Տիգրան Հեքեքյանը 50 տարեկան է: Օրերս «Արամ խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հոբելյանական համերգը նվիրված էր ոչ միայն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տ. Հեքեքյանին, այլեւ հոգեւոր երաժշտության «Եղիցի լույս» CD-ի շնորհանդեսին: Երեկոն բացեց մաեստրոն՝ ներկայացնելով իր արդեն իրականացած երազանքը՝ ստեղծել մանկական մի քաղաք կամ կառույց, որտեղ գործում են միայն արդարության եւ ազնվության օրենքները, արժանավորը գնահատվում է ըստ իր արժանիքների: Դահլիճը հնարավորություն ուներ իր հարցերն ուղղելու հոբելյարին: Տ. Հեքեքյանը ներկայացրեց նաեւ իր գերդաստանի պատմությունը՝ Տիգրան պապին, որ զորավար Անդրանիկի համհարզն է եղել, հորը՝ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադիրներից Արտյոմ Հեքեքյանին, մորն ու քրոջը՝ ռեժիսորներ Էլմիրա եւ Աննա Հեքեքյաններին: Պատմեց, թե ինչ ըմբոստ երեխա է եղել մանկապարտեզում, դպրոցում, ինչպես է սովորել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, մանկավարժական ինստիտուտում եւ պետկոնսերվատորիայում: Տ. Հեքեքյանը մեկ առ մեկ հիշեց իր բոլոր այն դասախոսներին, որոնց անձը նշանակություն է ունեցել իր՝ որպես արվեստագետ կայացման հարցում: Զրույցի ամեն պատառիկին հետեւում էին «Հայաստանի փոքրիկ երգիչների» անզուգական կատարումները: Երեկոյին ներկա էին նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչների» նախկին անդամները: Նրանք հենց ամֆիթատրոնից կատարեցին այն երգերը, որոնք ժամանակին սովորեցրել էր մաեստրոն: Տ. Հեքեքյանը հպարտությամբ նշեց, որ թեեւ նրանք վաղուց ոչ թե փոքրիկ երգիչներ, այլ փոքրիկների մայրեր են, այնուամենայնիվ, կարողանում են «ենթարկվել» դիրիժորի իր ձեռքին: