«Հեյֆեր Հայաստանի» հերթական համաժողովին մասնակցող ֆերմերների զգալի մասն այն կարծիքին էր, որ
գյուղատնտեսության ու հատկապես անասնապահության ոլորտում պետությունն այնքան էլ ամուր թիկունք չէ:
«Առավոտի» սեպտեմբերի 19-ի համարում տպագրված «Օգնենք, որ օգնեք» հրապարակմամբ անդրադարձել ենք «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության գործունեությանը: «Հզոր համայնք, հզոր ազգ» կարգախոսով աշխատող կազմակերպությունը իր շահառուներին ծանոթացնում է այլ երկրների ֆերմերների փորձին, ընտանի կենդանիների փոխանցման միջոցով նպաստում համայնքների զարգացմանը: Գյուղացուն կով է տրվում, պայմանով, որ նա կովի կաթից բաժին կհանի համայնքի այլ բնակիչների, իսկ երեք տարի անց այլ կով կտա նույն համայնքի այլ բնակչի: Սա էլ նույնը կանի՝ եւ այսպես շարունակ:
Երեկ Ծաղկաձորում «Հեյֆեր Հայաստանի» ներկայացուցիչները ֆերմերների համար հերթական դասընթացն էին կազմակերպել ու նրանց ծանոթացրին առաջատար ֆերմաներին, մասնավորապես՝ Իսրայելի փորձին, խոսեցին օրգանական գյուղատնտեսության, ինչպես նաեւ՝ համայնքների հզորացման կարեւորության մասին:
Կազմակերպության շահառու, նախկինում անասնաբուծական տնտեսություն ունեցող Արենի գյուղի բնակիչ Ահարոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վայոց ձորի մարզում անասունների գլխաքանակը էականորեն նվազել է՝ մարզի անասնապահության ոլորտում օգտակար գործողության գործակցի ցածր մակարդակի պատճառով: Ինքն էլ իր խոշոր եղջերավոր անասունները վերացրել է եւ հիմա զբաղվում է խաղողագործությամբ: «Զգացի, որ սա եկամտաբեր ոլորտ է: Եթե «Հեյֆերի» նման կազմակերպություններն էլ չլինեին, մերպեսները ընդհանրապես չէին հիշվի: Օրինակ, ես «Հեյֆերի» միջոցով եմ տեղեկանում գյուղատնտեսության ոլորտի նորամուծություններին: Հաճախակի կազմակերպվող դասընթացները եւ աչքներս է բացում, եւ՝ փորձի օրինակ է տալիս: Եթե մեր տարածքի պայմանները թույլ տան, հնարավոր է, որ այդ փորձը մի որոշ ժամանակ ներդնեմ իմ տնտեսության մեջ: Չպետք է վախենալ. պետք է յուրաքանչյուր լավը, նորը փորձել՝ զարգացնելու համար երկրի գյուղատնտեսությունը եւ նպաստելու սեփական եկամուտների աճին»,- «Առավոտին» ասաց Ահարոն Խաչատրյանը: Նա, սակայն, համաձայն չէ, որ գյուղատնտեսությամբ զբաղվողը սոսկ տեսական գիտելիքներով գնա ու ինքնագլուխ ներդրում անի. «Նրան նաեւ պրակտիկ օգնություն է պետք, որպեսզի չիմացության պատճառով գումար չկորցնի»:
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակչուհի Անիչկա Հովհաննիսյանի ընտանիքին մեկ տարի առաջ «Հեյֆերի» տրամադրած կովը փրկեց սովից: «Մեր վիճակն այնպիսին չէր, որ կարողանայինք կով գնել: «Հեյֆերի» օժանդակությամբ գործող Դալարիկի համայնքային խորհուրդը որոշեց, որ իմ ընտանիքն էլ խիստ կարիքավոր է եւ աջակցության կարիք ունի: Մի կով էլ ինձ տվեցին, որն արդեն հորթուկ ունի: Օգտվում ենք ոչ միայն մենք՝ ընտանիքով, այլեւ հարեւաններով: Կաթ ու մածունը նրանց հետ եմ կիսում»:
Տավուշի մարզի Ծաղկավան համայնքի բնակիչ Գագիկ Աթաբեկյանի կարծիքով՝ եթե «Հեյֆերի» հետ կապն ու նրանց տրամադրած նյութերը չլինեին՝ իրենց մտքով չէր էլ անցնի, որ կենդանիների համար նույնպես կարելի է բարեկեցիկ պայմաններ ստեղծել՝ «որպեսզի մեր տվածին համապատասխան էլ կենդանուց պահանջենք»:
«Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանն էլ ասաց, որ 1999թ. մինչ օրս, այսինքն՝ այն օրվանից, երբ կազմակերպությունն իր գործունեությունը ծավալեց նաեւ Հայաստանում, մեր երկրում այս կազմակերպության աջակցությամբ սեփական կայուն ու կենսունակ տնտեսություն է ստեղծել 5000 ընտանիք: