Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԼՔԵՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ

Դեկտեմբեր 04,2009 00:00

\"\"Հայաստանի պետական կամերային նվագախմբից առանձնանալուց հետո՝ կամերային երգչախմբի դիրիժորի
ինքնադրսեւորվելու հնարավորությունները մեծացել են

«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 5-ին կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հերթական  համերգին «Առավոտի» անդրադարձը երկու պատճառ ունի. երաժիշտների շրջանում խոսակցություններ են պտտվում, թե ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Ամանորի շեմին չափից ավելի «բարիացել» է եւ իր ղեկավարած նվագախմբի դեկտեմբերյան բոլոր համերգները վստահում է հայաստանցի կոլեգաներին, խոսակցությունների առիթ է դարձել նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի կողմից Ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելու փաստը:
ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանը մեզ հայտնեց, որ որեւէ արտառոց բան չկա.  «Այն, որ Ֆիլհարմոնիկի համերգները ղեկավարում են նաեւ արտերկրից հրավիրված ճանաչված դիրիժորներ, այդ թվում՝ սփյուռքահայեր, նորություն չէ եւ դրանում արտառոց ոչինչ չպետք է փնտրել: Ողջ դեկտեմբեր ամիսը մեր նվագախումբը կղեկավարեն տեղացի դիրիժորները. դեկտեմբերի 11-ին՝ Ռուբեն Ասատրյանը, 18-ին՝ Պետական մենակատարների անսամբլի ղեկավար Զավեն Վարդանյանը, 23-ին՝ Հայաստանի պետական կապելլայի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Մլքեյանին, տեղեկացնենք, որ նա  1992-2000թթ. ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը: 2000 թվականից էլ հանդիսացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, ելույթներ է ունեցել  Գերմանիայում, Ռուսաստանում եւ այլուր, մասնակցել է նաեւ միջազգային հեղինակավոր փառատոների:
Ժամանակին «Առավոտը» անդրադարձել է Բերգամոյի օպերային թատրոնում, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճում», Եվրախորհրդի  համերգային եւ այլ սրահներում Մլքեյանի ղեկավարած համերգներին:
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ միայն 2008-ին, երբ իր ղեկավարած երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ՝ առանձնանալով Կամերային նվագախմբից, դիրիժորը որոշում կայացրեց կանգնել նաեւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ, չէ՞ որ տարիներ շարունակ նա ունեցել է նվագախումբ ղեկավարելու հնարավորություն՝ հանձին Կամերայինի, Ռ. Մլքեյանը պատասխանեց  մի քանի բառով. «Նվագախումբը ղեկավարելու հրավերը ստացել եմ Էդուարդ Թոփչյանից»: Մեր հաջորդ հարցին էլ՝ հնարավո՞ր է առաջիկայում  դիրիժորին հանդիպենք Ազգային օպերային թատրոնում, մանավանդ՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան ավարտելիս, բացի երգչախմբի դիրիժորի որակավորումից, ինքը ստացել է նաեւ օպերային-սիմֆոնիկ դիրիժորի մասնագիտացում, պարոն Մլքեյանը պատասխանեց կատակով. «Սիրով կղեկավարեի օպերային ներկայացում, եթե միայն երգչախմբիս արտիստները համաձայնեին երկարաժամկետ անգործությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել