Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական հարցումներ եւ խղճուկ պատասխաններ

Դեկտեմբեր 04,2009 00:00

ՀՀ կառավարության կողմից հաստատված ցուցակում ընդգրկված է 24250 հուշարձան, որոնք պահպանվում են իրավական առումով տարբեր սուբյեկտների կողմից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց- թանգարանի եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Սերժիկ Առաքելյանը: Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանը գտնում է, որ նշված գրեթե բոլոր հուշարձանները, չնայած կանգուն լինելուն, ունեն միջամտության կարիք. դրանց կեսից ավելիին անհրաժեշտ է հրատապ միջամտություն, հուշարձանների մի որոշ մասն էլ փրկության խնդիր ունի: «Հուշարձանների ոչնչացումը 1-2 օրում չի կատարվում, եթե մենք այսօր այդ հուշարձանների պահպանման համար չմիջամտենք, վաղը, մյուս օրը քառակի ավելի միջոցներ են պետք լինելու, արդյունքում կորցնելու ենք դրանցում եղած արժեքավոր ինֆորմացիան»,- կարծում է Դ. Առուշանյանը: Ս. Առաքելյանը, անդրադառնալով վերջերս Վրաստանում փլուզված Սբ. Գեւորգ եկեղեցու խնդրին, ասաց. «Հայ եւ վրացի մասնագետները  սկսում են հայկական հուշարձանների ուսումնասիրմանը, վերականգնմանը նվիրված համատեղ ծրագիր: Վրաստանի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունները միանշանակ շահագրգռված են խնդրի լուծմամբ»:
Լրագրողների մտահոգությանը, թե Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հուշարձանների վերականգնման համար տրամադրված 190 մլն դրամից 120 միլիոնը փոշիացվել է, մեծ գումարներ են գրպանվել, քրեական գործեր հարուցվել, մշակութային հուշարձանների վերականգնման «մասով»  կոպիտ սխալներ են արձանագրվել, Դ. Առուշանյանը նախ արձագանքեց՝ լրագրողներիս փորձելով յուրովի ստուգաբանել փոշիացում բառի բացատրությունը. «Փոշիացնել նշանակում է ամեն հուշարձանի վրա դնել, ենթադրենք, 500 դրամ ու արդյունքը չստանալ: Այդ բառը մոռացե՛ք, մեզ մոտ այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում է յուրացումներին, այստեղ էլ պիտի հաշվի առնենք անմեղության կանխավարկածը»:
Լրագրողներին շատ հարցեր էին հետաքրքրում, որոնցից մի քանիսը հնչեցին՝ Թբիլիսիում գտնվող Սբ. Նշան եկեղեցու վթարային վիճակի, Մուղնեցոց Սբ. Գեւորգի, Հնեվանքի, Վահանավանքի  հետ կապված: Հարցերը հնչեցին, բայց ակնկալվող պատասխաններ պատկան մարմիններից այդպես էլ չեղան: Ասուլիսը վերածվեց բանավեճի, լրագրողներն էլ դժգոհությամբ լքեցին սենյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել