Սյունիքի մարզկենտրոնի միակ բուժհաստատությանը օգնում են բոլորը՝ բացի ՀՀ իշխանությունի՞ց
Հիմնանորոգման կարիք ունեցող Սյունիքի մարզկենտրոն Կապանի միակ հիվանդանոցը՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն պետական հոգածությունից դուրս է մնացել: Արդեն քանի տարի է՝ անմխիթար վիճակում գտնվող բուժհաստատության ղեկավարությունը հարցը հասցնում է բոլոր ատյաններ եւ մակարդակներ, որ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող միջպետական ճանապարհի խաչմերուկում գտնվող Կապանին օգնության ձեռք մեկնեն: Սակայն մինչ օրս հիվանդանոցը շարունակում է ոչ բարվոք պայմաններում ընդունել-ճանապարհել տարածաշրջանի բնակչությանը ու վերջիններս էլ դժգոհելու բազում առիթներ են ունենում: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը պաշտոնավարման առաջին տարին նշելով, հայտարարել էր, որ թերահավատ է, թե առաջիկայում Կապանի հիվանդանոցը պետական աջակցություն կստանա: Քաղաքապետը նաեւ կոչ էր արել քաղաքի գործարարներին ու կազմակերպություններին՝ միանալ քաղաքապետարանին եւ սատարել հիվանդանոցին: Արձագանքները չուշացան, ավելի քան մեկ տասնյակ գործարարների եւ կազմակերպությունների օգնությամբ արդեն 21-23 միլիոն դրամ է հավաքվել: Երեկ Կապանի քաղաքապետը, քաղաքաշինության բաժնի պետն ու հիվանդանոցի ղեկավարը որոշել են, թե ինչ պետք է արվի, որ այսօրվանից սկսվեն շինարարական աշխատանքները: «Կապան» բարեգործական հիմնադրամի փոխանցումների շնորհիվ արդեն հնարավորություն ունենք նորոգել 9 հիվանդասենյակ եւ 6 սանհանգույց: Քաղաքապետարանի կոչին արձագանքները դեռ շարունակվում են, եւ համոզված եմ, որ ակցիայի շրջանակներում հավաքված գումարով կկարողանանք թեկուզ նվազագույն օգնություն ցուցաբերել մեր հիվանդանոցին: 2010 թ. պետբյուջեով Կապանի համար ոչինչ նախատեսված չէ: Մենք չենք կարող սպասել, մենք չենք սպասի եւ մեր ուժերով հնարավորինս կօգնենք հիվանդանոցին»,- ասում է քաղաքապետ Արտուր Աթայանը:
Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Վիլեն Բադալյանի խոսքով, մեկ հիվանդասենյակի նորոգման համար մեկ միլիոն դրամ կծախսվի: Նախագծանախահաշվարկային աշխատանքներն արդեն արվել են: «Բարեգործական բնույթ կրող շիննորոգման աշխատանքները կկատարվեն հիմնականում ներդրում արած գործարարների եւ կազմակերպությունների շինարարների ուժերով՝ մեր հսկողությամբ»,- ասում է Վիլեն Բադալյանը:
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն վերջին անգամ նորոգվել է 1980-ականներին եւ այս տարիների ընթացքում ու պատերազմական գործողությունների հետեւանքով՝ այսօր անմխիթար վիճակում է եւ ֆիզիկապես մաշված: Ըստ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանի, բազմաթիվ մասնաշենքեր ունեցող կենտրոնը տեսքի բերելու ու ոտքի հանելու համար մեծ գումարներ են պահանջվում, որոնք հայթայթելը շատ դժվար է: Սմբատ Օրբելյանը վստահ է, որ հարցը կարող է լուծվել միայն պետական աջակցությամբ եւ հույս ունի, որ հետագա տարիներին Կապանը կունենա ժամանակի պահանջներին համապատասխանող բուժհաստատություն: «Ամեն օր այս պայմաններում աշխատել, առկա ցավոտ խնդիրներով չմտահոգվել եւ չբարձրաձայնել՝ հնարավոր չէ: Բազմիցս ենք բարձրաձայնել, մենք հույս ունեինք, որ բժշկական կենտրոնը կվերանորոգվի Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը Կապանում չիրագործվեց: Այսօր փորձում ենք կոսմետիկ նորոգումներով պահել մինչ օրս պահպանված սենյակները եւ քիչ թե շատ հարմար պայմաններ ստեղծել հիվանդանոցից օգտվողների համար, մինչ կլինեն խոշոր ներդրումներ»,- ասում է բուժհաստատության ղեկավարը:
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը պետք է նորոգվեր Կապանի քույր քաղաք Գլենդելի օգնությամբ՝ ԱՄՆ-ում հանգանակված գումարով, սակայն շենքի օտարման հետ կապված խնդիրների պատճառով՝ հիմնանորոգում չեղավ: Ըստ Սմբատ Օրբելյանի, գումարը կա, եւ ԱՄՆ մեր հայրենակիցները պատրաստ են այն տրամադրել հիվանդանոցին: «Հայաստան» հիմնադրամի օգնությամբ եկող տարի ամբողջությամբ կնորոգվի եւ կվերազինվի հիվանդանոցի մանկական բաժանմունքը: Իսկ մյուս մասնաշենքերը խիստ անմխիթար վիճակում են: Կապանը մարզկենտրոն է եւ ռազմավարական ճանապարհի վրա, պիտի առաջնահերթություն ունենա»,- եզրափակեց Սմբատ Օրբելյանը՝ հույս հայտնելով, որ պետական աջակցությունն էլ չի ուշանա: