Նորից հանրապետականն ընդդեմ հանրապետականի, եղբայրը հանուն եղբոր եւ առանց բուկլետների
«Առավոտի» այս տարվա նոյեմբերի 5-ի, 24-ի, 25-ի համարներում անդրադարձել ենք Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գյուղապետի ընտրությանը եւ տեղեկացրել, որ հինգ թեկնածուներից երկուսը հանրապետական են: Տեղեկացրել ենք նաեւ, որ Աչաջրի գյուղապետի նոյեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել եւ դեկտեմբերի 13-ին նոր ընտրություն է լինելու: Իսկ դեկտեմբերի 6-ին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղն է գյուղապետ ընտրելու: Արտահերթ ընտրությունների պատճառը նախկին գյուղապետի վաղաժամ մահն էր: Հիսնամյա Սեյրան Անանյանը պաշտոնավարել է 1994-2009թ. սեպտեմբեր, մահացել է սրտամկանի ինֆարկտից:
3925 բնակիչ եւ 2730 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի աթոռի համար պայքարում է 4 թեկնածու՝ 1965թ. ծնված հանրապետական Սամվել Սուրենի Անանյանը, նրանից երեք տարով մեծ, հանրապետական Գառնիկ Հովիկի Մալաքյանը, 1694 թվականին ծնված, ՕԵԿ-ական Գուրգեն Հրաչիկի Պողոսյանը եւ ամենաերիտասարդ թեկնածուն՝ 1976 թվականին ծնված, անկուսակցական Սարո Ալֆրեդի Դերձյանը:
Մարգահովիտում մեկից ավելի թեկնածուով ընտրություն չի եղել 1999 թվականից մինչ օրս: Միայն այդ տարի գյուղապետի յոթ թեկնածու է գրանցվել, հաղթել է Սեյրան Անանյանը ու դրանից հետո ոչ ոք թեկնածությունը չի առաջադրել:
Սամվել Անանյանը ոչ միայն 2007-2009թթ. Մարգահովիտի վաղամեռիկ գյուղապետ Սեյրան Անանյանի տեղակալն է եղել, այլ նաեւ հարազատ եղբայրն է եւ հայտարարում է, որ առաջադրվել է եղբոր չիրականացրած ծրագրերն իրագործելու համար: Սամվել Անանյանի համար երկրորդ հանրապետական անդամի առաջադրումը խնդիր չէ. «Գառնիկ Մալաքյանը վերջերս է դիմել, որ ընդգրկվի կուսակցության շարքերը, ես 14 տարի հանրապետական եմ»: Գառնիկ Մալաքյանը չժխտեց, որ վերջերս է համալրել ՀՀԿ շարքերը. «Հետաքրքիր էր՝ Հանրապետականը կընդուներ ինձ որպես կուսակցության թեկնածու»:
ՕԵԿ-ական Գուրգեն Պողոսյանի կարծիքով էլ, գյուղական համայնքներում այդքան էլ կարեւոր չէ, թե որ կուսակցության անդամ ես. «Ես օպոզիցիա չեմ, առաջադրվել եմ մեր համայնքը զարգացնելու համար, ո՞նց կարա գյուղի մարդը օպոզիցիա լինի»: Գրեթե նույն միտքն է արտահայտում անկուսակցական Սարո Դերձյանը. «Գյուղում դեր չի խաղում կուսակցական աշխարհը, կարեւորը ժողովրդականություն վայելելն է»:
Թեկնածուների նախընտրական ծրագրերում ընդհանրություններ կան. բոլորն էլ առաջնային են համարում գյուղամիջյան եւ հանդամիջյան ճանապարհների վերանորոգումը: Սակայն դա հնարավոր կլինի միայն ջրահեռացման համակարգ ունենալուց հետո: Այժմ գյուղի ջրահեռացումը կատարվում է ճամփեզրին փորված խոր ակոսներով, որն էլ այլ խնդիր է առաջ բերում. ակոսներում մնացած ջուրը ձմռանը սառչելով՝ իսկական սահադաշտ է դառնում, իսկ ամռանը, որոշ բնակիչների անփութության պատճառով, գյուղի ներքեւի հատվածում գարշահոտություն է տիրում:
Ըստ թեկնածուների, համայնքում խորն են սոցիալական եւ առողջապահական խնդիրները: Կարեւոր է նաեւ գյուղի մշակույթի տան վերանորոգումը, որը հնարավոր չէ իրականացնել համայնքի բյուջեով: Ըստ նախագծի, շենքի վերանորոգման համար անհրաժեշտ է 300 միլիոն դրամ, իսկ համայնքի բյուջեն ընդամենը 59 միլիոն է: Թեկնածուները խոսում են իրենց ծրագրերից, սակայն նրանցից ոչ մեկը տպագրված քարոզչաթերթիկ չունի: Դա չի էլ զարմացնում Մարգահովիտի բնակչությանը, որովհետեւ բոլորն իրար ճանաչում են: