Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՆԵՐԵԼԻ Է»

Դեկտեմբեր 03,2009 00:00

\"\" Իշխանություններից իր դժգոհությունն է արտահայտում Տավուշի մարզի
սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, հայրենական եւ արցախյան պատերազմների վետերան Լեւոն Բաբայանը:

Հայաստանի սահմանամերձ շատ գյուղերի նման Այգեձորն էլ պատերազմական տարիներին հայտնվեց ռազմական գործողությունների կիզակետում, ունեցավ կորուստներ, ավերածություններ, զոհեր: Պատերազմից անցել են տասնյակ տարիներ, սակայն այսօր Այգեձորի բնակիչներն այդպես էլ չեն կարողանում հաղթահարել այդ տարիներից իրենց բաժին հասած դժվարությունները: Այս գյուղի բնակիչներն էլ տարաբնույթ խնդիրները պայմանավորում են երկրի իշխանությունների «անտարբեր» վերաբերմունքով:
Երկու պատերազմների վետերան Լեւոն Բաբայանը խիստ վիրավորված է սահմանները պահպանած եւ սահմանամերձ գյուղերում ապրող ազատամարտիկների հանդեպ ցուցաբերած՝ «մեր երկրի ղեկավարության» անտարբերությունից. «Հայրենական պատերազմից հետո, երբ ես եւ ինձ նման շատերը վերադարձանք ռազմաճակատից, մեր նկատմամբ իշխանությունների կողմից հատուկ ուշադրություն էր ցուցաբերվում, մեզ մեծարում էին, հերոսացնում: Եվ մենք մեզ հոգեպես բավարարված էինք զգում: Իսկ հիմիկվա կարգերից ու իշխանություններից ես շատ դժգոհ եմ. նեղացած եմ այն բանից, որ մեր սահմանները պահպանող տղաներին մոռացել են: Մինչդեռ, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, ոչ նախագահ կար, ոչ ղեկավար, իսկ այդ պահին ադրբեջանցիները կարող էին մի քանի ժամում վերցնել ողջ Շամշադինի շրջանը, այդպիսով ճանապարհ ունենալով դեպի Հայաստանի մնացած շրջանները: Բայց մեր տղաները 88 թվականի փետրվարի 24-ին համախմբվեցին եւ կազմակերպեցին մեր շրջանի ինքնապաշտպանությունը: Կարող եմ ասել, որ այդ ժամանակ գյուղը մաղի նման մաղվեց, լավերը մնացին պայքարելու, իսկ մի մասը փախավ գյուղից՝ դավաճանելով թե գյուղին, թե իրենց համագյուղացիներին: Ադրբեջանցիները շատ անգամ փորձեցին անցնել մեր շրջանի գյուղերի, մասնավորապես հարեւան Չինարիի սահմանները, բայց մերոնք դուրս շպրտեցին նրանց: Չեմ ուզում երկար խոսել: Բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է մեր իշխանությունն այդքան անտարբեր մեզ պես մարդկանց նկատմամբ: Դեռ ոչ մի անգամ չեմ հիշում մի դեպք, որ մեր գյուղը պաշտպանող տղաներից որեւէ մեկին կանչեն եւ մեծարեն: Հեռուստատեսությամբ հաճախ եմ տեսնում ու զայրանում, թե ինչպես են շռայլորեն կոչումներ տալիս ոմանց, ինչպիսի մեծարանքի են արժանացնում: Թե ովքեր են արժանանում այդ բախտին, չեմ կարող ենթադրել, որովհետեւ իմ աչքի առաջ սխրանքներ գործած մարդիկ դուրս են այդ ուշադրությունից: Գուցե նրանց մեղքն այն է, որ մայրաքաղաքից հեռու են ապրում եւ տեսանելի չեն իշխանավորների աչքին: Իսկ մի՞թե Հայաստանը միայն մայրաքաղաքի ու նրան մոտ մարզերի տղաներն են պահել: Համոզված եմ, որ մեր պետական այրերը տեղյակ էլ չեն, թե ինչպես են ապրում սահմաններում կռված տղաները. եթե գյուղի խանութների «նիսյաների» ցուցակը բացենք, կտեսնեք, որ հենց այդ տղաների ու նրանց ընտանիքի անդամների անուններն են գրված: Դա վիրավորական ու աններելի է: Այդ ամենից վիրավորված՝ կռված տղաներից շատերը թողել ու հեռացել են գյուղից էլ, Հայաստանից էլ: Եթե, Աստված մի արասցե, վաղն էլ պատերազմ լինի, գյուղում մարդ չի մնացել, որ պաշտպանի: Հույսներն ո՞ւմ վրա են դրել՝ չես հասկանում»:
Լեւոն Բաբայանը մեզ հետ զրույցում փոխանցեց նաեւ հաշմանդամ ազատամարտիկների խնդիրները, որոնք ուղղակի առաջանում են պաշտոնյաների քմահաճույքների պատճառով. «Կան լավ կամավորականներ, որոնք պատերազմի ժամանակ վիրավորվել են, դարձել հաշմանդամ, բայց երբ գնում են թոշակավորվելու, ասում են՝ այս թուղթը բեր, այն թուղթը բեր, որոշ ժամանակ հետո մեկ այլ թուղթ են պահանջում, կամ էլ ասում են՝ ուշացել եք, մարդիկ հիասթափվում են ու էլ չեն գնում իրենց հասանելիք թոշակի հետեւից: Որդին Երեւանի զինվորական հոսպիտալում 2 ամիսը մեկ բուժվել է, ունի կապիտանի կոչում: Հետո նրա թոշակավորումը տեղափոխեցին մեր մարզ: Ընդամենը 1 տարի է թոշակ ստացել: Հետո սկսեցին 2-րդ կարգի հաշմանդամին քաշքշուկի մեջ գցել, նա էլ հիասթափվեց ու վիրավորված հեռացավ: Եվ նրա նման շատերը կան»:
Պարոն Բաբայանի կարծիքով, իրենց գյուղի հիվանդանոցի փակումը նույնպես սխալ էր. «Դեռեւս խորհրդային տարիներից՝ 1950 թվականից, մեր գյուղը ունեցել է հիվանդանոց. 15 մահճակալանոց, տարբեր մասնագիտությունների բժիշկներով, բայց, չգիտես ինչու, դա էլ մեզ շատ համարեցին, փակեցին: Այսօր մեր գյուղի հիվանդը մինչեւ Բերդ հասնելը այս քարուքանդ ճանապարհներին մահանում է: Այս պետության ուժը չի՞ պատում մի երկու բժիշկ պահի այս սահմանապահ գյուղում, այն դեպքում, որ այստեղ նաեւ զորամասեր են գտնվում: Գոնե մի երկու բժշկական սարքավորում թողնեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում բժիշկները գան հիվանդի կյանքը փրկեն, ոչ թե հիվանդին առնեն- տանեն կիլոմետրերով հեռու գտնվող բուժկենտրոն: Ես, որպես իմ երկիրը երկու պատերազմներում պահպանած եւ մարտնչած քաղաքացի, պահանջում եմ մեր իշխանություններից՝ կարճ ժամանակահատվածում վերաբացել գյուղի հիվանդանոցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել