Կառավարության շենքի մոտ երեկ անցկացվում էին մի քանի բողոքի ակցիաներ: Բողոքում էր Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Պետիկ Բուլբուլյանը: Նա որոշել էր արձագանքել ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե որոշ պաշտոնյաներ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հարյուրավոր հեկտարներ են յուրացրել, եթե կան փաստեր, ապա կառավարությունը պատրաստ է դրանք բացահայտել: Այդ պատճառով էլ Պետիկ Բուլբուլյանը երեկ նման խախտումների մասին պատմող 2 ցուցապաստառով կանգնել էր կառավարության շենքի մոտ եւ իրազեկում էր ՀՀ վարչապետին: Այս մասին տեղեկանում ենք «Ա1+»-ից:
Ըստ Պ. Բուլբուլյանի՝ Գոռավանի նախկին գյուղապետ Մարտիկ Առաքելյանը 40 հա պահուստային տարածք նախ գրել էր եղբոր անունով, իսկ հետո սեփականաշնորհելով կնոջ անունով՝ օտարել այն ապօրինաբար: Բուլբուլյանը դիմումներ էր ներկայացրել, որպեսզի կարողանար ինքն էլ այդ հողերից գոնե 3-5 հա օգտագործել, սակայն նրան մերժել են: «Մի՞թե նման օրենք կա, որ գյուղապետին, պատգամավորին կամ նախարարին տան 30-100 հա հող, իսկ ազգաբնակչությանը՝ ընդամենը 1000քմ»,- ասաց նա:
Անմիջապես նրա հարեւանությամբ բողոքի ակցիա էին անցկացնում Տավուշի մարզի Բերդ քաղաքի 2 բնակչուհի՝ Ալվարդ Մարգարյանն ու Սվետլանա Աթոյանը: Նրանց զավակները, ըստ ծնողների, զոհվել են Բերդի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում: Նրանք պահանջում էին աշխատանքից հեռացնել այդ բժշկին ու քրեական գործ հարուցել:
Ալվարդ Մարգարյանի 32-ամյա որդին՝ Սոս Ղուկասյանը, ավտովթարից հետո, թեեւ ոչ մի կոտրվածք ու բողոք չուներ, տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկ Արամ Հարությունյանը որոշել է վիրահատել երիտասարդին, սակայն արդյունքում նրա վիճակը գնալով ավելի է վատացել ու որոշ ժամանակ անց Սոս Ղուկասյանը մահացել է:
Հարուցվել էր քրեական գործ, սակայն դատապարտվել է 2 այլ բժիշկ: Իրական մեղավոր Արամ Հարությունյանին չեն կարողանում դատապարտել, քանի որ, ինչպես Սվետլանա Աթոյանը նշեց, նա ունի հովանավորներ եւ ամենակարեւորը՝ փող: «Այս երկրում եթե փող ու հովանավոր ունես, ում ուզում ես կարող ես ազատ սպանել»,- հայտարարեց տիկին Սվետլանան: