Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՎՏՈՒՐ Է

Դեկտեմբեր 03,2009 00:00

«Ստրկությունը շարունակում է մնալ միջազգային առեւտրի բարգավաճող տեսակ, ճիշտ է, այժմ այն ավելի քիչ է ակնհայտ, քան նախկինում, բայց այն մեր շուրջն է: Ստրկության դեմ պայքարի օրը հիշեցում է, որ ստրկության արդիական ձեւերը՝ մարդկային թրաֆիքինգը, հարկադիր մարմնավաճառությունը, հարկադիր աշխատանքը եւ երեխաների ներգրավումը թմրամիջոցների միջազգային առեւտրում, այսօր դեռեւս ծաղկում են: Դա սրված աղքատության, խտրականության եւ սոցիալական մեկուսացման արդյունք է»,- երեկ Ստրկության դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ասաց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դիրք Բոբերգը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ: Ըստ Դ. Բոբերգի, 1949 թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունեց «Մարդկանց թրաֆիքինգի եւ կավատության արգելման մասին» կոնվեցիան, որից հետո ամեն տարի դեկտեմբերի 2-ը ստրկության դեմ պայքարին ուղղված մարդկային ջանքերի ու հաստատակամության մասին է փաստում:
ՄԱԿ-ի տվյալներով, տարեկան ավելի քան 700 հազար կանայք, աղջիկներ, տղամարդիկ եւ տղաներ թրաֆիքինգի զոհ են դառնում, ընդ որում՝ իրենց երկրի սահմաններից, ընտանիքներից հեռու եւ ստրկության մեջ:
Հայաստանում Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը նշվում է նոյեմբերի 25-ից մեկնարկած «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել