Հայաստանում ոմանց համար դրանք բացասական չեն, մյուսների համար խայտառակություն են, իսկ երրորդների համար՝ շահեկան:
Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Աթենքում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարած ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների ու Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների, նաեւ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի մասնակիցների հայտարարություններում միեւնույն՝ այսպիսի ձեւակերպումը կար՝ «Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Այս վերջին երկու՝ «ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշում» ձեւակերպումները ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հատկապես շատ էին ուրախացրել: Նույնիսկ «Մադրիդյան սկզբունքներից» շատ չոգեւորված ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն էր երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել, թե՝ «Աթենքում ընդունված հայտարարությունը չի կարելի բացասական փաստաթուղթ համարել, քանի որ Ադրբեջանը համաձայնել է ինքնորոշման սկզբունք ներառող փաստաթղթին»: Իհարկե, նա նաեւ հավելել էր՝ «ինքնորոշման իրավունքը չեմ կարծում, որ Ադրբեջանի համար նշանակում է, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմից դուրս գալ»։
Երեկ «Առավոտը» հիշյալ երկու հայտարարությունների շուրջ զրուցեց նաեւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հետ: Նրա կարծիքով, դրանք մեր դիվանագիտության հերթական խայտառակությունը պետք է համարել, «եւ պետք չէ ուրախանալ նրանով, որ հայտարարության մեջ «տարածքային ամբողջականության» կողքին «ժողովուրդների ինքնորոշում» ձեւակերպումը կա, որովհետեւ դրա իմաստը հետեւյալն է՝ ինքնորոշված Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում: Ո՞ւմ են ուզում խաբել»: Սեֆիլյանի համոզմամբ, դա նույնն է, ինչ Ադրբեջանը պնդում է ո՛չ առաջին անգամ՝ հայտարարելով, որ պատրաստ է Ղարաբաղին տալ ինքնավարության բարձր կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում: Շուշիի հատուկ գումարտակի հրամանատարը միանշանակ պնդեց, որ «Մադրիդյան սկզբունքներից» բխած որեւէ փաստաթուղթ երբեք չի կարող հայկական կողմի համար դրական կամ ոչ բացասական փաստաթուղթ համարվել, նկատի ունենալով այն, որ «Մադրիդյան սկզբունքների» առաջին կետն այն է, որ հայկական կողմը պարտավորվում է իր զորքերը դուրս բերել «օկուպացված» տարածքներից: Իսկ դա նշանակում է, որ դրանից հետո ոչ միայն Արցախ, այլեւ Հայաստան էլ չի լինելու»:
Սեֆիլյանը հավաստիացրեց, թե ինքն ու իր համախոհները թույլ չեն տալու, որ գործնականում մի թիզ հող անգամ «հայերից օտարվի: Դա միանշանակ է: Մենք այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»: Միաժամանակ նա տրամաբանական համարեց Կ. Մանոյանի այն դիտարկումը, թե՝ միջազգային հանրությունն այդ հայտարարությամբ ձգտում է ցույց տալ, որ ԼՂ հարցում կա առաջընթաց, եւ Թուրքիայից պահանջել խելամիտ ժամկետներում վավերացնել արձանագրությունները. «Ինչ-որ չափով համաձայն եմ այդ կարծիքին: Բանակցությունների դիրիժորը ԱՄՆ-ն է, եւ ես համոզված եմ, որ նրա թիրախը, ըստ էության, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ո՛չ էլ ԼՂ հարցի լուծումը: Նրանք ունեն այլ ծրագիր, որի մասին այս պահին ես չէի ցանկանա խոսել, բայց առաջիկա օրերին, հավանաբար, դրա մասին ես կբարձրաձայնեմ»:
«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Մանվել Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այն աղմուկը, որ բարձրացրել են համանախագահներն ու ԵԱՀԿ նախարարները (նկատի ուներ վերջիններիս հայտարարությունները), հստակ երկու նպատակ ուներ. «Առաջին՝ Իլհամ Ալիեւի հայտարարությունից հետո՝ եթե բանակցություններում առաջընթաց չլինի, Ադրբեջանը դուրս կգա բանակցություններից եւ ուժային ճանապարհով հարցը կլուծի, բնական է, որ աշխարհն ինչ-որ կերպ պետք է արձագանքեր դրան: Եվ այդ արձագանքը եղավ. Ադրբեջանին էլ, փաստորեն, բոլորի հետ միասին ստիպեցին նստել եւ հանգիստ ասել, որ ԼՂ հակամարտությունը լուծվելու է խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով: Երկրորդ՝ այդ հայտարարություններով, որտեղ ընդգծված են ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքները, համանախագահներն ու ԵԱՀԿ նախարարները մի քիչ էլ պատժեցին Ադրբեջանին՝ հե՛նց այդպիսի ռազմատենչ հայտարարությունների համար: Դա էլ պարզ երեւում է: Երրորդ՝ այդ ամենը այսպես «տոնական» ներկայացնելով՝ փորձ արվեց բանակցություններում ինչ-որ առաջընթացի ֆոն ստեղծել հատկապես Թուրքիայի համար, որ նա թուրքական խորհրդարանին հորդորի արագացնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Իրականում սա մեծագույն թատրոն էր, որն, իհարկե, անպայման կծառայի իր նպատակին»: Ի պատասխան մեր հարցին՝ կարծում է, որ մինչեւ ԼՂ հարցում շոշափելի առաջընթացը, Թուրքիան կվավերացնի՞ արձանագրությունները, Մ. Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա այդքան հեշտ կլինի, բայց եթե դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում տեղի ունենալիք Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ էլ հարցը կտրուկ դրվի, Թուրքիայի համար բավականին դժվար կլինի մերժել, առավել եւս, որ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը էլի կրկնեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծումն ու հայ-թուրքական հարաբերություններն առանձին խնդիրներ են եւ միմյանց հետ կապ չունեն: Կարծում եմ, դա հենց այնպես չի ասվել: Նշանակում է՝ միջազգային հանրության դիրքորոշումն է այդպիսին, ու Թուրքիային բավականին դժվար է լինելու դրան դիմադրել: Հնարավոր է, որ նա իր համար շատ ծանր, բայց նման որոշում ընդունի»:
Իսկ Ադրբեջանի համար ծանր չէ՞ր ստորագրել մի հայտարարության տակ, որտեղ «ժողովուրդների ինքնորոշմում» ձեւակերպում կա: «Երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը բառեր է «կրակել», լավ չի հասկացել, որ անցյալ տարի Վրաստանում տեղի ունեցած օգոստոսյան դեպքերից հետո այսօր կրակելը պարտադիր չէ: Բավական է խոսքեր «կրակել», եւ կարող ես նույն վիճակում հայտնվել: Ինձ թվում է, որ այդպիսի հայտարարություններից հետո այս ամենը Ալիեւի համար բավականին թեթեւ վերջաբան էր, թեեւ կարող էր ավելի ծանր լինել: Բայց մյուս կողմից, այդ ձեւակերպումը մեզ համար այնքան էլ համոզիչ չէ, որովհետեւ հայտարարության մեջ խոսվում է նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, եւ դեռ միանշանակ չէ, որ Ադրբեջանը այդ հարցում զիջել է: Մեզ համար կարեւոր է, որ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղը»,- նկատեց Մ. Սարգսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, հայտարարությունները մեզ համար շահեկան են այն պատճառով, որ դրանցով թույլ չտրվեց տապալել բանակցային պրոցեսը եւ հարցը տեղափոխել ռազմատենչ հռետորաբանության հարթություն: «Այդ տեսակետից, իհարկե, հարց լուծվեց. Ալիեւին չհաջողվեց իր խնդիրները լուծել այնպես, ինչպես ինքն էր ուզում»,- հայտարարեց Մանվել Սարգսյանը: