«Մոլդովայի հայկական եկեղեցիների վրա շատ այլազգիներ են աչք դրել, որովհետեւ դրանք գեղեցիկ են եւ գտնվում են քաղաքի կենտրոնում: Ամեն եկեղեցի պետք է իր հոգեւոր հովիվն ունենա: Մոլդովայում կա հայկական եկեղեցի, որ գրեթե չի գործում: Իսկ եթե եկեղեցին չի գործում, արդեն վտանգի առջեւ է կանգնած»,- երեկ «Հայացք» ակումբում հայտնեց Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը: Նրա ցանկությունն է, որ Մոլդովայում հայկական եկեղեցիները եկեղեցականի գործունեությամբ ակտիվորեն աշխատեն, մոլդովահայերը ունենան մի քանի հոգեւոր հովիվ, որպեսզի եկեղեցիների դռները բացվեն ոչ թե տարին մեկ-երկու անգամ, այլ ավելի հաճախ: Վեներա Գասպարյանը մոտ 40 րոպե ներկայացնում էր, թե իր ղեկավարած համայնքը ի՜նչ հրաշալի միջոցառումներ է կազմակերպում Մոլդովայում. քաղաքապետի հովանավորությամբ եւ ֆինանսավորմամբ նշում են ապրիլի 7, մայիսի 28, դեկտեմբերի 7, ապրիլի 24 եւ այլն:
14-րդ դարի սկզբներից Մոլդովայում հաստատված հայերն այսօր զբաղվում են հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ: «Այժմ մեր երկրում բնակվում է մոտ 12 հազար հայ, որոնց մեծամասնությունը հաստատված է մայրաքաղաք Քիշնեւում»,- ասաց տիկին Վեներան: Հայերը Մոլդովայում ճարտարապետներ, առեւտրականներ, ուսուցիչներ, երաժիշտներ են: Քիշնեւում գործում է 2 հայկական եկեղեցի: «1904 թվականին Բորիս Բաղդասարովի կառուցած հայկական եկեղեցին 60 տարի չէր գործում, լեհերի տրամադրության ներքո էր եւ հայկական համայնքի ու իմ ջանքերով սկսել է գործել»,- նշեց Վեներա Գասպարյանը ու ավելացրեց, որ 2009թ. հոկտեմբերի 24-ին բացվել է նաեւ հայկական մշակութային «Արմենիա» կենտրոնը, Մ. Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցը, ուր հաճախում է 22-25 երեխա, բայց ընդգրկված են ոչ միայն երեխաները, այլեւ մինչեւ 75 տարեկան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն տիրապետել հայերենին: Բանախոսի փոխանցմամբ, Մոլդովայում չկա հայկական թերթ, բայց շուտով մոլդովական թերթերից մեկում կլինի հայկական սյունակ:
16 տարի Մոլդովայում ապրած Վեներա Գասպարյանը ընդգծում է, որ Մոլդովայում փոքրամասնությունների նկատմամբ մամուլը շատ զուսպ է:
Հայ-թուրքական հարաբերությունների եւ Թուրքիայի հետ սահմանի բացման վերաբերյալ հարցին համայնքի ղեկավարը խուսափեց պատասխանել, միայն նշեց. «Թուրքիայի հետ այդ ճանապարհը նախեւառաջ մեր Արեւմտյան Հայաստանի հետ ճանապարհն է: Իրավունք չունենք մոռանալու թափված արյունը: Ինքս չեմ կարող որեւէ դիրքորոշում հայտնել, քանի որ իմ գործը հասարակական գործունեությամբ զբաղվելն է»: