Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիաբետոնը» չեն տալիս

Դեկտեմբեր 03,2009 00:00

\"\"Թեեւ առողջապահության նախարարությունը պարբերաբար հայտարարում է, որ պետպատվերի համակարգում ընդգրկված հիվանդները ժամանակին ապահովվում են անհրաժեշտ քանակի դեղորայքով, սակայն բնակչության կողմից հնչեցվող դժգոհությունները հակառակն են ապացուցում:

Դեղերի գների թանկացմանը զուգահեռ, վերջին շրջանում հիվանդներից դարձյալ դժգոհություններ են հնչում տեղամասային պոլիկլինիկաներում անվճար դեղորայքը ժամանակին չտրամադրելու վերաբերյալ: Մասնավորապես՝ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված «դիաբետոն» դեղը հիվանդներին պարբերաբար ուշացումով է տալիս մայրաքաղաքի թիվ 4 պոլիկլինիկան: Իսկ վերջին տասնօրյակում նշված պոլիկլինիկան այս դեղն ընդհանրապես չի հատկացրել: Այստեղ հիվանդատերերին անորոշ պատասխան են տվել՝ ասելով, թե չգիտեն դեղը երբ կստանան:
Խնդրի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արման Նազարյանը տեղեկացրեց, որ նախարարությունը «դիաբետոնի» գնման խնդիր չունի: Նշված դեղորայքը կենտրոնացված կարգով ձեռք է բերում առողջապահության նախարարությունը, իսկ ներքաղաքային բաշխումն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը. «Պոլիկլինիկաներում դեղորայքը վերջանալուց 20 օր առաջ այդ հաստատությունները գրավոր դիմում են քաղաքապետարանի առողջապահության վարչություն, որը վերաբաշխում է կատարում: Եթե խնդիրներ են լինում, քաղաքապետարանը գրավոր դիմում է մեզ: Սակայն մենք նման տեղեկատվություն դեռ չենք ստացել: «Դիաբետոնի» հաջորդ խմբաքանակը դեկտեմբերի 10-ին կհատկացնենք»: Չնայած բնակչության կողմից պարբերաբար հնչող դժգոհություններին, ԱՆ մասնագետը հավաստիացրեց, որ կենտրոնացված կարգով գնվող դեղորայքի պակասի խնդիր այսօր հանրապետությունում չկա:
ԱՆ աշխատակցի խոսքերի հավաստիությունը ճշտելու համար զանգեցինք թիվ 4 պոլիկլինիկա, որտեղից հայտնեցին, որ «դիաբետոն» չունեն: «Երբ նախարարությունը տրամադրի, այն ժամանակ էլ կհատկացնենք հիվանդներին»,- ասաց ավագ բուժքույրը:
Նշենք, որ մեկ տուփ «դիաբետոնի» գինը հանրապետության դեղատներում այս օրերին հատել է 4 հազար դրամի սահմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել