Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդը մեկ անգամ եւս արձագանքում է իրեն վերագրվող մեղադրանքներին
Օրերս «Առավոտի» հետ զրույցում Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ Շիրակում հոգեւորական կադրերի պակաս կա, մասնավորապես՝ մարզի 116 գյուղերին սպասարկում է ընդամենը ութ քահանա, որը բավարար քանակ չէ, իսկ երեք քաղաքներին՝ Գյումրիին, Մարալիկին ու Արթիկին, 11: Հետաքրքրվեցինք՝ եթե այդպես է՝ ինչո՞ւ չի վերաբացվում Գյումրիի հոգեւոր ճեմարանը: Տեղեկացնենք, որ այս դպրոցը Գյումրիում գործեց հետերկրաշարժյան տարիներին՝ 1991-2003-ին, եւ քանի որ սարսափելի պայմաններում էր՝ օր օրի փտող տնակների մեջ, ստիպված եղան այն տեղափոխել Սեւան, որտեղ այդ նույն ժամանակահատվածում ստեղծվել էին շենքային հարմարավետ պայմաններ:
«Անշուշտ, վերաբացվելու հնարավորություն կա եւ վերաբացվելու է Հառիճավանքում, բայց ես չգիտեմ, թե ինչո՞ւ են վերաբացման խնդիրը կապում ինձ հետ. ճեմարանը թեմական կառույց չէ, թեմը չի սպասարկել, թեմի համար հոգեւորականներ չի պատրաստել, նա հոգեւորականներ է պատրաստել ընդհանուր հայ եկեղեցու համար, հետեւաբար հարցը դիտել թեմական տարածքի մեջ՝ ճիշտ չէ: Ոմանք փորձում են մեղադրել, թե դպրանոցը կար, գոյություն ուներ, Միքայել սրբազանի օրոք փակվեց ու այլեւս չի բացվում»,- զայրացավ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ ամենայն հավանականությամբ ակնարկելով Գյումրիի քաղաքապետին ու նրա թիմակիցներին, որոնք քաղաքապետ-սրբազան կոնֆլիկտի ժամանակ առիթը բաց չէին թողնում տեղական հեռուստաալիքներով եթերաժամ վերցնելու ու «հակառակորդի» գործունեության «թերի» կողմերը քննադատելու:
«Այդ դպրանոցը ամենից շատ շիրակցի ուսանողներ ունեցավ Միքայել սրբազանի օրոք, եւ ամենից շատ շիրակցի ուսանողներ ձեռնադրվեցին հոգեւորականներ՝ հենց Միքայել սրբազանի օրոք: Ճեմարանը չի փակվել, տեղափոխվել է Սեւան, կվերաբացվի Հառիճավանքում, բայց այլեւս դրանք թեմական դպրանոցներ ու թեմական կառույցներ չեն, եւ գտնվում են Ամենայն հայոց կաթողիկոսի ուղղակի իշխանության ներքո, եւ Ամենայն հայոց Վեհափառ հայրապետն է որոշելու՝ այսինչ ուսանողը այստե՞ղ է սովորելու, թե՞ այլ տեղ, ավարտելուց հետո այստե՞ղ է ծառայելու, թե՞ մեկ այլ տեղ: Այսինքն՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո չէ այդ հարցը, եւ դպրանոցը կբացվի, թե չի բացվի՝ սա թեմի գործունեության հետ ուղղակիորեն կապ չունի:
Դպրանոցը զուտ թեմական չի լինելու, որը կպատրաստի կադրեր թեմի համար, այլ լինելու է ընդհանուր կառույցի մեջ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի մասնաճյուղն է լինելու այստեղ: Այստեղից հետո կրթությունը շարունակելու են Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, ավարտելուց հետո Վեհափառը ուր նշանակեց՝ այնտեղ էլ կծառայեն: Որքան որ ես գիտեմ, Վեհափառի տրամադրությունն այն է, որ շիրակցիները Հառիճավանքում չսովորեն, այլ սովորեն, ասենք, Սեւանում, սեւանցիները Սեւանում չսովորեն, այլ սովորեն Էջմիածնում, էջմիածինցիները Էջմիածնում չսովորեն, այլ սովորեն Շիրակում, որպեսզի ավելի մեկուսանան ու տուն փախչելու հնարավորությունը քիչ լինի, որպեսզի կարողանան զբաղվել իրենց ուսումով: Այնպես որ, եթե Հառիճավանքում բացվեց ճեմարանը, եւ տա Աստված, որ այս տարի բացվի, որովհետեւ լսարանը, որը պետք է այստեղ սովորի, արդեն բացվել է եւ գտնվում է դեռ Սեւանում, մեծամասնությունը լինելու են ոչ շիրակցի ուսանողներ, հետեւաբար դպրանոցի խնդիրը Շիրակի հետ ընդհանրապես կապ չունի»,- մեկ անգամ եւս իր հասցեին «ավելորդ» խոսակցություններ տարածողների համար մանրամասնեց հոգեւոր առաջնորդը: