Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ԳԻՏԵԻ»

Դեկտեմբեր 03,2009 00:00

Ասում է դատապարտյալ Սարգիս Հացպանյանը

Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, «Սուտ մատնության» համար 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանին նոյեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում վաղաժամկետ չազատեցին:
Սպասո՞ւմ էիք նման որոշման՝ «Առավոտի» հեռակա հարցին Ս. Հացպանյանն ասաց. «Ես գիտեի, որ կմերժեն, բացի ինձնից՝ շատերը հավատում էին, որ հարցին դրական լուծում կտան: Նաեւ պատճառաբանում էին, որ դա կլինի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարելիք այցելության նախաշեմին ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ կատարված ժեստ»:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմից դուք միշտ եղել եք գոհ: Ի՞նչն էր պատճառը, որ հիմնարկը դեմ եղավ ձեզ՝ հարցին Ս. Հացպանյանը պատասխանեց. «Ես այդքան միամիտ չեմ, որ հավատամ, թե կատարվածը ինչ-որ ադմինիստրատորի որոշումն է: Մեր իրականության մեջ բոլոր հրամանները տրվում են միայն «վերեւներից» եւ միայն հեռախոսով, այսինքն՝ բանավոր: Ներքեւինները դրանք ստրուկի նման կատարում են կամ արժանապատվորեն հրաժարականի դիմում են գրում՝ եւ մարդու դեմ կատարվող նսեմացումը մերժում:Եթե մոտ օրերս «Վարդաշենում» նման քայլի դիմողներ լինեն, ես կուրախանամ, քանի որ դա բարոյական արժեքների դեռ իսպառ ոչնչացված չլինելու փաստը ցույց կտա»:
Արդյոք, մինչ մերժվելը որեւէ մեկն ակնարկե՞լ էր ձեզ այդ մասին՝ հարցին Հացպանյանը պատասխանեց. «Ոչ, ընդհակառակը: Մինչեւ նիստը բոլորն ակնարկում էին միմիայն դրական ելքի մասին, իսկ հետո իմացել եմ, որ բոլորն էլ տեղյակ են եղել բացասական ելքի մասին, դա մեծ ցավով եմ ասում: Ափսոս, որ լռելյայն համաձայնել են»:
Իսկ դիմելո՞ւ եք միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ մեր հաջորդ հարցին տրվեց հետեւյալ պատասխանը. «Չեմ իմանում ոչ մի իրավապաշտպան կազմակերպության տեղ ու հասցե, ում կարելի է դիմել: Մեր երկրում եղածների 99 տոկոսը զբաղված է ստից «ռապորտներ» գրելով, ու իրենց փողը տվող տերերին ներկայացնելով, այսինքն, ձրիակերության սովոր «գրանտ»-ակերներ են, որոնց դիմելն իսկ անիմաստ է: Իմաստուն ժողովուրդն ասում է. «Չկա չարիք՝ առանց բարիքի»:
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է, ինչպե՞ս եք նշելու այդ օրը՝ հարցին Ս. Հացպանյանը պատասխանեց. «Ես շատ վաղուց որոշել եմ հենց այդ օրը հացադուլ անել, եւ հիմա փորձում եմ մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերներին հորդորել նույնն անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել