Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր՝ «Հատիս»-«Աթինաիկոս»

Դեկտեմբեր 03,2009 00:00

Այսօր Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի 2009/10 թթ. գավաթի խաղարկության երրորդ տուրում մայրաքաղաքի «Միկա» դահլիճում հյուրընկալում է Հունաստանի «Աթինաիկոսին»:
Իսկ երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը շնորհակալագրեր եւ հուշանվերներ հանձնեց ակումբի անդամներին՝ օրերս Ստամբուլում «Բեշիկթաշի» նկատմամբ 87:64 հաշվով տարած ջախջախիչ հաղթանակի համար:
Ա. Գրիգորյանը նշեց, որ պատմական այդ հաղթանակի օրը ինքը Լիսաբոնում մասնակցում էր օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հավաքին. «Հաղթանակի լուրն անմիջապես տարածվեց հավաքի մասնակիցների շրջանում: Նրանք զարմացած էին ու շնորհավորում էին ինձ: Ես հպարտ ու երջանիկ էի»:
Շնորհակալագրերը հանձնելով՝ նախարարը հիշեց, թե 80-ականներին այն ժամանակվա Աբովյանի «Հատիսի» մրցելույթներն ինչպիսի ոգեւորություն էին պատճառում հայ մարզասերին: Եվ ընդգծեց, որ հիմա հարկավոր է ըստ ամենայնի ոգեւորել մեր թիմին, քանի որ «Հատիսի» հաջող մրցելույթներով վերականգնվում են բասկետբոլային ավանդույթները Հայաստանում:
Արարողությանը հաջորդեց «Հատիսի» մամուլի ասուլիսը: Ֆեդերացիայի նախագահ Հրաչ Ռոստոմյանը բավական հետաքրքիր մանրամասներ պատմեց Ստամբուլ իրենց ուղեւորության մասին. «Մենք որոշել էինք մրցավայր մեկնել Թբիլիսիով, որպեսզի տեղավորվենք խելամիտ ժամանակահատվածում: Սակայն այնտեղի օդանավակայանում տեղեկացանք, որ մառախուղի պատճառով չվերթը հետաձգվում է: Հետո ասացին, որ այն ընդհանրապես այդ օրը հանվել է: Եվ մի քանի ժամ անց վերջապես թռանք: Տեղ հասանք 16 ժամ ուշացումով: Ստամբուլի օդանավակայանում մեզ դիմավորեց Թուրքիայի անվտանգության ծառայությունը: Ասեմ, որ նրանք իրենց աշխատանքը կատարում էին անթերի: Հետաքրքիր միջադեպ կատարվեց արդեն հանդիպումից առաջ՝ դահլիճում: Մրցակից թիմը մեր աղջիկներին ծաղկեփնջեր էր մատուցում: Դրանցից մեկը փաթաթված էր սեւ ժապավենով: Մեր թիմի ավագ Բոյանա Վոլիչն էլ այն հենց տեղում նետեց նրանց վրա: Սկզբում նրանց սակավաթիվ երկրպագուները շատ ակտիվ, կասեի՝ ագրեսիվ կերպով ոգեւորում էին իրենց թիմին: Բայց դա տեւեց ընդամենը յոթ րոպե, երբ մենք գլխավորեցինք հաշիվն ու այն պահեցինք մինչեւ վերջ: Այդ ընթացքում արդեն տարերքի մեջ էին տեղի մեր հայրենակիցները, որոնց առանձնակի շնորհակալություն ենք հայտնում: Մի բան էլ: Ամեն մի դիպուկ նետումից հետո մեր աղջիկները, որոնց մեծ մասը այլազգի է, գրկախառնվում էին ու ի լուր բոլորի ասում, որ դա նվիրում են հայերի նախնիների հիշատակին (մեկնելուց առաջ թիմն ամբողջ կազմով այցելել էր Ծիծեռնակաբերդ, որտեղ լեգեոներականները ծանոթացել էին ցեղասպանության պատմությանը)»:
Հրաչ Ռոստոմյանը շնորհակալություն հայտնեց նաեւ հայ հանդիսականին, նրանց, ովքեր հավատացել ու հավատում են «Հատիսին», կանգնած են իրենց կողքին:
Այնուհետեւ, մարզիչներն ու բասկետբոլիստուհիները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել