Լրահոս
Օրվա լրահոսը

Չթողնել համանախագահներին Ստեփանակերտ

Դեկտեմբեր 04,2009 00:00

Ռիչարդ Կիրակոսյանի խորհուրդը Գեորգի Պետրոսյանին

«Իրական վտանգն այն է, որ պատերազմը կարող է վերսկսել ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների որոշմամբ, այլ սահմանի այս կամ այն հատվածում տեղի ունեցող փոքրիկ բախումով, ինչն արագորեն կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- երեկ, խոսելով պատերազմական գործողությունների հավանականության մասին, «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարեց ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, հայ-ադրբեջանական սահմանի անդորրը սպառնալիքի տակ են դնում Ադրբեջանի ներսում տեղի ունեցող զարգացումները. Ադրբեջանի ռազմական օդանավերի ձեռք բերումը Չինաստանից եւ Ադրբեջանի ռազմական արբանյակի ստեղծումն է, որը լուրջ առավելություն կարող է տալ նրանց:
Իրական վտանգը, սակայն, Կիրակոսյանը տեսնում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում՝ կարծելով, որ դա փոփոխություն կարող է մտցնել Ռուսաստանի քաղաքականության մեջ: Միաժամանակ, քաղաքագետի կարծիքով, Հայաստանի ռազմական ուժն այսօր ավելի լավ վիճակում է, քան Ադրբեջանինը: Հետեւաբար, վերջինիս կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները Կիրակոսյանը գնահատում է այսպես. «Դրանք ցույց են տալիս, որ պատերազմը վերսկսելու դեպքում Բաքուն կպարտվի»:
Վերլուծելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների աթենքյան հանդիպումը՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ Մինսկի խումբը ջանում է տպավորություն ստեղծել՝ իբր առաջընթաց կա: Իրականում, ըստ նրա, աթենքյան հայտարարությամբ «մի կողմ են թողնում Թուրքիային»: Ռ. Կիրակոսյանը զարմացած է Մինսկի խմբի ակտիվությունից եւ շտապողականությունից. «Գլխավոր վտանգը գաղտնիությունն է՝ ոչ միայն դիվանագիտության, այլեւ խաղաղության համար»: Ելնելով այս ամենից՝ պարոն Կիրակոսյանը գտնում է, որ ղարաբաղյան կողմը ավելի հստակ պետք է պահանջի իր բանակցային սուբյեկտ դառնալու իրավունքը: Ըստ այդմ, նա խորհուրդ տվեց ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին չթույլատրել Մինսկի խմբին ժամանել Ստեփանակերտ: «Որոշումներ կան, որ պետք է ընդունվեն Ստեփանակերտում, այլ ոչ թե Երեւանում: Ղարաբաղին արհամարհելը վտանգավոր է նաեւ Մինսկի խմբի համար»,- ասում է ՌԱՀՀԿ տնօրենը: Երեկ «Առավոտը» փորձեց այս եւ, ընդհանրապես, աթենքյան հանդիպումների ու հայտարարությունների առիթով ստանալ ԼՂՀ արտգործնախարարի մեկնաբանությունները: Գեորգի Պետրոսյանն առայժմ ձեռնպահ մնաց որեւէ տեսակետ հայտնելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել