Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստվերը»՝ աշակերտների հայացքով

Դեկտեմբեր 03,2009 00:00

«Մենք դեռ չենք սովորել կոռուպցիայի մասին խոսելիս չթաքնվել»,- երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած «Ստվեր» հակակոռուպցիոն ֆիլմերի ու լուսանկարների դպրոցական փառատոնին ներկայացրած ֆիլմերից մեկում 12 տարեկան մի մասնակից այսպիսի եզրակացության եկավ:
Եռօրյա փառատոնը կազմակերպվել է «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» հ/կ-ի, ԱՄՆ ՄԶԳ հակակոռուպցիոն գործողության մոբիլացման ծրագրի աջակցությամբ: «Ո՛չ շահագործմանը», «Ո՛չ կոռուպցիային», «Ո՛չ խտրականությանը» կարգախոսները կրող ֆիլմերը, հոլովակները, լուսանկարներն ու կոլաժները ներկայացրել են Երեւանի եւ ՀՀ մարզերի դպրոցների 50-ից ավելի 12-17 տարեկան աշակերտներ: Փառատոնը մեկնարկեց լուսանկարների ցուցահանդեսի բացումով, որին կհաջորդեն ֆիլմերի եւ հոլովակների ցուցադրություն, քննարկումներ: Ներկայացված լուսանկարները կվաճառվեն՝ 5000, իսկ հոլովակներն ու ֆիլմերը՝ 7000 դրամով, որից ստացված հասույթը կներդրվի այլ լուսանկարներ եւ ֆիլմեր պատրաստելու գործում:
Ծրագրի կոորդինատոր Նանե Բագրատունին ասաց, որ եվրոպական շատ երկրներում հակակոռուպցիոն կրթությունը ներմուծված է կրթական գործընթաց, ինչի շնորհիվ երեխայի մեջ դասերի ընթացքում ներարկվում են հակակոռուպցիոն արժեքներ: Դառնալով հայաստանյան իրականությանը՝ զրուցակիցս ասաց. «Շատ են երեխաները, որոնք հանդիպել են կոռուպցիոն դրսեւորումների, բայց չեն ուզում խոսել դրա մասին, քանի որ վախենում են մեծերից: Փառատոնը ինչ-որ կերպ երեխաների համար լուսավորեց կոռուպցիա տերմինը: Սկզբում, երբ ծնողներն իմանում էին, որ թեման կոռուպցիան է, հրաժարվում էին, որ իրենց երեխան մասնակցի: Բայց ակտիվ ծնողների երեխաները մասնակցեցին: Դպրոցները եւս պասիվ էին, 3-4 դպրոց է ակտիվ մասնակցել»: Այնինչ, այսպիսի փառատոները մասնագետները համարում են հակակոռուպցիոն կրթության լավագույն ձեւերից:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նկատեց. «Կոռուպցիան հասկացություն է, որը երեխան պիտի յուրացնի եւ որի նկատմամբ ձեւավորի անհատական մոտեցում: Իսկ դա կատարվում է այսպիսի աշխատանքների միջոցով. լուսանկարելը, ֆիլմ նկարելը մենք դիտում ենք որպես ուսումնական աշխատանք: Հենց դրանք են մոտեցնում կյանքն ու կրթությունը, դպրոցը»: Կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտուհի Ջուլիետա Մարտիրոսյանն էլ, որը ներկայացրել է «Թաքստոց» ֆիլմը, ասաց. «Ֆիլմն այն մասին է, որ մարդիկ թաքնվում են կոռուպցիայի մասին խոսելիս: Ֆիլմում ներկայացնում եմ մարդկանց, որոնցից կաշառք են վերցրել, բայց որոնք իմ ֆիլմում էլ խոսում են փակ դեմքերով: Կարծում եմ, այս հարցը լուծելու համար պիտի ԿԳՆ-ն համապատասխան պատժամիջոցներ եւ վերահսկողություն սահմանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել