Լրահոս
Օրվա լրահոսը

Հայպետֆիլհարմոնիան տանիք կդառնա

Դեկտեմբեր 03,2009 00:00

\"\"Այն պատրաստ է իր հարկի ներքո ընդունել որոշ կոլեկտիվների եւ անհատ կատարողների

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում դեկտեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կմեծարի «Հայհամերգի» նախկին տնօրեններ Գեորգի Ասատուրյանին, Վլադիլեն Բալյանին եւ Լավրենտի Բարսեղյանին: Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը ստեղծեց Դպրոցականի ֆիլհարմոնիան, Լավրենտի Բարսեղյանը, որը հետագայում Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հիմնադիր-տնօրենն էր, հայրենիք հրավիրեց մեծանուն խմբավար Հովհաննես Չեքիջյանին, Գեորգի Ասատուրյանը «Ոսկե աշունների» հիմք դրեց: Կայանալիք մեծարման երեկոյի հայտագրում կուզեինք հանդիպել նաեւ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվանը, որը երկար տարիներ հանդիսացել է «Հայհամերգի» գեղարվեստական ղեկավար: ԽՍՀՄ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիան միակն էր, որը Կրեմլի կողմից չէր ենթարկվում գաղափարական ճնշումների՝ շնորհիվ Ալեքսանդր Հարությունյանի անվան, կապերի ու ծանոթությունների:
Մինչ օրս մշակութասեր հանրությունը, այդ թվում նաեւ արվեստագետներից շատերը, շփոթում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան եւ «Հայհամերգը»: Վերջինս ստեղծվել է 1930թ., 80 տարիների ընթացքում հանդես եկել Ֆիլհարմոնիա կամ «Հայհամերգ» անվամբ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հանդիսանում է նշված կազմակերպությունների իրավահաջորդը եւ մեր հանրապետության միակ պետական համերգային կազմակերպությունն է:
Հնարավոր չէ՞ Հայաստանում գործող որոշ կոլեկտիվների եւ անհատների միավորել Հայպետֆիլհարմոնիայի տանիքի տակ, ավելի նպատակասլաց դարձնելով ե՛ւ մշակութային քաղաքականությունը, ե՛ւ համերգային գործունեությունը: Պատասխանելով հարցին, Հայպետֆիլհարմոնիայի ներկայիս տնօրեն Գագիկ Մանասյանն ասաց, որ ինքը նման քաղաքականության կողմնակից է եւ համոզված է, որ փոքր հանրապետությունում փոքր անսամբլները, որոնք չունեն փորձատեղի կամ ունեն նվագարանների կարիք, պետք է ընդգրկվեն հենց պետական ֆիլհարմոնիայի կազմում. «Այս ծրագիրը քննարկվել է նախարարի հետ՝ արժանանալով նրա հավանությանը: Օրինակ, այս տարի Ֆիլհարմոնիայի կազմում ընդգրկվեցին Հայաստանի պետական մենակատարների անսամբլը (ղեկավար՝ Զավեն Վարդանյան), Հարություն Թոփիկյանի ղեկավարած կամերային երգչախումբը: Հայերս, ունենալով դարերից եկած բարձրարժեք ժողովրդական արվեստ, պետք է դրանով մեզ վրա ուղղենք աշխարհի հայացքը: Առաջին քայլը Ֆիլհարմոնիայի կազմում ժողանսամբլների ընդգրկումն է, մանավանդ որ, նրանցից եւ ոչ մեկը չի կարող մենահամերգի ժամանակ ապահովել լեփլեցուն դահլիճ: Իսկ մենք ունենք նախագծեր եւ համոզված ենք, որ դրանց իրագործման դեպքում կապահովենք այդ ամենը»: Հարցին՝ ոմանք այն միտքն են հայտնում, թե ժամանակն է հրաժարվել խորհրդային մնացուկ համարվող համերգային միավորումներից, պարոն Մանասյանը պատասխանեց. «90-ականներին էլ, երբ փորձում էին վերացնել կամ լուծարել Պետֆիլհարմոնիան, ստեղծվեցին մոտ երկու տասնյակ ՊՈԱԿ-ներ, որոնք երկրի, ազգի անկախությունը շփոթում էին մշակութային «անկախության» հետ: Իհարկե, դրանց գլուխ կանգնած արվեստագետների ծրագրերը ձախողվեցին, եւ ամեն ինչ իր տեղն ընկավ: Ուզում եմ հանդուրժողականության կոչ անել՝ միայն մեկը մյուսին օգնելով ու լրացնելով կարող ենք ներկայացնել հայ բարձրակարգ արվեստ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել