Հաշմանդամների օրը ոմանց համար «Խմելու օր է», ոմանց համար՝ Նոր տարի
Մհերը պահանջում է մշակութային օջախները
հարմարեցնել իրեն:
Հաշմանդամների մասին թռուցիկներ բաժանող
Անահիտին (ձախից) անցորդները վերաբերվում էին ինչպես՝ «Եհովայի վկաներին»:
Երեկ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ «Ունիսոն» հ/կ-ն կազմակերպել էր աննախադեպ եւ ոչ քաղաքական բացօթյա բողոքի ակցիա՝ հաշմանդամ մարդկանց մասնակցությամբ: Երեւանի մարդաշատ վայրերում՝ «Երիտասարդական» մետրոյի, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ, Մաշտոցի պողոտայում եւ օպերայի շրջակայքում, հաշմանդամները մոտենում էին անցորդներին, հաշմանդամների մասին թռուցիկներ բաժանում ու փորձում մեր համաքաղաքացիներին իրազեկել իրենց հիմնախնդիրների մասին:
«Ես ուզում եմ այցելել մշակութային օջախներ». այս բովանդակությամբ ցուցապաստառով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող Մհեր Մանուկյանը ակցիա էր անում Երեւանի օպերայի եւ բալետի շենքի մոտ: «Առավոտի» հետ զրույցում Մհերն այսպես ձեւակերպեց իր ակցիայի նպատակը. «Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի մեզ զգալ եւ օգտվել մեզ հասանելիք իրավունքներից, որոնցից մեկը մշակույթի օջախներ հաճախելն է: Դրանք հիմնականում հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվող մարդկանց: Դրա համար էլ հենց Օպերայի եւ բալետի շենքի դիմաց եմ կանգնած, ես եղել եմ այդ շենքում ու համոզվել, որ էնտեղ չկան թեքահարթակներ, ամենուրեք աստիճաններ են եւ ես չեմ կարող այնտեղ ինքնուրույն տեղաշարժվել: Երբ մշակութային օջախների հետ կապված մենք բողոքում ենք, պատասխանում են, թե այդ շենքերը ժառանգել ենք կոմունիստներից ու չեն ուզում հիմա գոնե քայլեր ձեռնարկել, չնչին ծախս կատարել ու դրանք հարմարեցնել մեզ: Մի շարք պետական կառույցներ չեն ուզում հասկանալ, որ կինոներից, թատրոններից ու համերգասրահներից ավելի շատ մարդիկ կօգտվեն, եթե մի փոքր ծախս անեն ու թեքահարթակներ կառուցեն»:
Մհերը Երեւան էր եկել Կոտայքի մարզի Արամուս գյուղից. «Ես էլ, կինս էլ հաշմանդամ ենք, երկուսս միասին ապրում ենք 23 հազար դրամ թոշակի հույսին: Ես չեմ ուզում իմ թոշակը բարձրացնեն: Թող ինձ ընդամենը ապահովեն աշխատանքով, որպեսզի կարողանամ ինձ լիարժեք մարդ զգալ ու իմ քրտինքով հոգալ ընտանիքիս ապրուստը»: Նա քանի տարի է՝ զբաղվածության կենտրոններում գրանցված է որպես աշխատանք փնտրող, բայց մինչ օրս որեւէ գործատու նրան գործ չի առաջարկել:
Մհերը ազատ ոճի խոստումնալից ըմբշամարտիկ է եղել, մասնակցել է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցաշարերի եւ ունի բազմաթիվ պատվոգրեր: Պարապմունքներից մեկի ժամանակ նրա ողնաշարը վնասվել է, որն էլ նրան դարձրել է հաշմանդամ. «Ես պետք է քայլեի, եթե այն ժամանակ բժշկությունը զարգացած լիներ: Վնասվածքից հետո ես 6 ամիս քայլել եմ, բացարձակ չեմ խեղճացել, պարզապես հետո գնացի մրցումների, նոր հասկացա, որ իմ ողնաշարի հետ ինչ-որ խնդիր կա: Իսկ երբ դիմեցի բժիշկներին, ինձ համոզեցին, որ եթե վիրահատեն, ամեն ինչ նորմալ կլինի, բայց, ցավոք, նորմալ չեղավ, եւ վիրահատությունից հետո ես ողնուղեղի բորբոքում տարա եւ մոտ երկու ամիս կոմայից դուրս չէի գալիս: Մի խոսքով, հայտնվեցի սայլակի վրա»: Սպիտակի երկրաշարժից հետո հաշմանդամ դարձած կնոջ հետ Մհերը ծանոթացել է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Որոշ ժամանակ շփվելուց հետո որոշել են համատեղ ապրել. «Այն, որ մենք կարող է երեխա ունենայինք՝ չլսված եւ չտեսնված էր, նման դեպք հանրապետությունում չկար, բայց ինչ-որ հրաշքով մենք ամուսնանալուց մեկ տարի հետո ունեցանք մեր Մերիին»:
Այս ցրտին արդեն 3-4 ժամ պաստառի մոտ կանգնած հաշմանդամին բանուկ փողոցում մոտեցել էր ընդամենը 3 հոգի, որ հետաքրքրվելով, թե ի՞նչ է ուզում այդ պաստառով ասել՝ հեռացել էին: Մհերը մտադիր էր մինչեւ երեկո իր ակցիան անցկացնել: Երբ հարցրինք՝ չե՞ս մրսի ամբողջ օրը փողոցում, նա պատասխանեց. «Մեկ է, մեր տանն էլ է այս ջերմաստիճանը»:
Երկրորդ կարգի հաշմանդամ Էդուարդ Նավասարդյանն էլ «Ոչ՝ խտրականությանը» պաստառով բողոքի ակցիա էր անում «Այրարատ» կ/թ-ի հարեւանությամբ: Նա մոտենում էր անցորդներին ու հարցնում՝ «Գիտե՞ք այսօր ինչ օր է»: Էդուարդի պատմելով՝ մարդիկ հիմնականում անտարբեր հեռանում են, իսկ ովքեր էլ մոտենում են՝ զավեշտալի պատասխաններ են տալիս. «Մեկը պատասխանեց՝ չգիտենք ձեր համար ինչ օր ա, բայց մեր համար էսօր խմելու օր ա: Մեկն էլ ասաց, թե Նոր տարի ա, մի անցորդ էլ վստահեցրեց, որ ՁԻԱՀ-ի համաշխարհային օրն է, մինչդեռ այն դեկտեմբերի 1-ին է: Նույնիսկ մի հաշմանդամ անցորդ ինքն էլ չգիտեր, որ այսօր Հաշմանդամների միջազգային օրն է»: Էդուարդը մոտ մեկ տարի է՝ չի աշխատում: Նա համակարգչային մասնագետ է: Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի տնօրենը գտել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով չի կարող հաշմանդամին աշխատավարձ տալ, ուստի ազատել է նրան աշխատանքից: Ներկայումս Էդուարդն իր մայրիկի հետ ապրում է հաշմանդամության թոշակով՝ 9600 դրամով. «Ես հեռուստատեսությամբ հաճախ տեսնում եմ հաշմանդամների, ովքեր 30-37 հազար դրամ թոշակ են ստանում եւ բողոքում են, բա ե՞ս ինչ ասեմ: Ես հայր ունեմ, որը 24 տարի է՝ անհետ կորել է Ռուսաստաններում, նրանից ոչ մի լուր չունենք, բայց քանի որ տունն իր անունով է գրանցված, մեզ հրաժարվում են նույնիսկ «Փարոս» ծրագրում ընդգրկել՝ ասելով, որ Ռուսաստանից փող կուղարկի՝ կապրեք»:
«Այրարատ» կ/թ-ի մոտ ակցիայի էր մասնակցում նաեւ տեսողական խնդիրներ ունեցող Հմայակը: Նա դժգոհեց, որ ճանապարհները բացարձակ հարմարեցված չեն իր նման մարդկանց. «Ամբողջ աշխարհում՝ Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում ես տեսել եմ, որ ճանապարհների մոտ կան հատուկ կոճակներ, որոնք երբ կույր մարդը սեղմում է՝ բոլոր մեքենաները կանգնում են, եւ նա կարողանում է անցնել փողոցը: Մեզ մոտ նույնիսկ այդ տարրական հարգանքը չկա հաշմանդամի նկատմամբ»: