճյուղի եւ Երեւանի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղի թիմերը: ՀՊՃՀ-ի եւ Երեւանի կինոյի, թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղերը եւ «Մխիթար-Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը մասնակցություն չէին ապահովել, չնայած հրավիրվել էին: Հիմնական պայքարը ծավալվեց ՎՊՄԻ-ի եւ ՍՊԳՔ-ի թիմերի միջեւ: Մի քանի փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց ՎՊՄԻ-ի թիմը: Նրան փոքր-ինչ զիջեց ՍՊԳՔ-ի թիմը, իսկ երրորդ տեղում Ստեփանավանի թիմն էր: «Մրցույթը հնարավորություն տվեց մարզի ուսումնական հաստատությունների ուսանողներին՝ շփվելու, հետագա համագործակցության եզրեր գտնելու, իսկ ինտելեկտուալ խաղերն էլ կարեւոր են այնքանով, որ օգնում են ուսանողին ի հայտ բերել այն ներուժն ու գիտելիքների պաշարը, որը նա ստանում է ուսումնառության տարիներին»,-ասաց ՎՊՄԻ-ի թիմը ներկայացնող Հերմինե Գասպարյանը: