Կառավարությունը մտադիր է հոգեկան հիվանդներից պահանջել, որ հեռախոսով խոսելու, հաց ու պանիր գնելու համար վճարեն:
Սեւանի հոգեբուժարանի հիվանդների համար մեր կառավարությունը որոշել է մի «լավություն» անել. հոգեբուժարանի տարածքում տեղադրել առնվազն մեկ տաքսաֆոն, որպեսզի հոգեկան խանգարումներով տառապողներն իրենց հարազատ-բարեկամներին կարոտելու դեպքում գոնե կարողանան զանգել նրանց: Այս պահանջը կառավարությունն արձանագրել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծում, որն արդեն առաջին ընթերցմամբ անցել է:
Չնայած դժվար է պատկերացնել, որ մինչ օրս, փաստորեն, հոգեկան հիվանդները հնարավորություն չեն ունեցել զանգելու իրենց հարազատներին, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հիմա էլ նոր տաքսաֆոն տեղադրելով հոգեբուժարանում՝ մեր կառավարությունը բնավ էլ մտադիր չէ մեղմել հոգեկան հիվանդների կարոտը: Ըստ օրինագծի, հեռախոսային խոսակցության համար պետք է վճարի տվյալ անձը՝ հոգեկան հիվանդը: Ընդ որում, սակագներն էլ հոգեբուժարանի տնօրինությունը պետք է փակցնի տեսանելի վայրում, որպեսզի հոգեկան հիվանդները թյուրիմացության մեջ չընկնեն ու իմանան՝ ում հետ որքան են խոսում եւ որքան են վճարելու: Որպես բոնուս, կառավարությունն օրինագծում ֆիքսել է, որ հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի կատարել առնվազն մեկ անվճար հեռախոսազանգ՝ հանրապետության տարածքում:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Սեւանի հոգեբուժարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կարապետյանը մեր հարցին՝ հոգեկան հիվանդները գումար ունե՞ն, որ խոսելու համար վճարեն՝ պատասխանեց. «Ես չգիտեմ, դեռ սակագները հստակ սահմանված չեն, բացի այդ, դեռ օրինագիծն ուժի մեջ չի մտել, երբ կմտնի՝ այն ժամանակ էլ կանհանգստանաք»: Այնուամենայնիվ, պարոն Կարապետյանը գտնում է, որ օրինագիծը շատ լավն է, եւ ինքն էլ, որպես հոգեբուժարանի տնօրեն, որեւէ վերապահում չունի փոփոխված հոդվածների առնչությամբ:
Նշենք, որ կառավարությունը գործող օրենքում մի հետաքրքիր փոփոխություն էլ է որոշել մտցնել. «Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց միջոցների հաշվին կարող են ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ՝ բացառությամբ ծակող, կտրող իրերի»: Ինչպես ճշտեցինք պարոն Կարապետյանից, առայժմ Սեւանի հոգեբուժարանի տարածքում կամ մոտակայքում որեւէ վաճառքի կետ, կրպակ կամ խանութ չկա: Սա կարող է նշանակել, որ կառավարությունն արդեն աչքի տակ ունի մի ծանոթ օլիգարխի, որը ջանք չի խնայի օրենքի այս հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո հոգեբուժարանների տարածքում կրպակներ տեղադրելու եւ մեծ եկամուտներ ստանալու համար: Քանի որ տարածքում առհասարակ նման կրպակներ չկան, արդեն պարզ է, թե այնտեղ ապրանքների գներն ինչ մակարդակի կլինեն: Բացի այդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ են համարվում հացը, շաքարավազը, կարագը, կաթնամթերքը: Նշանակում է, որ կառավարությունն էլ է արդեն ընդունում, որ պետության հոգածության տակ գտնվող մեր հիվանդները հիվանդանոցում տրվող սննդից չեն կշտանում, քաղցած են մնում եւ կարիք կունենան լրացուցիչ սննդի՝ արդեն իրենց միջոցների հաշվին: Նույնիսկ այն հիվանդները, ովքեր ի վիճակի չեն լինի գնալ խանութ, օրինագծում նշված է, որ հիվանդի պահանջով նրանց փոխարեն պետք է գնումների գնա հոգեբուժական կազմակերպության ավագ բուժքույրը եւ, գնված ապրանքներից բացի, անպայման հիվանդին տա նաեւ ՀԴՄ կտրոնը:
Կառավարությունը նաեւ որոշել է, որ հոգեբուժական հաստատության ադմինիստրացիան պարտավոր է ապահովել հիվանդի հաշվին թերթերի բաժանորդագրությունը եւ բաժանորդագրված թերթերի եւ ամսագրերի հանձնումը հիվանդին: Այս առնչությամբ Սեւանի հոգեբուժարանի տնօրենը վստահեցրեց, որ հիմա էլ հոգեբուժարանում թերթեր կան եւ իրենց հիվանդները երբ ուզում՝ կարդում են: Մեր հարցին՝ հոգեկան հիվանդները «Առավոտ» ընթերցո՞ւմ են՝ պարոն Կարապետյանը պատասխանեց. «Առավոտ» էլ են կարդում, «Երեկո» էլ»: