Դրանք աստիճանաբար լուծելու ելքը ինքնուրույն պետք է գտնել
Հայաստանում հեծանվային մարզաձեւի երկու կենտրոն կա՝ «Հայաստան» մարզական միության հեծանվային մարզադպրոցը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցը: Վերջինս մասնաճյուղեր ունի նաեւ Արարատում, Գյումրիում, Վանաձորում եւ Աբովյանում:
Ի՞նչ վիճակում է հեծանվասպորտը այսօր Հայաստանում, ի՞նչ քայլեր են ձեռնարկում մարզաձեւի զարգացման համար պետությունը եւ հանրապետական ֆեդերացիան: Տարին ամփոփելու համար օրերս կայացած համաժողովին ֆեդերացիայի ներկայացուցիչները փորձեցին տալ նաեւ այս հարցերի պատասխանները: Ֆեդերացիայի՝ նախորդ տարվա կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար: Հեծանվային մարզաձեւին պետությունը տնտեսական ճգնաժամի պատճառով 2009-ին տրամադրել է 10 մլն դրամ՝ նախատեսված 12-ի փոխարեն: Դրանից ուղիղ կեսը ֆեդերացիան ծախսել է հրապարակային, մյուսը՝ խճուղային հեծանվավազքի պահպանման ու զարգացման նպատակով: 2009-ին մեր մարզիկները մասնակցել են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, Մոսկվայում կայացած մրցաշարին՝ երկու մրցաձեւերում: Անցկացվել են ուսումնամարզական հավաք, Հայաստանի առաջնություն: Առաջին անգամ մասնակցություն է եղել նաեւ Թուրքիայում կազմակերպված մրցաշարին:
18-ամյա Սուրեն Պետրոսյանը Մոսկվայում՝ հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 10-րդ տեղը: Սակայն ինչ-ինչ պատճառներով որոշել է թողնել հեծանվասպորտը: Ֆեդերացիայի մի քանի անդամների զայրացրել էր այդ լուրը, եւ նրանք համաժողովում դա կապեցին նաեւ Սուրենի՝ հեծանիվ չունենալու փաստի հետ: Նշենք, որ Սուրենը Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության հեծանվաhրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանի որդին է:
Ֆեդերացիայի մի քանի անդամներ էլ փոխնախագահին մեղադրում էին ինչ-որ մրցման մասնակցելու հարցում այլ մարզիկների աչքաթող անելու հարցում: Նրանք նկատի ունեին 23-ամյա Արմեն Խառատյանին: Կոնկրետ մեղադրանքին պարոն Խաչատրյանը ֆեդերացիայի անդամ իր գործընկերներին հակադարձեց. «Մենք պրոֆեսիոնալներ ենք ու գիտենք, որ նա իրավունք չուներ քշելու»: Հետո՝ ավելի ուշ իմացանք, որ խոսքը վերջերս Նոյեմբերյանում կազմակերպված խճուղային հեծանվավազքի «Բարեկամության կամուրջ» անունն ստացած միջազգային առաջին մրցման մասին էր, որին, կանոնադրության համաձայն, մասնակցելու իրավունք տրվում էր մինչեւ 23 տարեկան հեծանվորդներին: Այնինչ, մեկնարկից մեկ ամիս առաջ Ա. Խառատյանի 23 տարին արդեն բոլորել էր: Մի կողմից ամեն ինչ կատարվել է կանոնադրության պահանջների համաձայն: Մյուս կողմից էլ ոմանք տրտնջում են, թե առանց այդ էլ շատ մարզիկներ չունենք, ու այդ մրցումը տվյալ հեծանվորդին մարզավիճակ պահպանելու, մրցափորձ կուտակելու լավ հնարավորություն էր, որը ձեռքից բաց թողնվեց: Կողմերից ո՞վ է ավելի ճիշտ, թող որոշեն իրենք՝ մարզաձեւի մասնակիցները:
Հանդիպման վերջում Աշոտ Խաչատրյանը, անդրադառնալով Սուրեն Պետրոսյանի՝ հեծանվային սպորտից հեռանալու հարցին, հայտարարեց, որ նա երբեք չի թողել հեծանվասպորտը եւ այժմ էլ պարապում է, քանի որ ինքը որդուն «բան» է խոստացել: Յոթ տարեկանից այս մարզաձեւով զբաղվող Սուրեն Պետրոսյանն իր վերջնական որոշման մասին «Առավոտին» անձամբ ասաց. «Վերջերս սկսեցի չսիրել էս գործը, հիասթափվել եմ: Ուրիշ սպորտաձեւ եմ ընտրել, արդեն մեկ ամիս է` ըմբշամարտ եմ պարապում: Նախկինում էլ հեծանվային մարզաձեւին զուգահեռ պարապում էի: Այժմ, կարծես, այս բնագավառում ստացվում է»: Սուրենի ցանկությունը եղել է Մոսկվա գնալ՝ մարզվելու, սակայն գումարի բացակայության պատճառով չի հաջողվել: Իսկ Մոսկվա մեկնելու պատճառը մեկն է եղել. Հայաստանում մարզվելու համապատասխան պայմաններ չկան. «Այնտեղ հեծանվասպորտը զարգացած է, հեծանվահրապարակները ծածկած են, իսկ մեր միակը՝ բաց ու բետոնյա: Պայմաններ չկան: Ձմռանը կարողանում ես միայն ֆիզիկականիդ վրա աշխատել»: Հարցրինք՝ իսկապե՞ս հեծանիվ չունի, պատասխանը հետեւյալն էր. «Հիմա հեծանիվ ունեմ, բայց էլ պետք չի»: Ըմբշամարտին նվիրված Սուրենը, սակայն, հուսով է, որ հեծանվասպորտի ապագան Հայաստանում լավ է լինելու. «Ֆեդերացիայի նոր նախագահը՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ Ալեքսանդր Բերեզովսկին, որը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու եղբայրն է, ամեն ինչ անում է: Վերջերս Ախթալայում մրցումներ անցկացվեցին: Շատ լավ էր: Վերջին անգամ չեմ էլ հիշում, թե ե՞րբ է նման մրցում եղել՝ ես փոքր էի: Բայց ուրիշ երկրներում նման մրցումներ շատ են լինում: Ռուսաստանում՝ երեւի տարեկան հարյուր անգամ»: Սուրենը զարմանում է. «Ինչո՞ւ են Հայաստանում, հատկապես աղջիկները, ամաչում հեծանիվ քշել: Երբ Մինսկում էի, շատ էին հեծանվասպորտով զբաղվող երիտասարդները ու նաեւ տարիքով մարզիկները: Շատ հաճելի էր: Կուզեի, որ Հայաստանում էլ մի օր լիներ այդ պատկերը»:
Ֆեդերացիայի համաժողովում թեժացող քննարկման թեմաներից մեկն էլ ցածր աշխատավարձն էր: Ներկաների գերակշիռ մասի համոզմամբ, մարզչի ստացած 40 հազարը միայն տրանսպորտի չի բավականացնի, իսկ այլընտրանքային միջոցներով գումար աշխատելու դեպքում հիմնական աշխատանքը կմոռացվի: Նրանք համակարծիք էին, որ ոչ մեկը փող չի տալու, իրենք պետք է բիզնես անեն ու գումար վաստակեն: Այս նուրբ խնդրի էությանն անդրադարձավ նաեւ ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին (լուսանկարում). «Տուրիստական խմբեր կան, որ շահագրգռված են Հայաստանում զարգացած տուրիզմ ունենալու համար: ՀՀ այցելած յուրաքանչյուր տուրիստ 3-4 հազար եվրո է ծախսում: Կարելի է, չէ՞, մտածել նրանց համապատասխան ծառայություն մատուցելու ձեւերի մասին: Ասենք, համագործակցություն հաստատել տեղի կամ դրսի տուրիստական գործակալությունների հետ: Գերմանացիները մեր երկիրը, բնությունը տեսել ու հիացել էին, իրենց անհրաժեշտ է միայն ծառայություն մատուցել»: Պարոն Բերեզովսկին գտնում է. «Մեր մեջ մտած է այն հոգեբանությունը, որ երեխա ժամանակվանից մեզ վարժեցրել են. պիտի աշխատենք, որ մեզ փող տան: Բայց ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է եւ պետությունը պարտավոր չէ ֆինանսավորել: Իսկ ինչ տալիս է, կոչվում է աջակցություն մարզաձեւին: Հետեւաբար, նախ եւ առաջ մենք պետք է փորձենք վաստակել: Դրա ձեւերն ու հնարավորությունները կան: Մնում է ճիշտ ուղիներ գտնել ու ճիշտ օգտագործել: Ես մտածում եմ այս մասին, բայց սա ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամի գործը պետք է լինի»:
Ֆեդերացիայի անդամ, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի կիրառական մարզաձեւերի ամբիոնի ավագ դասախոս Գեւորգ Գյոզալյանի կարծիքը մի փոքր այլ է: Նրա խոսքերով՝ քանակ ու որակ ունենալու համար նախ պետական մոտեցում է անհրաժեշտ. «Առաջին հերթին պետք է խթանել մարզաձեւի մասսայականությանը, թե չէ՝ այս տարի Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ընդամենը 5 դիմորդ է եղել: Հետեւանքն այն է, որ վեց հոգանոց թիմ կազմելու համար մարզիչները չգիտեն 6-րդին որտեղից գտնել»: Պարոն Գյոզալյանը «Առավոտին» հավաստիացրեց. «Պարապելու ցանկություն շատերն ունեն, բայց հեծանիվներ չկան: Վերջին անգամ Հայաստանում հեծանիվ պետականորեն մտել է 90 թվականին: Այժմ մեր կողմից հանցագործություն է այդ 80-90-ական թվականների գույքը օգտագործելը: Խորհրդային տարիներին մի հեծանիվը նախատեսված էր օգտագործել 3 տարի: Եթե հեծանվորդին ինչ-որ բան էր պատահում եւ պարզվում էր, որ հեծանիվը 4-5 տարվա է, քրեական գործ էր հարուցվում: Այժմ անվադողը վնասվելու դեպքում մի քանի անգամ սոսնձով «օպերացիա» ենք անում, սա հանցագործություն է, բայց մարզիչն այդ քայլին գնում է, այլ ելք չկա»: