Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ-Ն՝ ԱՆԿԱԽ ԴԻՏՈ՞ՐԴ

Դեկտեմբեր 03,2009 00:00

Կառավարության վերջերս ընդունած որոշմամբ՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, որը մինչ այժմ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ էր, առանձնացվել է եւ հիմա ԿԳՆ-ից անկախ է՝ կառավարության աշխատակազմին է ենթարկվում:
Թե ինչ է նշանակում այս վերջին միտքը՝ անգամ ոլորտի մասնագետները դեռ լավ չեն հասկանում, սակայն ԳԹԿ-ի առանձնացումը հակասական արձագանքներ է ստացել: ԿԳ նախարարը, օրինակ, հիացած չէ այդ փաստից, իսկ ԳԹԿ-ում հիմնականում ողջունում են այս փոփոխությունը: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով դեռ 2008թ.-ին Ծաղկաձորում կայացած՝ միասնական քննությունների կազմակերպմանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ բարձրացրել էր հարցը, որ թեստավորման կենտրոնը պետք է անկախ մարմին լինի, որպեսզի հակակշիռների մեխանիզմը գործի, այլ չստացվի, թե հենց կրթության քաղաքականությունն իրացնող մարմինն էլ ի վերջո ստուգում է ինքն իր կատարած աշխատանքը, նույնպես ողջունում էր կառավարության որոշումը: Տիկին Բախշյանի պատկերացմամբ՝ այս անկախ մարմինը, յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին, դպրոցներում անցկացրած ընթացիկ ստուգումների արդյունքում, պետք է կազմի դպրոցների վարկանիշային աղյուսակ, եւ դպրոցները պայքարեն այդ աղյուսակում լավ տեղեր գրավելու համար, չէ՞ որ դրանից կախված կլինի, թե որքան երեխա կգնա իրենց դպրոց եւ, հետեւաբար, որքան գումար կվաստակի դպրոցը: Ահա այստեղ նույնպես բարձրանում է կառավարության 2006թ. ընդունած որոշման անընդունելիության հարցը, որին մենք արդեն անդրադարձել ենք (տես «Առավոտ», 24.11.09, «Ավագ դպրոցները քոլեջների հաշվի՞ն են ուզում լցնել») եւ որի շնորհիվ մարզպետարաններն իրավասու են դպրոցների հաշվին նստած գումարները վերաբաշխել: Ստացվում է, որ լավագույն դպրոցները, որոնք վաստակել են հեղինակություն եւ այդ պատճառով ավելի շատ աշակերտ ունեն, միեւնույն է, ֆինանսապես չեն շահում, քանի որ իրենց գումարները մարզպետարանը (Երեւանի դեպքում՝ քաղաքապետարանը) իրավասու է վերցնել եւ տալ մի հետնապահ դպրոցի: «Ես պնդում էի, որ «Հանրակրթության մասին» օրենքում լիներ կետ, որ եթե դպրոցը 50%-ից պակաս ցուցանիշ տա, այդ դպրոցին զրկեն լիցենզիայից, կամ՝ առաջարկվի վերանայել դպրոցի կազմը»,- ասում է տիկին Բախշյանը եւ որպես օրինակ բերում 2009 թ. մարտին ՀՀ տարբեր դպրոցներում 10-րդ դասարանի շրջանավարտներին ԳԹԿ-ի կողմից կատարված ընթացիկ գնահատման արդյունքները: Դրանցում շատ խոսուն թվեր կան: Օրինակ, «Կյանքի խոսք» կասկածելի անունը կրող մի մասնավոր դպրոցում մաթեմատիկայից 12 հոգի գրավոր են գրել եւ 12-ն էլ 0 են ստացել: «Աղասի Այվազյան» հեղինակային դպրոցը տվել է 75%-անոց ցածր  արդյունք, «Ասպետ վետերան» դատական-փորձագիտական դպրոց կոչվող հիմնարկում նույնպես 100%-անոց 0 են մաթեմատիկայից, «Գլաձոր» կրթահամալիրում  67%-ն է կտրվել… «Չեմ հասկանում, ինչպես կարելի է այդ դպրոցներին լիցենզիա տալ, եւ վստահ եմ, որ ծնողներն էլ տեղյակ չեն այդ վիճակից: Մասնավորի դեպքում նման դպրոցներն ուղղակի պետք է փակել:  Իսկ պետականի դեպքում՝ վերանայել կազմը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել