Ներկայումս Վանաձորի «Արգիշտի» ընկերությունը ասֆալտապատում է Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից մինչեւ Այգեձոր գյուղի ծայրամաս հասնող 4,7 կմ ճանապարհը: Ճանապարհի շարունակությունը, մինչեւ Այգեձորի տարածք, նախորդ տարի էր ասֆալտապատվել: Ինչպես հայտնեց աշխղեկ Իշխան Սեփխանյանը, այս ճանապարհի ասֆալտապատումը պետք է իրականացվեր ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով, բայց դրա ճանապարհաշինության բաղադրիչի սառեցումից հետո այդ ծրագիրը պետբյուջեից է ֆինանսավորվում: Ասֆալտապատումը սկսվել է նոյեմբերի 13-ից եւ կավարտվի դեկտեմբերի 10-ին: Արդյոք ասֆալտապատման համար ջերմաստիճանը ցածր չէ՞: Աշխղեկ Ի. Սեփխանյանն ասաց, որ ներկայումս 13-14 աստիճան տաքություն կա, որը բավարար է: Հիմա միայն ասֆալտի մի շերտ են փռում, գարնանը կավելացնեն երկրորդը: Այստեղ աշխատում է 45 մարդ, այդ թվում՝ Բերդի տարածաշրջանի բնակիչներ: Բանվորները վատ չեն վարձատրվում. օրական 4 հազար դրամ եւ ընկերության հաշվին՝ 3 անգամ սնունդ: «Արգիշտի» ընկերության տնօրինությանը եւ բանվորներին մնում է միայն աղոթել, որ մինչեւ դեկտեմբերի 10-ը եղանակը չցրտի: