Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գինիները չեն կարողանում իրացնել

Դեկտեմբեր 04,2009 00:00

Մոլդովացի գինեգործները բարձրակարգ գինիները չեն կարողանում արտահանել, ինչի հետեւանքով տուժում է նաեւ պետությունը:

\"\"

Մոլդովան իր գինիներով աշխարհում գրավում է 7-րդ տեղը: ԱՊՀ տարածքում մոլդովական գինիները բավականին բարձր գնահատականի են արժանացել: Բացի տեղում սպառվելուց, դրանք իրացվում են նաեւ ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, սակայն վերջին տարիներին ՌԴ-ն ինչպես վրացական, այնպես էլ մոլդովական գինիներից հրաժարվել է՝ զարկ տալով իր տեղական արտադրությանը: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրին Մոլդովայի «Գինու տան» պատասխանատուները: Նրանց խոսքերով, արտահանման կրճատումները մեծ խնդիրներ են առաջացրել իրենց արտադրողների համար, քանի որ մեծ քանակությամբ գինի չի սպառվել եւ մնացել է երկրում: Կան նաեւ, այսպես ասած, «տնական» գինիներ, որոնց արտադրողները սկսել են իրենց արտադրանքը ջրի փոխարեն խմել, որովհետեւ, բացի սեփականատերերից, այդ արտադրանքը գրեթե սպառող չունի: Հաշվի առնելով այն, որ հենց գինիների արտահանումից ստացված գումարներն են պետբյուջեի հիմնական եկամտի աղբյուրը, պետք է ասել, որ Մոլդովան այժմ գտնվում է բավականին աղքատ վիճակում:
Ընդհանուր առմամբ, Մոլդովայի Հանրապետության բնակչության մեջ մեծ տոկոս են կազմում աղքատները, երկրում գործազուրկների թիվը 91 հազարից ավելի է, ունեն 3,5 միլիոն բնակչություն: Նվազագույն աշխատավավարձը մոտ 40 հազար դրամ է: Իսկ պարենային ապրանքների գները Հայաստանի գներից 30-50%-ով թանկ էին: Օրինակ՝ մեկուկես լիտրանոց հանքային ջուրն արժե մոտ 660 դրամ: Երթուղայինով երթեւեկելն արժե շուրջ 300 դրամ: Տաքսիի մինիմալ գումարը մոտ 520 դրամ է, սակայն դա բավականացնում էր ընդամենը 2 կիլոմետր երթեւեկելու համար, ամեն հաջորդ կիլոմետրը հաշվարկվում է 77 դրամ: Չափազանց թանկ էին նաեւ հյուրանոցները: Այն հյուրանոցում, որտեղ մենք հյուրընկալվել էինք, Մոլդովայում համարվում էր բարձրակարգ: Այստեղ մեկ օրվա վարձը 180 եվրո էր, սակայն այն բոլորովին չէր համապատասխանում բարձրակարգ լինելուն: Համեմատության համար նշենք, որ այս հյուրանոցը Հայաստանի միջին կարգի հյուրանոցի պայմաններն ուներ, որի օրավարձը մոտ $155 է: Նշենք, որ Հայաստանում 180 եվրոյով կարող ենք հյուընկալվել իսկապես բարձրակարգ հյուրանոցում: Միջինը $25-35 է անհրաժեշտ Քիշնեւի ռեստորաններում սնվելու համար, ինչը նույնպես չի կարելի էժան համարել:
Հայաստանի համեմատությամբ, թանկ էին նաեւ բջջային կապի ծառայություններն ու ինտերնետը: Հայաստան զանգելու մեկ րոպեն արժեր մոտ 300 դրամ, իսկ 1 տեքստային հաղորդագրությունը՝ մոտ 35 դրամ: Մեկ ժամ ինտերնետից օգտվելու համար ստիպված էինք վճարել $5-ից մի փոքր ավելի:
Մոլդովայում համեմատաբար մատչելի էին միայն տեղական արտադրության գինիների որոշ տեսակներ, որոնց գները տատանվում էին $2-25-ի սահմաններում: Ամենահաճելին այն էր, որ Քիշնեւում փողոցները բավականին լայն էին, ծառերն էլ՝ Երեւանի համեմատությամբ, բավականին շատ:
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
Մոլդովա-Երեւան
Հ. Գ. Մոլդովայի ազգային կերակուրը սարմալին էր, որն իր տեսքով եւ համով շատ նման է հայկական տոլմային, սակայն դրա մեջ բացակայում էր միսը: Նրանց ազգային գործիքն է նայը, որի հնչյունները տեղ են գտել հոլիվուդյան հայտնի կինոնկարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել