Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկն արդեն ԱՄՆ-ում է

Դեկտեմբեր 04,2009 00:00

\"\"Աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքի «Agua Caliente Cazino»-ում 52,2 կգ քաշային կարգում WBC-ի գոտու պարտադիր պաշտպանության մենամարտ է անցկացնելու այդ վարկածի ժամանակավոր չեմպիոն եւ տիտղոսի հավակնորդ մեքսիկացի Թոմաս Ռոհասի հետ: Ռոհասն այդ իրավունքը նվաճել է հոկտեմբերի 14-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով հարավաֆրիկացի Էվանս Մբամբուին:
Վախթանգն արդեն հինգ օր է, ինչ գտնվում է Լաս Վեգասում եւ նախապատրաստվում է մենամարտին: Միացյալ Նահանգներ է մեկնել նաեւ անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը:
«Fightnews.ru» հանդեսը, ներկայացնելով Վիկի առօրյան, տեղեկացնում է, որ նա հիմա ընդհանուր ֆիզպատրաստականության նոր մարզիչ Հեյդեն Նոուլզի հետ աշխատում է, որքան էլ տարօրինակ հնչի, հարվածի ուժն ավելացնելու վրա: «Երբ ռինգ ես մտնում ուժեղ հարվածի տիրապետող մրցակցի դեմ, պետք է գերազանցես նրան: Իմ անձնական 57 կիլոգրամով ես պառկած դիրքից բարձրացնում եմ 120 կգ»: Իրեն 26 նոկաուտ պարգեւած ձախ ձեռքի հզորության մասին այսպես է պատմում Դարչինյանը: Բայց նա հարվածի ուժն էլ ավելի մեծացնել պատրաստվում է ոչ թե ուժային վարժությունների հաշվին, այլ՝ դրանց կատարման տեխնիկայի հղկման: Իսկ նոր մարզիչը հայտարարել է. «Ես նրան ասել եմ, որ քանի դեռ աշխատում է ինձ հետ, ծանրություն բարձրացնելու գործիքին անգամ մոտենալ չի կարող: Եվ թվում է, թե նրան դուր է գալիս մարզման նոր մեթոդը»: Վիկը լրատվամիջոցներին հայտարարել է. «Կարծում եմ՝ նախապատրաստությունը հաջող կանցնի: Հասկանում եմ, որ ոտքերս բավականաչափ չեմ օգտագործում: Գիտեմ, որ ձեռքի հարվածի ուժն սկսում է ոտքերից: Դա ութ տարեկանում էլ գիտեի, սակայն այդ տեխնիկան հատուկ մշակելու հնարավորություն երբեք չեմ ունեցել: Համոզված եմ, որ եթե ոտքերս էլ աշխատեցնեմ, եթե հարվածներիս ուժը սնվի կոնքերիցս, ինձ կանգնեցնել այլեւս հնարավոր չի լինի»:
Վիկին հավատում է նաեւ մշտական մարզիչ Անժելո Հայդերը: «Դարչինյանին նոր տեխնիկան մշակելու բավական ժամանակ դեռ կա: Նա մարզումային գործընթացում կատարվող փոփոխություններին հարմարվելու եզակի ընդունակություն ունի: Վիկը ինքնակատարելագործման տենդով է տառապում»,- ասել է մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել