Երբեմնի արդյունաբերական եւ գյուղատնտեսական բնակավայրը վերադառնում է դեպի նախնադար
Այն ամենը՝ ինչ մնացել է գինու գործարանից:
19-րդ դարի վերջին Արթին լեռան ստորոտում՝ Երեւան-Ալեքսանդրապոլ երկաթգծի հարեւանությամբ, հայտնվում են առաջին երկաթուղայինների տնակները: 20-րդ դարի երեսնական թվականներին սկսում են մշտական բնակություն հաստատել տարբեր բնակավայրերից այստեղ եկած ընտանիքներ: Այնուհետեւ՝ կոլտնտեսություն եւ տոհմային ոչխարաբուծության, այգեգործության, դաշտավարության զարգացում: Բնակավայրը կոչվեց Արագածավան եւ կարճ ժամանակում հայտնի դարձավ ԽՍՀՄ-ում: Եղան սոցիալիստական աշխատանքի հերոսներ: Զարգացավ, հզորացավ նաեւ արդյունաբերությունը: 1976 թվականին գյուղն ուներ 4200 բնակիչ: Կառուցվեցին 32 եռահարկ եւ հինգ հարկանի բազմաբնակարան շենքեր: Այդ ժամանակ էլ գյուղն ստացավ քաղաքատիպ ավանի կարգավիճակ: Երկու դպրոց, երեք մանկապարտեզ, բուժկետ, երաժշտական դպրոց, մշակույթի տուն կառուցվեցին մի քանի տարում:
Արդյունաբերական ձեռնարկություններում աշխատում էր 1000-ից ավելի մարդ: Հաջողություններով առանձնանում էր պեռլիտի գործարանը: Երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանում արտադրվում էին շինարարական բազմապիսի կոնստրուկցիաներ: Ավանի հարեւանությամբ կառուցվեց եւ գործում էր ոսկրալյուրի գործարանը: Գյուղատնտեսությունը վերելք ապրեց՝ հատկապես Թալինի ջրանցքի շահագործումից հետո: Տարեկան արտադրվում էր 10 հազար տոննայից ավելի խաղող: Իրացման խնդիր չկար, մանավանդ որ՝ գինու կոմբինատը համայնքում էր: 1988 թվականից հետո համայնքը հայտնվեց աղետալի վիճակում եւ առայսօր ոչ մի բնագավառում առաջընթաց չկա կամ կա շատ փոքր տեղաշարժ, որ դժվար է աճ անվանելը:
Արագածավանը Թալին քաղաքին կապող 30 կմ ասֆալտը միայն անունով է ասֆալտ: Երբեմնի սայլուղիներն ավելի բարվոք վիճակում են, քան այս ճանապարհը: Նույնքան անմխիթար վիճակում է Երեւան-Գյումրի մայրուղու Քարակերտ-Գետափ հատվածը, որի արանքում է գտնվում Արագածավանը: Այժմ 7200 բնակիչ ունեցող ավանը չունի խմելու ջուր: Բնակիչներն այն գնում են: Թալին քաղաքից ամեն օր ջրատար մեքենաներով ու նշված քարուքանդ ճանապարհներով ջուր են բերում վաճառելու: Ճիշտ է, խոստում ու հույս կա, որ նախկին ջրագիծը պիտի վերանորոգվի, սակայն ժամկետներն այնքան անորոշ են, որ, ինչպես ասում են բնակիչները, ցամաք առուն մինչեւ ջուր գա… ջրատար մեքենաներն էլ, մարդիկ էլ շարքից դուրս կգան: Նախկին արդյունաբերական հսկաներից պեռլիտի գործարանը հազվադեպ է աշխատում: Քիչ թե շատ աշխատում է երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը: Չի աշխատում ոսկրալյուրի գործարանը: Նախկին գինու կոմբինատից մնացել է միայն դատարկ տարածություն:
Այս տարի բերքի մթերման խնդիրներ չեն առաջացել, քանզի կարկուտը մեկ հարվածով եւ միանգամից լուծել էր հարցը: Գյուղում իմացանք, որ մարզպետարանում մտածում են այդ մասին ու շատ են ուզում տեղադրել 10 հակակարկտային կայան:
Համայնքապետարանն իր միջոցներով կարողացել է մասնակի վերանորոգումներ կատարել երաժշտական դպրոցում, մանկապարտեզում, մշակույթի տանը, բուժկետում: Երեք մանկապարտեզից գործում է մեկը, հաճախում է 25-30 երեխա: Համայնքի երկու դպրոցական շենքերը կառուցվել են շուրջ 30 տարի առաջ: Չեն վերանորոգվել առայսօր: Ավանը գազիֆիկացվում է: 20 կիլոմետր մայրուղուց կառուցվել է 17-ը:
Այս ամենով հանդերձ, մարդիկ այստեղ լավատես են ու մտածում են՝ գուցե Թուրքիայի հետ սահմանի բացումը նպաստի, որպեսզի համայնքն ուշադրության արժանանա: Արագածավանը հայտնվել է իր ստեղծման ժամանակների կարգավիճակում, խնդիրները, լուծվելու փոխարեն, օր օրի ավելանում են: Միայն համայնքապետարանով, ինչքան էլ ցանկությունը մեծ լինի, ավանը չի կարող գտնել իր երբեմնի դեմքը: Ասում են՝ մարզպետարանում եւ ավելի վերեւներում ծանոթ են Արագածավանի խնդիրներին: Իսկ դրանք կարող էին եւ չլինել, լավագույն դեպքում՝ չկուտակվել, եթե սրտացավություն լիներ ոչ միայն համապետական ընտրությունների շեմին, այլեւ՝ միշտ: