ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը վստահեցնում է՝ եթե իշխանությունները ետ չկանգնեն, իրենք դիմելու են իշխանափոխության:
– ՀՀ ԱԳ նախարարն Աթենքում հայտարարել էր. «Երբ համաձայնության գանք Մադրիդի սկզբունքների վերաբերյալ, կսկսվեն բանակցություններ` պայմանագրի մշակման մասին, որին անպայման կմասնակցի նաեւ ԼՂ-ն»: Իսկ Է. Մամեդյարովն ասել էր, որ բանակցություններում առաջընթացն արդեն զգալի է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները եւ, ընդհանրապես, աթենքյան հանդիպումները:
– Սա նշանակում է, որ կատարվում է այն, ինչի մասին ասում էինք՝ երկու գործընթացները միաժամանակ ակտիվացվում են՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ ԼՂ հարցի կարգավորումը: Մենք ունենք ՀՀ-Թուրքիա հարաբերությունների արդեն ստորագրված փաստաթուղթ, որը փոխանցվել է ՍԴ, որ հետո գա ԱԺ, իսկ Ղարաբաղի հարցով՝ նախագահների վեց հանդիպում մեկ տարվա ընթացքում: Դրանք հանգեցրել են շատ հստակ լուծումների: Մնացած հարցերն իրենք ձգձգում են, որպեսզի ԼՂ հարցով եւս ստանան որոշակի լուծում: Աթենքյան այս հայտարարությունը շատ հստակ ասում է, որ գործընթացը կանխորոշված է, սրանով հստակեցվել են բանակցությունների շարունակման պայմանները՝ նկատի ունենալով արդեն կատարվածը: Ֆիքսվում է, որ կողմերը չեն կարող շեղվել մադրիդյան սկզբունքներից եւ պարտավոր են արագացնել ու ավարտին հասցնել դրա հիման վրա համաձայնեցման աշխատանքները, ինչպես պահանջել են երկրների նախագահները իրենց հունիսի 10-ի հայտարարության մեջ: Հաջորդը՝ համաձայնեցված սկզբունքները շրջանակային հիմք պետք է դառնան համընդգրկուն կարգավորման: Եվ երրորդը՝ ԼՂ մասնակցության հարցն այստեղ հստակ սահմանված է. մինչեւ այս շրջանակային հիմքերի ստեղծումը, Ղարաբաղը մասնակցելու հնարավորություն չի ունենա, կկարողանա մասնակցել այն բանից հետո, երբ կստեղծվի համընդգրկուն կարգավորման շրջանակային հիմքը:
– Իսկ այս մոտեցումները ինչո՞վ են վատը:
– Այս երեք մոտեցումներն էլ շատ վտանգավոր են: Սկսեմ վերջինից: Ի՞նչ է նշանակում՝ Ղարաբաղը կմասնակցի սկզբունքները համաձայնեցնելուց հետո: Շրջանակային սկզբունքները եթե արդեն համաձայնեցվել են, Ղարաբաղին տալիս ենք միայն մի նեղ տիրույթ, որի մեջ նա կարողանա հենց այնպես տեսակետ արտահայտե՞լ: Բնականաբար, որեւէ այլ տեսակետ, որը կհակասի այդ սկզբունքներին, Ղարաբաղը չի կարող արտահայտել: Ստացվում է, որ այդ մասնակցությունը ձեւական բնույթ է կրելու եւ ուրիշ ոչինչ:
– Դուք կարծես կիսում եք նախկին ԱԳ նախարար Ալ.Արզումանյանի տեսակետը. «Եթե խոսքը գնում էր ռեֆերենդումի մասին, ապա պարտադիր է, որ միջազգային իրավունքի կողմից ընդունված նորմը՝ ռեֆերենդում տերմինը օգտագործվեր փաստաթղթում եւ ոչ թե դրա մեղմասացությունը՝ ինչ-որ կամարտահայտության մասին, որի բացատրությունը միջազգային իրավունքը չի տալիս, եւ մտահոգ ենք, որ վաղը մեզ կհրամցվի որեւէ փաստաթուղթ՝ ստորագրված Բակո Սահակյանի կողմից, որը կներկայացվի որպես կամարտահայտություն»:
– Դա վերաբերում է այս սկզբունքների միայն մեկ հատվածին: Մենք ամբողջությամբ այդ սկզբունքների հետ կապված մեր մոտեցումը ներկայացրել ենք՝ այդ սկզբունքներով կարգավորումը շեղում է այն սկզբունքներից, որով մենք պատրաստվում էինք լուծել ԼՂ հարցը: Ի՞նչ նոր կամարտահայտության մասին է խոսքը, եթե այն հակասում է Ղարաբաղի ժողովրդի արդեն իսկ արտահայտած կամքին: Սա ավելի ամբողջական անհամաձայնություն է փաստաթղթին, քան պարզապես մի կետով նախկին ԱԳ նախարարի ասածը: Դա ուղղակի տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը ներկայացրել է Տեր-Պետրոսյանը՝ իրենք դեմ չեն կարգավորմանը, եթե պայմանները հստակեցվեն: Մենք դեմ ենք ընդհանուր մոտեցմանը: Մենք ասում ենք՝ պետք է հստակեցվի՝ ինչպե՞ս: Իրենք ասում են՝ հստակեցվի, պարզ դառնա ինչն ինչոց է, այդ ժամանակ հասկանալի կլինի: Իրենք հարցն ուրիշ տեղ են տանում:
Հ. Գ. Թե ինչպես է Դաշնակցությունը պատրաստվում իրականացնել իշխանափոխություն, կարդացեք առաջիկա համարներից մեկում: