Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 04,2009 00:00

14. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Հայացքս ուղղել էի դեպի Արինբերդին հարեւան ամայի գործարանը, երբ նկատեցի, որ երեք հոգի թագավորական քարացած կառքն էին տնտղում: Նրանցից մեկը ծանոթ թվաց: Մոտեցա: Իմ վաղեմի բարեկամ Ժիրայր Քոչարյանն էր, որը արդեն երեսուն տարի է, ինչ հաստատվել է Բեռլինում եւ դասավանդում է Բեռլինի պետական ազատ համալսարանում: Նա հայտնի հայագետ Թեսա Հոֆմանի հետ կարեւոր ու ծավալուն գործ է կատարում Հայ Դատի գործում: Ժիրայր Քոչարյանը հայրական արմատներով արցախյան Չարդախլուից է: Հայրը՝ Արամ Քոչարյանը, գերի ընկնելով գերմանացիների մոտ, Երկրորդ համաշխարհայինից հետո հայրենիք չի վերադարձել, այդպես խուսափելով ստալինյան ռեժիմի դատ ու դատաստանից, Սիբիր աքսորվելուց, հայտնվում է Իրանի Սպահանում՝ Նոր Ջուղայում, նոր ընտանիք կազմում:
– Տարօրինակ է,-  ասաց Ժիրայրը,-  ես իմ ընկերներին պատմում եմ Ուրարտուի մասին ու զուգահեռ մտածում եմ, թե ինչպես գտնեմ քեզ: –  Ապա Ժիրայրը ներկայացրեց իր ընկերներին,-  Զիգֆրիդ Նեթլիշը շվեդ է, աշխատում է Ստոկհոլմի քաղաքապետարանում, իսկ Վոլֆգանգ Լիաթցերը աշխարհագետ է, նախկինում բեռլինյան մեր համալսարանում էր աշխատում, հիմա անտիկվար խանութ ունի Բեռլինում:
– Ես վերջերս եմ եղել Թուրքիայում,-  ասաց Վոլֆգանգը,-  Կարս քաղաքում հայկական եկեղեցի տեսա, կարծեմ Առաքելոց է կոչվում, թուրք էքսկուրսավարին հարցրի՝ «Հայկակա՞ն է այս եկեղեցին», թուրքը երեսը շրջեց ու պատասխանեց. «Այստեղ ոչ հայ է ապրել, ոչ էլ երբեւէ կապրի… ռուսներ են ապրել, մենք 1915- ին քշել ենք նրանց»:
– Տասը տարի է, ինչ Էրեբունիում չեմ եղել,-  ասաց Ժիրայրը,-  վատ հիշողություններ ունեմ բերդից, հիմա հույս ունեմ, որ նույնը թողած չեն լինի: Թանգարանը փակ էր, ներսը չեմ տեսել:
– Ժիրայր, հեռուստատեսությամբ տեսա «Ուրբաթ» ակումբում լրագրողներին քո տված ասուլիսը՝ Բեռլինի պետական ազատ համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ամբիոնի հայագիտական բաժնի տխուր ճակատագրի մասին: Մենք երկու տարի առաջ զրուցել էինք այդ մասին ու տպագրել «Ազգ» օրաթերթում:
– Ինչպես երեւում է, մամուլի հրապարակումները Հայաստանում ուժ չունեն:
     – Հասարակական կարծիքի ձեւավորման տեսանկյունից որոշ ազդեցություն, այնուամենայնիվ, նկատվում է,-  ասացի ես,-  խորհրդային տարիներին իմ հեռուստահաղորդումները հսկայական ուժ էին ներկայացնում ու քննարկվում էին կուսակցության եւ կառավարության վերին օղակներում, որոշումներ կայացվում: Հա, շնորհավորում եմ, քանի որ Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրով հայտնեցին, որ խնդիրը լուծվել է, Հայաստանի Հանրապետության պետբյուջեից համապատասխան գումար է հատկացվել բեռլինյան համալսարանի հայագիտական բաժինը պահպանելու համար:
– Չէ, չէ, նման թյուրիմացության հիմքը Սփյուռքի նախարարության պաշտոնական հայտարարությունն էր, որը չի համապատասխանում իրականությանը: Բեռլինի համալսարանն առաջարկում է հիմնել լեկտորատ, որի ծախսը համեմատաբար քիչ է եւ կազմում է տարեկան 48 հազար եվրո, որի կեսը իրենց վրա են վերցնում, մյուս կեսը թողնում են հայկական կողմին: Երկու տարի է, ինչ այս հարցով դիմում եմ ՀՀ- ի պատասխանատուներին, առայժմ որեւէ պաշտոնական պատասխան չեմ ստացել: Հետաքրքրվել եմ. 2010 թ. պետբյուջեում այս խնդրում ոչ մի հատկացում գոյություն չունի: Իսկ Սփյուռքի նախարարության հայտարարած 7 միլիոն 769 հազար դրամը ամենեւին էլ անհրաժեշտ 24  հազար եվրո չի կազմում: Բեռլին համալսարանի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ վերջին դասախոսությունը տեղի կունենա հաջորդ տարվա ամռանը, ապա բաժինը կփակվի մեկընդմիշտ, ու հայությունը կկորցնի հայ ժողովրդի մեծ բարեկամ, լեզվագետ Ժոզեֆ Մարկվարտի կողմից 1921 թ. հիմնադրված հայագիտական կարեւոր կենտրոններից մեկը: Բաժնի փակման հետ ցրվելու է հայկական մամուլի հարուստ արխիվը, ինչպես եւ գրադարանը: Իսկ ադրբեջանցիներն այսօր ամեն միջոց գործադրում են ներս խցկվելու Բեռլինի ՊԱ համալսարանը: Բացասական հետեւանքները շատ են. Երեւանի պետական համալսարանի հետ կապերի թուլացումը, հայ ուսանողների կրթաթոշակի, հանրակացարանով ապահովման հարցերով օգնության կազմակերպումը:
– Ժիրայր, տարին երկու անգամ Հայաստան ես գալիս, ի՞նչ փոփոխություններ ես տեսնում Հայաստանում:
– Երեւանի կենտրոնում աչքի են զարնում առատ լուսավորությունն ու նոր շինությունները: Մեծ ու դրական փոփոխություն է ոստիկանության կողմից ճանապարհատրանսպորտային կարգ խախտողներին տուգանելը: Սակայն երթուղային տրանսպորտում խեղդվածք է: Վարորդները շատ են խախտումներ կատարում: Մեքենաների ապակիների մթնեցումը անհասկանալի է: Այսօր հին «Զապորոժեց» տեսա՝ սեւ ապակիներով: Աշխարհի ոչ մի քաղաքում նման բան չես տեսնի:
– Ըստ երեւույթին, այդ մարդիկ ուզում են մեկուսանալ հասարակությունից…
– Ուտեստեղենը գների տեսակետից Բեռլինին չի զիջում, իհարկե՝ հացից, պտղից ու պանրից բացի: Իսկ աշխատավարձի չնչինության պայմաններում դա հակամարդկային է:  30  հազար դրամ աշխատավարձով կամ թոշակով ինչպե՞ս են ապրում մարդիկ, ոչ մի կերպ չեմ հասկանում:
– Իսկ ամենաանսպասելին ո՞րն էր քո դիտարկումներում:
– Երիտասարդությունը սկսել է քաղաքական հարցերով զբաղվել: Դա նորություն է: Պայքարի ոգի է մտնում երիտասարդության մեջ: Դա էլ հույս է ներշնչում, որ լավ ապագա կունենա երկիրը: Նրանք շատ բան կփոխեն: Իսկ Սփյուռքում Հայաստանի խնդիրներով միայն տարիքն առած մարդիկ են հետաքրքրվում: Երիտասարդությունն այնտեղ անտարբեր է: Բայց շատ եմ տխրում, երբ ծանոթներս, բարեկամներս դիմում են կենցաղային տարբեր հարցերով ու չեմ կարողանում օգնել նրանց: Նեղվում եմ պաշտոնյաների կամայականությունից, բյուրոկրատիայից, ժողովրդի նկատմամբ անտարբերությունից:
– Օրինակ կարո՞ղ ես բերել:
– Մի երկու ռեպորտաժ կարդացի քո երեւանյան ճամփորդությունից: Այդ ընթացքում կարողացե՞լ ես հանդիպել երեւանյան քաղաքապետին:
– Ոչ, դեռեւս դա ինձ չի հաջողվել:
– Հավատա, ես սիրում եմ Հայաստանը, Արցախը: Բայց աչք փակել թերությունների վրա՝ դավաճանություն կլինի իմ կողմից: Ես չեմ կարող խաբել ինձ ու իմ հայրենակիցներին:
– Ժիրայր, ես զրուցում եմ քեզ հետ, որովհետեւ հավատում եմ քեզ:
– Ընկերներս թանգարանում ինձ են սպասում…
– Եթե բերդ չբարձրանան՝ լավ կլինի:
– Ինչո՞ւ:
– Քաղաքը դեռեւս չի սիրում ու հարգում իր պատմությունը…
– Հա՜, գրությունները տասը տարի առաջ եմ տեսել: Ինչ ցավալի է…
Քիչ անց հայտնվեցի «Հաստոցանորմալ» գործարանի տարածքում: Ասես թումանյանական հեքիաթում եմ հայտնվել. անշունչ գյուղի փոխարեն անշունչ, ժանգապատ գործարանում եմ հայտնվել: Ասես կախարդական փայտիկով չար ոգին կանգնեցրել է ձեռնարկության աշխույժ եռուզեռը: Այն մի ժամանակ հեղույսներ, պտուտակներ, զսպանակավոր ու հարթ պնդօղակներ էր արտադրում ու մատակարարում Խորհրդային Միության մեքենաշինական հարյուրավոր գործարաններին: Հումքը ստանում էր Մագնիտագորսկի մետալուրգիական գործարանից: Տեխնոլոգիայի կատարելագործման հարցերով զբաղվում էր Վլադիմիրի տեխնոլոգիական կոնստրուկտորական բյուրոն: Արտադրության մեջ զբաղված էին շուրջ 500 բանվորներ եւ ինժեներներ:
Տարածքի մյուս ծայրում շարժում նկատեցի: Դիմեցի ավտոմեքենայի նորոգումով զբաղված մարդուն:
– Հիմա տնօրենը՝ Զավեն Սարգսյանը կմոտենա, ինչ պետք է՝ կասի:
Մոտեցավ տնօրենը, որը բարձրահասակ, ամրակազմ տղամարդ էր: Ներկայացա ու բացատրեցի այցիս նպատակը:
– Ոչ մի բան էլ պետք չէ, որ գրես,-  անտարբեր ու հուսալքված ասաց ,-  ոչ մի լավ բան չեմ սպասում:
– Մեծ սրահի հատակը նորոգվում է,-  ասացի ես,-  գուցե վերակենդանացման նոր գաղափար, հնարավորություն է ստեղծվել:
– Ոչ մի գաղափար, ուղղակի նորոգում եմ, տեսնեմ ինչ կլինի: Ոչ մի գործ չկա: Հաստոցները նույն վիճակում են, ինչ որ 1990- ին: Այծ եմ պահում: –  Ցույց տվեց ոչ հեռվում նստած ուլը, որը ասես թե զգաց, որ իր մասին են խոսում, վեր կացավ, ձգվեց, գնաց խոտ փնտրելու մետաղական կոնստրուկցիաների արանքում:
– Փոխանակ ասես՝ արի այծի պանիր հյուրասիրեմ,-  «խոսք քաշելու» նպատակով ասացի ես:
– Պանիր չունեմ,-  ափսոսանքով ասաց մեռյալ գործարանի տնօրենը: –  Ոչինչ էլ մի՛ գրի: Ժուռնալիստը գալիս, ավել- պակաս գրում է, կրակն է գցում մեզ:
– Եթե երբեմնի հսկա գործարանը 20 տարի է, ինչ չի աշխատում, դա միայն ձեր հոգսը չէ, նաեւ երկրի հոգսն է:
– Ինչո՞ւ այն պետք է երկրի հոգսը լիներ, միայն իմ հոգսն է,-  ասաց Զավեն Սարգսյանը:
– Եթե գործարանի  500 աշխատողը նույնքան ընտանիք կերակրող ուներ, ուրեմն նաեւ պետության, հասարակության, իշխանությունների հոգսն է:
– Ի՞նչ անեմ, բոլորը ցիրուցան են եղել:
– Առաջարկություններ, ներդրումներ չե՞ք ունեցել: Արտադրանքը կարելի էր վաճառել: Գնորդ կգտնվեր:
– Հին հաստոցները ոչ ոքի չեն հետաքրքրում:
Հարյուրավոր ձեռնարկություններ «կախարդական փայտիկի» թեթեւակի շարժումով կանգ առան: Երկիրը կաշկանդվեց, ասես շնչահեղձ էր լինում: Հիշում եմ, Ջրվեժի ավտոգործարանի վաուչերային տերերից մեկը հպարտանում էր, որ մեկ ու կես միլիոն արժողության գերճշգրիտ հաստոցը ռուսաստանցի գնորդին էր վաճառել 450 հազար դոլարով: Այդպես ողջ գործարանը վաճառեցին: Ու հպարտանում էին, որ իրենց ընտանիքների ապագան երաշխավորված է, ոչ մի ճգնաժամ նրանց չի սպառնում, քանի որ հաստոցների վաճառքից գոյացած գումարները եվրոպական բանկերում են: Եթե այդ գումարները Հայաստանում ներդրվեին, եթե մեր երկրում ներդրման կամ բանկային անվտանգ պայմաններ ստեղծվեին, ապա այդ գումարները կաշխատեին մե՛ր երկրի եւ ոչ թե հարուստ եվրոպական երկրների համար: Եթե այդ ձեռնարկությունների վաուչերային տերերին պարտադրվեր երկու տարում հիմնարկի վերագործարկումը, ապա երկիրն այսօր այլ իրավիճակում կլիներ…
 Որոշելով ետ գնալ եկածս ճանապարհով, շարժվեցի դեպի գործարանի խորքը:
– Ահա այս մուտքով դուրս արի,-  ասաց անշունչ գործարանի տնօրենը,-  փոշոտ տարածքով մի՛ գնա:
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Տեսարաններ՝ «Հաստոցնորմալ» գործարանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել