Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻՆՉԵՎ ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ ՉՀԱՍՆԻ՝ ՉԵՆ ԴԻՄՈՒՄ»

Դեկտեմբեր 04,2009 00:00

\"\"Ասում է «Ռուբիկոն» փաստաբանական գրասենյակի ղեկավար Զարուհի Դանիելյանը, որի ղեկավարած գրասենյակը օրերս նշեց հիմնադրման 10-ամյակը:

– Տիկին Դանիելյան, դժվար չէ՞ հիմնել եւ այսքան տարի աշխատեցնել մի կառույց, որի նմանը գոյություն ունի պետական մակարդակով, խոսքս Հայաստանի փաստաբանների պալատի մասին է: Ինչպիսի՞ն է մրցակցությունը ձեր եւ նրանց միջեւ:
– Մեր գրասենյակի փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատի անդամներ են: Ուղղակի յուրաքանչյուր փաստաբան պետք է ներգրավված լինի որեւէ վարչական իրավական ձեւ ունեցող կազմակերպության մեջ: Իհարկե, մրցակցություն կա տարբեր փաստաբանական գրասենյակների հետ: Սակայն յուրաքանչյուր փաստաբանական գրասենյակ ունի իր դեմքը, իր նպատակները, ինքնուրույն է կազմակերպում իր գործունեության եղանակները, որոնցով առաջնորդվում է ինքը:
– Իր գործունեության տարիներին որքա՞ն դիմումներ է ստացել ձեր գրասենյակը: Եվ ի՞նչ միտում է նկատվում շարքային քաղաքացիների կողմից փաստաբաններին դիմելու առիթով, ավելանու՞մ է, թե՝ նվազում:
– Բազմաթիվ ծառայություններ ենք մատուցել: Մենք ամսվա ընթացքում ընդունում ենք 70-80 դիմում՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից: Կան նաեւ կազմակերպություններ, որոնց սպասարկում ենք մշտական սկզբունքով, իհարկե, ոչ բոլորն են դառնում մեր հիմնական հաճախորդը: Հաճախ պատահում է, որ ընթացքում միայն խորհրդատվություն է իրականանում եւ դրանով ավարտվում է մեր ծառայությունը: Ընդհանրապես, քաղաքացիները ավելի շատ են հասկանում փաստաբանական օգնության կարեւորությունը: Նույնն է, որ հիվանդ մարդն ինքն իրեն վիրահատի: Այդպես չի լինում, անհրաժեշտ է բժշկի միջամտությունը: Այդ գիտակցությունը միանշանակ բարձրացել է, որովհետեւ հոսքը դեպի փաստաբանական ծառայություն՝ ընդհանրապես ավելացել է, ուղղակի մեր ժողովուրդը ունի մի մեծ թերություն՝ մինչեւ դանակը ոսկորին չհասնի՝ ոչ մի տեղ չի դիմում: Եվ հենց դա երբեմն բարդացնում է մեր աշխատանքը: Երբեմն լինում է, որ եթե այս կամ այն փաստաթուղթը ստորագրած չլիներ, այս մի գործողությունը կատարած չլիներ, շատ ավելի դյուրին կլիներ իր իրավունքների պաշտպանությունը: Դա պրոբլեմ է: Հետո մարդիկ հաճախ չեն հասկանում իրենց ստորագրության կարեւորությունը ցանկացած իրավական փաստաթղթի տակ:
– Պատճառը միգուցե ոչ բավարար ինֆորմացված լինե՞լն է սեփական իրավունքների եւ պարտականությունների մասին:
– Համամիտ չեմ, քանի որ վերջին տարիներին ԶԼՄ-ներն այդ առումով լավ են աշխատում. պարզապես ազգային մենտալիտետին բնորոշ գիծ է, որը, կարծում եմ, կփոխվի ժամանակի ընթացքում:
– Տիկին Դանիելյան, մեր իրականության մեջ, երբ դատական համակարգը կատարյալ ու անկախ չէ, եւ, բնականաբար, դժվար է արդարություն գտնել հենց դատարաններում, դժվար չէ՞ փաստաբանական գործունեություն ծավալել նման իրականության մեջ: Չէ՞ որ քիչ չեն դեպքերը, երբ սրվում են հարաբերությունները դատավորի եւ փաստաբանի միջեւ: Ինչպե՞ս է ձեր գրասենյակի ներկայացուցիչը վարվում նման իրավիճակում: Եվ որքա՞ն է հաղթանակի հնարավորությունը նման պայմաններում:
– Յուրաքանչյուր գործով հաղթանակը կարող է լինել տարբեր: Օրինակ, հաշտության պայմանագիրը կողմերի միջեւ նույնպես կարող է լինել հաղթանակ կամ հայցի մասնակի բավարարում: Մեր գործերի մոտ 70-80 տոկոսը հաջողությամբ է ավարտվել: Մեր փաստաբանների համար հարաբերությունների նման սրացում գոյություն չունի: Կարծում եմ, որ փաստաբանի հիմնական առաքելությունն այն է, որ չվախենա դատավորներից, պետական մարմիններից, ինչ-որ կարգավիճակներից, որոնք կարող են ստեղծվել: Իմ խորին համոզմամբ, դրանք հաղթահարելի են:
– Այսինքն, կարելի՞ է հետեւություն անել, որ «Ռուբիկոն» փաստաբանական գրասենյակի եւ փաստաբանների հարաբերությունները դատավորների հետ միշտ հարթ են ընթանում:
– Ոչ՝ հակառակը: Հարթ չեն կարող միշտ լինել, որովհետեւ փաստաբանի համար կարեւորն իր հաճախորդի, իր դիմումատուի շահերի պաշտպանությունն է, անկախ նրանից, թե մյուս կողմն ո՞վ է, ո՞ւմ միջեւ է պայքար ընթանում: Փաստաբանը պետք է օրենքով նախատեսված բոլոր միջոցներին դիմի, որպեսզի իր դիմումատուն դատը շահի:
– Հիմնականում ի՞նչ գործերով են ձեզ դիմում:
– Մենք զբաղվում ենք հիմնականում քաղաքացիական, վարչական, կորպորատիվ վեճերով: Այսինքն, պետության հետ վեճերով: Մենք զբաղվում ենք նաեւ իրավաբանական անձանց սպասարկմամբ՝ ընկերության ընդհանուր ժողովներ, կանոնադրությունների գրանցում, պայմանագրերի կազմում, իսկ քրեական գործերով զբաղվում ենք միայն քաղաքացիական հայցերի շրջանակում:
– Եթե հինգ բալանոց սանդղակով գնահատելու լինեք, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի քաղաքացու՝ սեփական իրավունքներից ու պարտականություններից իրազեկված լինելը:
– Ես կգնահատեի «4»: Այն մեկը արդեն տեղեկատվությունն է, որը նա պետք է ստանա իրավաբանից: Սովորական քաղաքացին չի կարող իմանալ ամեն ինչ, դրանք արդեն մասնագիտական գիտելիքներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել