Կամ կրթահամալիրի 20-ամյա պատմությունից առաջ եւ հետո
1984-ին խորհրդահայ շրջանի երկու հալածական մտավորական՝ Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանն աշխատանքի անցան Երեւանի նորակառույց բնակելի զանգվածի՝ Հարավարեւմտյան Բ-1 թաղամասի նորաբաց թիվ 183 դպրոցում: Մեկ տարի անց նրանց հրավերով իրենց միացավ Աշոտ Բլեյանը… եւ երեք Աշոտներով խիզախեցին գորբաչովյան «պերեստրոյկայի» շրջանում ստեղծել ոչ սովորական մի դպրոց: Հենց այս նախագծի հիմքի վրա էլ 1989-ին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Այն օրերս մեծ տոնախմբությամբ նշեց հիմնադրման 20-ամյակը:
«Ուզում եմ, որ մեր դպրոցի անունով մոլորակ ստեղծվի», «Ուզում եմ, որ մեր դպրոցը երեխաներով փայլի». «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նոր դպրոց-պարտեզի 3-12 տարեկան սովորողները «Մենք 20 տարի հետո» խորագրով ցուցահանդեսին այսպիսի ցանկություններ էին ներկայացրել: 1-6-րդ դասարանցիները ցուցահանդեսին ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները՝ բացիկներ, թափոններից պատրաստված զվարճալի տիկնիկներ: 20-ամյակի կապակցությամբ դպրոցում ստեղծվել է նոր գրապահոց, որը գտնվում է Մայր դպրոցի կենտրոնական մասում, որտեղով աշակերտներն անընդհատ անցուդարձ են անում: Սա գիրքը ցուցադրելու մի միջոց է: «Առավոտի» հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց. «Հաճախ ենք դժգոհում, թե երեխաները չեն կարդում: Բայց ընթերցող ընտանիքում, որտեղ կա գրքի պաշտամունք, դժվար է պատկերացնել, որ երեխան չկարդա: Իհարկե, կան խնդիրներ. օրինակ՝ ինչպես գրավիչ դարձնել ընթերցանությունը ժամանակակից երեխայի համար: Այստեղ կարեւոր է գրադարանների մոդեռնացումը՝ ոչ թե հակադրումը թվային միջոցներին, ինտերնետին, այլ ինտերնետն է պետք ծառայեցնել ընթերցողին, քանի որ ի՞նչ տարբերություն՝ երեխան ինչով է կարդում»: Ընթերցանությունը գրավիչ դարձնելու համար կրթահամալիրում ստեղծվել է նաեւ ամառային ընթերցարան՝ ներքին բակում, որտեղ երեխան կարող է ծառի հովին նստել եւ գիրք կարդալ: Գրադարանը նաեւ թվայնացված է, ինչի շնորհիվ սովորողները, ուսուցիչները, տարածքի բնակիչները կարող են էլեկտրոնային տարբերակով գիրք պատվիրել: Ծրագիրը հնարավորություն է տալիս հետեւել, թե որ աշակերտը քանի գիրք է կարդացել:
«Մխիթար Սեբաստացիի» գրադարանն ունի 60 հազար կտոր գիրք, գրքերի համալրման հարցում համագործակցում են նաեւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ, նվիրատվություններ են կատարում ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները: Ա. Բլեյանը այդ խնդրով դիմեց նաեւ «Առավոտի» ընթերցողներին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը հաճախ կոչում են Բլեյանի դպրոց, ասոցացվում է կրթության լիբերալության հետ: Այլ հարց է, որ դա ոչ միշտ է դրական ընդունվում հասարակության կողմից: Լիբերալության դրսեւորումներից է նաեւ զանգի բացակայությունը, փոխարենը՝ բոլոր հարկերում եւ դասարաններում ժամացույցներ կան: Ա. Բլեյանը մեկնաբանեց. «Երեխաներն աշխատում են ժամացույցով: Դա հատուկ է մտածված, որ ձեւավորվի ներքին պայմանավորվածություն ուսումնական գործընթացի նկատմամբ: Չէ՞ որ կյանքում զանգը չի լինելու: Դասն էլ է պայմանավորվածություն, իսկ պայմանավորվածության մենք զանգով չենք գնում»: «Մխիթար Սեբաստացին» հայտնի է նաեւ այլընտրանքային մանկավարժության կիրառմամբ: Պարոն Բլեյանը խոսեց այլընտրանքային մանկավարժության հիմնաքարային սկզբունքների մասին. «Շարունակ շեշտվում է հայ մարդու տաղանդի, ներքին հնարավորությունների, խելքի օգտագործման՝ որպես ամենամեծ ռեսուրսի մասին: Բայց եթե նայենք կրթության տեսանկյունից, հարց կառաջանա՝ ինչպե՞ս է մեր ուսուցչի տաղանդն օգտագործվում, ինչո՞վ է նա տարբերվում այլ երկրների ուսուցիչներից, արդյո՞ք հայ ուսուցչի տաղանդի վրա է կառուցվում կրթական համակարգը, բարեփոխումներն իրե՞նք են նախաձեռնում, իրե՞նք են հեղինակային ծրագրերով ստանձնել պատասխանատվություն՝ պետության, սովորողի առաջ: Ցավոք՝ ոչ: Այժմ հայաստանցի ուսուցիչները բողոքող են, քանի որ նրանց պարտադրվում են պատրաստի դասագրքեր, ուսպլաններ, ծրագրեր: Նրանք սոսկ կատարողներ են դարձել: Իսկ մեր կրթահամալիրում, ուսուցիչներին օժտելով անհրաժեշտ պատասխանատվությամբ, տալով ազատություն, իրավունքներ, օգնել ենք նրանց ձեռք բերել ստեղծագործական աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ, որ իրենք ստեղծեն ուսուցման բովանդակությունը, ձեւերը, որ դրսեւորեն իրենց տաղանդը: Քանի որ միայն հետազոտական որակներ ունեցող ուսուցիչը կարող է տեսնել երեխայի մեջ ստեղծագործական որակներ»: Կրթության կազմակերպման այսպիսի ձեւերը անմիջականորեն կապված են առողջ քաղաքացիական հասարակության ստեղծման հետ: Ա. Բլեյանը «Առավոտի» դիտարկմանն այսպես արձագանքեց. «Արդյունքում կունենանք ակտիվ քաղաքացիներ, որոնք չեն ասում՝ այս ի՜նչ երկիր է, ի՜նչ իշխանություններ, այլ կրում են պատասխանատվություն, փոխում են, մաքրում, բարեկարգում երկիրը, հաճույք ստանում իրենց աշխատանքից: Իսկ մենք ապրում ենք ռեպրեսիվ հասարակության մեջ, որը մի կողմից պարտադրում է ռեպրեսիվ դպրոց, մյուս կողմից էլ կրթությունը՝ որպես հասարակական գործունեության ձեւերից մեկը, պատասխանատու է այդ ռեպրեսիվ հասարակության տարրերի հաղթահարման համար»:
Այժմ կրթահամալիրը տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության առումով հեղափոխման առաջ է. կազմակերպում են միջազգային տեսակոնֆերանսներ, էլեկտրոնային գրատախտակը եւ ուսումնական նոթբուքը շուտով կդառնան կրթության պարտադիր բաղկացուցիչներ: Իսկ «Միցուբիշի էլեկտրոնիքս» ընկերությունն առաջարկել է կրթահամալիրին վերապատրաստումներ անցկացնել ՌԴ-ում, Վրաստանում: Կրթահամալիրի ուսուցիչներն էլ օրերս Բրազիլիայում մասնակցել են «Նորարարական դպրոցների միջազգային համաժողովին»:
«Գոնե կրթության տեսանկյունից պիտի լինի աշխարհ՝ առանց սահմանների: Ուզում ենք, որ մեր սովորողները զգան նոր ժամանակների այդ հաճույքը, օգտագործեն իրենց տաղանդը եւ նվաճեն աշխարհն իրենց տաղանդով: Ոչ թե 5-6 հազար վիճարկելի հողեր տաս-վերցնես, այլ ամբողջ աշխարհը դարձնես քոնը՝ որպես քո տաղանդի իրացման վայր»,- ամփոփեց Աշոտ Բլեյանը: