Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼԻՆԵԼ

Դեկտեմբեր 04,2009 00:00

«Հանրակրթության մասին» օրենքը տնօրեններին ինքնուրույնության մեծ
հնարավորություններ է տալիս, սակայն քչերն են օգտվում դրանից:

Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ ավագ դպրոցները պիտի մարզպետարանների եւ քաղաքապետարանների տնօրինությունից անցնեն կրթության եւ գիտության նախարարության տնօրինությանը: Արդեն երեք ամիս է, որ օրենքն ուժի մեջ է մտել, սակայն այդ փոխանցումն այդպես էլ չի կայանում, քանի որ մարզպետները համառորեն դիմադրում են: Այս մասին մեր տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նա հաստատեց մեր ունեցած տեղեկությունները. «Տարածքային կառավարման որոշ մարմինների, որոշ մարզպետների կողմից մենք ունենք որոշ անհամաձայնություն այն մասին, թե ում ենթակայության տակ պետք է լինեն ավագ դպրոցները, բայց «Հանրակրթության մասին» օրենքը հստակ այդ հարցի լուծումը տվել է՝ ավագ դպրոցները պետք է լինեն ԿԳՆ ենթակայության տակ: Մենք կառավարությանն արդեն ներկայացրել ենք նախագիծ, ըստ որի՝ կառավարության որոշմամբ կամրագրվի, որ պետական լիազոր մարմինն ավագ դպրոցներում ԿԳՆ-ն է, որից հետո պետք է փոխվեն դպրոցների կանոնադրությունները: Բայց քաղաքական որոշումը կայացված է օրենքի մակարդակով, եւ եթե անգամ առկա են մարզպետների առարկությունները, ինչպես ես, այնպես էլ՝ իրենք, օրինապահ քաղաքացի լինելով, պարտավոր ենք պահպանել օրենքի դրույթները»:
Ընդհանրապես, մեր մարզպետները (եւ մարզպետարանների կրթության վարչությունները) ոչ բարեհաճությամբ են ընդունել «Հանրակրթության մասին» օրենքը: Այս մասին «Առավոտը» առիթ ունեցել է գրելու: Դպրոցների կառավարման խորհուրդների չկայացածության մեջ էլ է ԱԺ պատգամավոր, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը մեղադրում մարզպետարաններին. «Մարզպետներն ամեն ինչ արեցին, որ այդ խորհուրդներում խցկեն իրենց մարդկանց եւ հետապնդեցին միայն մի նպատակ՝ վերահսկել տնօրենների ընտրությունները: Կրթության կառավարման ժողովրդավարությունն ապահովելու նպատակով ներդրված խորհուրդներով կառավարման գաղափարը պետք է կյանքի կոչվի, գուցե դրան նպաստեին խորհուրդներին «Հանրակրթության մասին» օրենքով (ինչպես պահանջվում էր 1999թ. վարկային 1-ին ծրագիրը) տրված շատ լուրջ լիազորությունները: Եվ ընդհանրապես՝ «Հանրակրթության մասին» այսօրվա օրենքը ոչ այլ ինչ է, քան նախորդ վարկային ծրագրերով կրթության ոլորտի բարեփոխումների նպատակով վերցրած վարկային գումարներով ստանձնած պարտավորությունների օրենքով ամրագրում»: Այն, որ ավագ դպրոցները պիտի լինեն ԿԳՆ ենթակայության տակ, ըստ Ա. Բախշյանի՝ կասկածի ենթակա չէ. կրթության քաղաքականության պատասխանատուն ԿԳՆ-ն է, սակայն այսօր ինքը ոչ մի դպրոցի խորհրդում ներկայացված չէ: «Հանրակրթության մասին» օրենքն այդ հարցն էլ է կարգավորում, բայց դրա համար նույնպես պետք է սպասել՝ մինչեւ կընդունվի համապատասխան կարգը, որով նախատեսվելու է, որ դպրոցներում ԿԳՆ-ն կունենա իր ներկայացուցիչը, իսկ ավագ դպրոցներում՝ գուցե նույնիսկ 2-ը. «Մեր օրենքը նախագահը վավերացրել է օգոստոսի 15-ին, բայց արդեն հուլիսի 23-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով Երեւանի դպրոցների խորհուրդների կազմը դարձել է 8 հոգանոց՝ նախկին 7-ի փոխարեն: Առանց կարգը սահմանվելու՝ Երեւանի համար որոշում է կայացվել: Մինչեւ կարգի հաստատումը դպրոցների խորհուրդների կազմը 7 հոգանոց էր՝ 2 ծնող, 2 ուսուցիչ, 2 համայնքի ներկայացուցիչ, 1-ը՝ մարզի ներկայացուցիչ: Իսկ քանի որ Երեւանը հիմա ոչ միայն մարզի կարգավիճակ ունի, այլեւ՝ համայնքի, որպեսզի ԿԳՆ-ն էլ մի հոգի ունենա այդ կազմում, կառավարության որոշմամբ դարձրին 8 հոգի: Թեեւ երբ մենք հանձնաժողովում քննարկում էինք այդ կազմը, ենթադրվում էր, որ կլինի կրկին 7-ը, բայց այլ դասավորությամբ՝ 2 ծնող, 2 ուսուցիչ, 1-ը՝ համայնքից, 1-ը՝ մարզից եւ 1-ը՝ ԿԳՆ-ից: Բայց քաղաքապետը որոշեց, որ պետք է որքան հնարավոր է շատ տեղ պոկել եւ անպայման ունենալ 3 ներկայացուցիչ, ու շատ հապշտապ, դեռ օրենքը նախագահի կողմից չվավերացրած ու կարգը չընդունված՝ նա հաջողացրեց կառավարությունում այդ որոշումը ընդունել տալ»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ավելի հանգիստ է վերաբերվում կառավարության 2009թ. հուլիսի 23-ի այդ որոշմանը՝ «Չեմ կարծում, թե շտապել են: Այդ ժամանակ որոշումն ընդունվել է՝ ելնելով այն հանգամանքից, որ Երեւան մարզ եւ Երեւան համայնք երկու կետերի միջեւ տրանզիտը պետք է կրթական ոլորտում սահուն ապահովվեր, դա այդ ժամանակի համար լավագույն լուծումն էր: Երբ որ օրենքի համապատասխան կարգերն ընդունվեն, ընդհանուր մոտեցումներ լինեն, ես չեմ բացառում, որ այդտեղ էլ լինեն լուծումներ»:
Ընդհանրապես, դպրոցների կառավարման խորհուրդների մասով դեռ շատ անելիք ունենք, դրանք այս տասը տարիների ընթացքում, ըստ էության, չեն կայացել: Սա նույնպես քաղաքական կամքի բացակայության մասին է խոսում: «Այն բարեփոխումը, որով 1999-ից պիտի դպրոցին տրվեր ստեղծագործելու, նախաձեռնելու, ազատ գործելու իրավունք, ցավոք, չկայացավ: Ես, երբ տնօրեն էի՝ այդպես էի աշխատում: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ իմ ինքնուրույնությունը եւ դպրոցի խորհրդի հետ համատեղ աշխատելը բերել է նրան, որ մենք որոշումներ ենք կայացրել, որոնք հակառակ են եղել նախարարի հրամանին, ասենք՝ արձակուրդների մասով, քրիստոնեական կրթության մասով, ներառական կրթության մասով: Երբ 99-ի սեպտեմբերի 1-ին քրիստոնեական կրթությունը մտցրի, օգտվելով ուսումնական պլանի մեջ այն դրույթից, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» առաջարկվում էր որպես ընտրովի առարկա, ԿԳՆ-ից եկան, թե՝ պիտի հանես դասացուցակից, ես ուղղակի դուրս հրավիրեցի այդ մարդկանց: Ահա այդպիսի ինքնուրույնություն է տալիս այս օրենքը, բայց բոլոր տնօրենները չէ, որ օգտվում են իրենց տրված իրավունքներից»,-նկատեց Անահիտ Բախշյանը, ով մինչեւ պատգամավոր դառնալը Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել