Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ» ԽԱՎԻ ԿՅԱՆՔԻՑ

Դեկտեմբեր 04,2009 00:00

ՀՀ մաքսային պետական ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը իր առանձնատուն՝ Ծաղկաձոր ու այլ տեղեր գնալուց շարունակում է օգտվել բացառապես պետական ավտոմեքենաներից, որոնք, ի դեպ, պատկանում են միանգամից երկու գերատեսչությունների՝ պետական եկամուտների կոմիտեին եւ պահպանության պետական ծառայությանը: Ընդ որում, ինքը՝ Արմեն Ավետիսյանը, նախընտրում է իր «Կրայսլեր» ավտոմեքենայի պետհամարանիշները հաճախակի փոխել եւ երթեւեկել մեկ՝ պահպանության պետական ծառայության, մեկ՝ պետեկամուտների կոմիտեի պետհամարանիշներով: Իսկ «ախրաննիկները» շեֆին ուղեկցում են պետական եկամուտների կոմիտեի ավտոմեքենաներով (պետհամարանիշը՝ 101 ՏՏ 05): Գուցե այն պատճառով, որ այդ թիկնապահները առ այսօր էլ գրանցված են եւ աշխատավարձ են ստանում հենց պետեկամուտների կոմիտեից: Իհարկե, այս պարագայում հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ է այս մասին մտածում, ամեն հինգշաբթի կառավարության նիստերում իր կաբինետի անդամներին բարոյախրատական դասախոսություններ կարդացող վարչապետը: Այն դեպքում, երբ 2010թ. բյուջեում կրճատվում են սոցիալական, կրթական եւ անգամ պաշտպանության ծախսերը, նախկին պաշտոնյան շարունակում է «սնվել» պետբյուջեից: Ավելորդ չէր լինի նաեւ իմանալ, թե ինչպե՞ս կգնահատեր այս ամենը վերջերս Երեւանում հայաստանյան մաքսային բարեփոխումների հասցեին բարձր գնահատականներ շռայլած համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Կունիո Միկուրիան:
Մնում է ենթադրել, որ Արմեն Ավետիսյանը, նախկին նախագահների նման, ցմահ օգտվելու է պետական ամեն բարիքից՝ պետությանը մատուցած անգնահատելի ծառայությունների համար: Կամ էլ նա գտնվում է սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել