Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ ինքներս մեզ հարգենք

Դեկտեմբեր 04,2009 00:00

Բաց նամակ ՀՀ հանրային խորհրդին

Հանրային խորհրդի մեծարգո նախագահ պարոն Մանուկյան եւ խորհրդի հարգելի անդամներ, ներող եղեք, որ ձեզ անհանգստացնում եմ արտաքուստ ոչ հրատապ հարցերով, երբ երկրի առջեւ ծառացած են շատ ավելի բարդ տնտեսական եւ քաղաքական խնդիրներ: Բայց առկա են հանգամանքներ, որոնք լուրջ մտահոգության առիթ են տալիս հեռուն գնացող հետեւանքներով, իսկ այդ առթիվ երբեմն մամուլում հնչող ահազանգերը, այդ թվում նաեւ նամակիս հեղինակի (տես «Եթեր», N 11 եւ 25, 2009, «Ազգ», 19.11.08)՝ չնչին բացառությամբ մնում են անհետեւանք: Այդ շարքի հարցերից գոնե երկուսը ձեր ուշադրությանն եմ ներկայացնում համապատասխան լուծման ակնկալիքով: Ցավոք, ես ծանոթ չեմ «Գովազդի մասին» օրենքի դրույթներին, բայցեւայնպես, անհնար է հավատալ, որ կարելի է գովազդել մի բան, որը բացահայտ վարկաբեկում է ամբողջ բնակչության համար կենսատու խմելու ջուրը, որակելով, փաստորեն, այն ոչ պիտանի օգտագործելու համար, առաջարկելով էկոլոգիապես մաքուր ջուր՝ բնակարաններում եւ այլուր մատակարարվող ջրի փոխարեն եւ նույնիսկ այդ ջուրը զտելու սարք, իհարկե, միայն ունեւոր դասին մատչելի գներով: Եթե իսկապես մինչ վերջերս փառաբանված երեւանյան խմելու ջուրը կորցրել է իր երբեմնի բարձր որակը կամ դա չի համապատասխանում իրականությանը, ապա համապատասխան կառույցները («Ջրմուղ», առողջապահության նախարարություն) պետք է զգուշացնեն բնակչությանը՝ ձեռք առնելով միջոցառումներ անապահով խավին օգնելու, քանի որ նա ի զորու չէ օգտվել էլիտային առաջարկվող բարիքներից: Իսկ այդ կառույցները չեն շտապում ոչ հերքել, ոչ էլ հաստատել գովազդներից բխող եզրահանգումները:
Ինչ-որ չափով անբարոյական է եւ մեր ազգային արժանապատվությունը վիրավորում է նաեւ մայրենի լեզվի նկատմամբ բիզնեսի վերաբերմունքը: Շրջում ես ահա Երեւանի փողոցներով՝ 15-18 տարի (ենթադրենք) բացակայությունից հետո: Դրանք անճանաչելի են դարձել. ամենուրեք նախկին անշուք եւ դատարկ խանութների փոխարեն՝ շքեղ կահավորված եւ աշխարհի ուզած ապրանքատեսակներով լիցքավորված (ինչը իսկապես հոյակապ է) խանութներ են, բայց անպայման իրենց օտարալեզու անվանումներով… Այդ «սուպեր»ների տերերին թվում է, թե բոլորս պետք է հպարտ լինենք դրանց անհեթեթ, «չտեսին» վայել օտարամոլ անվանումներով: Սուր ամոթի զգացում է ապրում նաեւ սփյուռքահայ հյուրը, իսկ օտարը՝ հիասթափություն, երբ հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող մի երկրի մայրաքաղաքում ուրույն ազգայինը տեսնելու փոխարեն (բացի, թերեւս, Մատենադարանից) հանդիպում է ցուցամոլության հասնող տհաճ ճիգերի, երեւալու արտաքուստ «եվրոպամետ», ժամանակակից, օտարին սիրաշահող, բայց՝ սեփական ազգայինը արհամարհող երեւույթների: Ո՞ւր է կորել մեր գործարարների ազգային արժանապատվության զգացումը, իրենց լեզվով՝ թասիբը, ինչը, համոզված ենք, անսահման է իրենց անձնական հարցերում: Մի՞թե «Լեզվի մասին» օրենքը չի ապահովում մեր ամենամեծ ազգային արժեքներից մեկի պաշտպանությունը՝ այդ կարգի հարցերում: Եթե օրենքում նախատեսված է՝ ինչ որ պետք է, ապա ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում օրենքի կատարումը «չհսկող» կառույցները… Հարգենք ինքներս մեզ՝ եւ հարգված կլինենք օտարի կողմից: Սա հայապահպանության կարեւոր ռազմավարական խնդիրներից մեկն է: Հուսով եմ, որ Հանրային խորհուրդը, որում գործում է մեր ազգի արժանի սերուցքը, կգտնի եւ կառաջարկի այս բավական կնճռոտ հարցերի լուծման ուղիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել