Երեկ Հայ ազգային կոնգրեսը մի առանձին հայտարարությամբ անդրադարձել է դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Աթենքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, նաեւ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի 56 երկրների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ արած համատեղ հայտարարություններին: «Պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։
Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Տվյալ դեպքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որեւէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը։ Տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն միեւնույն է՝ իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու։ Այսպիսով, Հայաստանը համաձայնել է ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ երբեւէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որեւէ հեռանկար»,- ասված է հայտարարության մեջ: