Հյուսիսային Կովկասի իսլամիստների խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 27-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղերթն իրականացնող «Նեւսկի էքսպրես» արագընթաց գնացքի պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը:
«Կավկազ-ցենտր» կայքում, որը համարվում է չեչեն անջատողականների ամբիոնը, հրապարակվել է «Կովկասյան մոջահեդներ» անունը կրող մի խմբավորման նամակը, որում պնդում կա, թե արագընթաց գնացքի վրա կատարված հարձակումը իրականացվել է իրենց առաջնորդ Դոկու Ումարովի հրահանգով՝ «դեռ այս տարեսկզբին ծրագրված եւ հաջողությամբ իրականացված պայթեցումների շրջանակներում»: Այս հայտարարության հավաստիությունը «BBC»-ի մատուցմամբ հաստատել կամ հերքել հնարավոր չէ, իսկ ՌԴ ուժային կառույցները «Կավկազ-ցենտրում» հայտնված հայտարարությունը չեն մեկնաբանում: Միաժամանակ, Չեչնիայի ՆԳՆ-ում կասկածում են, թե Ումարովը, որը Ռուսաստանում հետախուզվողների շարքում ամենամեծ «պահանջարկը» վայելող գրոհայինն է, «Չեչնիայում, ինչպես նաեւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններում նման խոշորամասշտաբ ահաբեկչական ակտ կազմակերպելու եւ համակարգելու հնարավորություններ ունի»: Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով, «Նեւսկի էքսպրեսի» պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնելու մասին հայտարարել են նաեւ ռուսական ազգայնական աջ խմբավորման՝ «Combat 18»-ի ներկայացուցիչները եւս:
Հիշեցնենք, որ ճեպընթացի պայթյունի արդյունքում տեղի ունեցած վթարի զոհ էր դարձել 23 մարդ, եւս 95-ը վիրավորվել եւ տեղափոխվել էր հիվանդանոց: Նրանցից 13-ի վիճակն այսօր էլ գնահատվում է ծանր: