Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՈՐՈՇԵՑ ՀԱՎԵԼՅԱԼ ԶԻՆՈՒԺ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆ

Դեկտեմբեր 03,2009 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հստակորեն հաստատել է Աֆղանստանի հանդեպ իր գլխավորած երկրի կողմից ստանձնած պարտավորությունը, եւ նրա հայտարարությունն ամբողջությամբ համապատասխանում է այն սպասումներին, որոնք նրանից ակնկալում էին Աֆղանստանի կառավարությունն ու աֆղան ժողովուրդը: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, երեկ Աֆղանստանի ԱԳ նախարար Դադֆար Սպանտան այսպես է գնահատել հավելյալ 30 հազար զինծառայողի Աֆղանստան ուղարկելու մասին ԱՄՆ-ի որոշումը: Նախարարը շեշտել է տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի վտանգը՝ հասկացնել տալով, որ Աֆղանստանն ու Պակիստանը չպետք է դառնան «Ալ-Քաիդայի» եւ այլ ծայրահեղական ուժերի մշտական ռազմաբազան:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Բարաք Օբաման հայտարարել է Աֆղանստանում ամերիկյան զորքերը եւս 30 հազար զինծառայողով համալրելու վերաբերյալ իր որոշման մասին՝ բացատրելով, որ «Աֆղանստանում եւ Պակիստանում մեր անվտանգությունը սպառնալիքի տակ է», միաժամանակ շեշտելով, որ այդ երկու երկրները դարձել են «Ալ-Քաիդայի» ծայրահեղականության էպիկենտրոնը»: «Մենք պետք է ճնշում գործադրենք «Ալ-Քաիդայի» վրա, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանում մեր գործընկերների կայունությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է ԱՄՆ նախագահի որոշմանը իր լիակատար աջակցությունը: Բացի այդ, Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու այդ երկիր հավելյալ զինուժ ուղարկելու հարցը դառնալու է դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր թեման: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու կոալիցիայի գործընկերները պատրաստ են ամենաքիչը եւս 5 հազար լրացուցիչ զինծառայող ուղարկել Աֆղանստան՝ ամերիկյան զինուժին աջակցելու համար:
Մինչդեռ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, «BBC»-ի փոխանցմամբ, հայտարարել են, թե Աֆղանստանում ԱՄՆ-ի հայտարարած պատերազմի այդ նոր ծրագիրն ու լրացուցիչ զինուժ ուղարկելու որոշումը միայն կուժեղացնի գրոհայինների կողմից ցուցաբերվող դիմակայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել