Արդեն քանի տարի «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դրվածքին ու ամեն անգամ արձանագրում դասավանդման խայտառակ վիճակը: Այս աշնանն ընդգրկեցինք նաեւ մայրաքաղաքի բուհերի մի մասը: Թեեւ վիճակը դպրոցների համեմատությամբ մի փոքր ավելի լավ է, սակայն տարբերությունն ըստ էության աննշան է:
Օրերս տեղեկացանք, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը ոլորտը վերցրել է իր անձնական խիստ հսկողության տակ եւ մտադիր է վիճակը շտկելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել: Խնդրո առարկայի շուրջ «Առավոտը» զրուցեց նախարարի հետ:
– Պարոն Գրիգորյան, անշուշտ, լուրջ պատճառներ կան շատերի համար անսպասելի ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման վրա նախարարի անձնական վերահսկողություն սահմանելու համար:
– Այո: Սպորտի մասին մայր եւ մանկապատանեկան սպորտի մասին օրենքներում ամրագրված են կետեր, որոնցով մեծ կարեւորություն է տրվում նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական եւ բուհական կրթօջախներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը: Որ առկա պայմանների պատճառով ամեն տեղ չէ, որ օրենքի պահանջը կատարվում է, հայտնի էր: Իրավիճակն աստիճանաբար շտկելու նպատակով պետությունը որոշակի ծրագրեր է իրականացնում: Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ խնդիրը մտահոգող է: Այդ պատճառով իմ հրամանով ստեղծվել են մասնագետներով համալրված հանձնախմբեր, որոնք ներկայումս ուսումնասիրում են մայրաքաղաքի բոլոր մակարդակների կրթօջախներում առարկայի դասավանդման մակարդակը՝ սկսած համապատասխան ծրագրերի առկայությունից, նյութատեխնիկական պայմանների վիճակից, սահմանված դասաժամերի քանակի ապահովումից, մինչեւ կոնկրետ դասերի կազմակերպման մակարդակը:
– Արդեն նախնական պատկերը կա՞:
– Շտապելու հարկ չկա: 16 աշխատանքային խմբերը կլինեն տեղերում, կարձանագրեն տեսածները, տպավորությունները ի մի կբերեն: Այդ ժամանակ մենք կրթության եւ գիտության նախարարի հետ կամփոփենք արդյունքները (ես արդեն նրա հետ պայմանավորվել եմ) եւ կմշակենք իրականացնելիք միջոցառումների ծրագրեր, որոնք կներկայացնենք հանրապետության նախագահին եւ վարչապետին:
– Եթե խոսքը վարչարարության մասին է, դժվար թե միայն դրանով գործը կարգավորվի: Այստեղ ավելի գործուն մեխանիզմներ են հարկավոր:
– Խնդիրը շատ ավելի խորն է: Ու դա մենք գիտենք: Մեր ժողովուրդն առողջ ապրելակերպ վարելու մշակույթ չունի: Եվ զարմանալի ու շատ վատ է, որ ասածս հիմնականում վերաբերում է երիտասարդությանը: Մեր գլխավոր նպատակն է՝ հասնել այն բանին, որ մարդը շաբաթը թեկուզ մեկ օր, մի քանի ժամ զբաղվի իր ու ընտանիքի անդամների առողջությամբ, ծխախոտի կամ խմիչքի փոխարեն մարզազգեստ, գնդակ գնի, հաճախի մարզադահլիճ կամ թեկուզ բացօթյա նախավարժանքներ անի: Մեր համոզմամբ, այս հարցում լավագույն եւ ամենաարդյունավետ միջոցը ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման մակարդակի բարձրացումն է: Եթե երեխան մանկապարտեզում ամեն օր մարզական տարրեր պարունակող շարժական խաղեր խաղա, դպրոցում շաբաթական երեք անգամ նորմալ ֆիզկուլտուրայի դաս անցկացնի, ինստիտուտում էլ նույնը շարունակի, սպորտով զբաղվելը նրա համար ամբողջ կյանքում պահանջ կլինի:
– Այդ ամենի համար առաջին հերթին պետք է համապատասխան պայմաններ ստեղծել: Մինչդեռ, հենց հանրակրթական դպրոցներից շատերը ֆիզկուլտուրայի շատ թե քիչ բարվոք դահլիճ ու բացօթյա խաղահրապարակ չունեն:
– Ցավոք, առայժմ այդ խնդիրը գոյություն ունի: Չնայած հիմա քիչ չեն այն դպրոցները, որտեղ այդ հարցերը շատ թե քիչ լուծված են: Պայմանների բարելավումը տարիների գործ է: Բայց այստեղ ավելի կարեւոր է դպրոցի տնօրինության եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերաբերմունքը: Այդպիսիք, պարզապես, առարկան չեն կարեւորում՝ մոռանալով, որ դա առողջ քաղաքացի ունենալու գրավականն է: Իսկ առողջությունը վեր է ամեն ինչից: Իմ այս նախաձեռնության իմաստն էլ հենց այդ մտածելակերպը փոխելն է, ընդհուպ մինչեւ, անհրաժեշտության դեպքում՝ վարչարարական միջամտություն:
– Ձեր ասածը լրացնեմ մի օրինակով: «Առավոտը» շրջայցերի ժամանակ բազմաթիվ օրինակներ է տեսել, որ ուսումնական մասնաշենքերի շինարարական աղբը լցված է հենց դպրոցամերձ պարզ տիպի խաղահրապարակներում: Ավելին, ցատկափոսերը տարիներ շարունակ փխրեցված չլինելու պատճառով քարացել ու վերածվել են մացառուտների (դրա համար էլ հո ֆինանսական հատկացումներ պետք չե՞ն): Էլ չենք խոսում գրեթե անհետ կորած նշագծումների, այդ տարածքները ավտոկայանատեղիների վերածված լինելու մասին: Ուզում եմ մի առաջարկ անել: Դպրոցներն ամեն տարի ֆինանսավորվում են ըստ իրենց ներկայացրած ծրագրերի: Հնարավոր չէ՞ մի կետ մտցնել, որով մարզադահլիճի կամ խաղահրապարակի նորոգման ու պահպանման ծրագրի բացակայության դեպքում տվյալ դպրոցը զրկվի (թեկուզ՝ մասամբ) տվյալ տարվա ֆինանսավորումից:
– Մեր մոնիտորինգի մեջ հենց այդ կետն էլ մտցվել է՝ մարզադահլիճի, խաղահրապարակի առկայություն: Դրանով նպատակ ունենք դպրոցների տնօրեններին «արթնացնել», որպեսզի ավելի մեծ կարեւորություն տան ֆիզիկական կուլտուրա առարկային: