Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԸ՝ ԿՈՒՐԾՔԸ, ՄԵՆՔ՝ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԵՐԸ

Դեկտեմբեր 03,2009 00:00

\"\"Հայաստանյան Պամելա Անդերսոններն ու Ջենիֆեր Լոպեսները չեն ուզում
ապահովագրել իրենց մարմնի բարեմասնությունները:

Հայերը դեռեւս չեն կարող մեր երկրում գործող որեւէ ապահովագրական ընկերությունում հնարավոր դժբախտ պատահարներից ապահովագրել իրենց մարմնի որեւէ մասը: Չնայած եվրոպական երկրներում արդեն վաղուց մարդիկ ապահովագրում են նույնիսկ իրենց սեռական ու ներքին օրգանները՝ երիկամներից ու լեղապարկից սկսած՝ մինչեւ թոքերը, Հայաստանում այդ համակարգն այնպիսի ցածր մակարդակում է, որ դեռեւս կուրծքն ու նստատեղն էլ չեն կարող ապահովագրել: Խնդիրն այն չէ, որ ապահովագրական ընկերությունները չեն ուզում հայերի օրգաններն ապահովագրել, պարզապես դրա համար վճարումներն այնքան բարձր են, որ ոչ մեկն իրեն առայժմ թույլ չի տալիս համաշխարհային աստղերի պես այդ քայլին դիմել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերության տնօրեն Լեւոն Մինասյանը, «Այն, որ Հայաստանում մարմնի տարբեր բարեմասնություններ չեն ապահովագրում, չի նշանակում, թե մեր հասարակությունում Պամելա Անդերսոններ կամ Ջենիֆեր Լոպեսներ չկան: Շատ կան, պարզապես նրանց պես մտածողներ չկան, որ իրենց գեղեցիկ օրգանները հնարավոր դժբախտ պատահարներից ապահովագրեն»:
Կրծքի ու սեռական օրգանների փոխարեն մեր հայրենակիցները կարող են ապահովագրել իրենց առողջությունը, գույքը, գերեզմանաքարերը: «Եթե դժբախտ պատահարներ են լինում, մենք ապահովագրված մարդու բժշկական բոլոր ծախսերը մեզ վրա ենք վերցնում»,- ասաց Լ. Մինասյանը: Մեր հասարակությունում շատ ընդունված է դարձել տգեղ հայկական քթերից ազատվելը: Շատ հայ աղջիկներ խորամանկ քայլի են դիմում եւ մինչ կոսմետիկ վիրահատության գնալը՝ ապահովագրում են իրենց: Քանի որ մեզանից շատերը քթի միջնապատի թեքություն ու շեղվածություն ունեն, բժիշկը արձանագրում է նաեւ միջնապատն ուղղելը, եւ ապահովագրական ընկերությունը ստիպված է լինում իր վրա վերցնել վիրահատության ծախսերը, քանի որ իր հաճախորդը բժշկական խնդիր է ունեցել: «Գարանտ լիմենսի» տնօրենը նշեց, որ իրենք ծանոթ են այդ խորամանկ մեթոդներին ու հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս անպայման նշում են, որ իրենց բժշկական ապահովագրությունը կգործի միայն այն դեպքում, երբ մարդը որեւէ վնասվածք է ստացել՝ դժբախտ պատահարի արդյունքում, ոչ թե ինքը իր կամքով գնա կոսմետիկ վիրահատության ու ծախսերը ստիպված ընկերությունը փոխհատուցի. «Եթե ապահովագրված մարդն ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ մեքենա վարի ու վթարի ենթարկվի կամ նրա հետ մի դժբախտ դեպք լինի՝ մենք դարձյալ փոխհատուցում չենք տալիս, եթե նա նույնիսկ ղեկին էլ նստած չլինի, բայց վթարի ենթարկված մեքենան վարի ալկոհոլ օգտագործած ուրիշ մարդ, դարձյալ ապահովագրվածին չենք փոխհատուցի: Մենք այդպես դաստիարակում ենք, որ չի կարելի կյանքի հետ խաղալ, ինչ է թե՝ այն արդեն ապահովագրվել է, եւ ծախսերն ուրիշն է հոգալու»: Մեր երկրում, ըստ պարոն Մինասյանի, վերջին տարիներին ապահովագրական ընկերություններին շատերն են սկսել վստահել իրենց բիզնեսն ու կյանքը. «Շատ գործատուներ եկել են այն համոզման, որ իրենց աշխատակազմն ամենաթանկ բանն է: Օրինակ, «Արաբկիր» բժշկական հաստատությունն իր 450 աշխատակիցների կյանքն ապահովագրել է տարբեր դժբախտ պատահարներից ու հիվանդություններից: Նույնկերպ են վարվել նաեւ խոշոր կորպորատիվ հաճախորդները՝ «ՎիվաՍելը», «ԱրմենՏելը», «Երեւանի կոնյակի գործարանը», ինչպես նաեւ Կենտրոնական բանկը: Հիմնականում ապահովագրական ընկերություններին դիմում են օտարերկրյա ներկայացուցչությունները, օտարերկրյա կապիտալով ընկերություններն ու ձեռնարկությունները, դեսպանատները: Վերջերս բանկերն են իրենց վարկառուներին պահանջում ապահովագրել իրենց բիզնեսի ռիսկերը»:
Նշենք, որ ոչ պաշտոնական հաշվարկներով՝ Հայաստանի ապահովագրական բոլոր ընկերությունները միասին տարեկան հավաքագրում են միջինը 10 մլն դոլար, մինչդեռ արեւմտյան միջին հնարավորությունների մեկ ընկերությունն է մեկ ամսում այդքան հավաքում: Քանի որ հայկական ապահովագրական ընկերությունները չեն կարող միայնակ փոխհատուցել ապահովագրված մարդու կրած վնասները, ստիպված իրենք էլ իրենց հերթին վերաապահովագրվում են արտասահմանյան ընկերություններում: Օրինակ, Սոչիի ավիավթարից հետո պարզ դարձավ, որ «Արմավիան» ապահովագրել էր ուղեւորների կյանքը «Գրանդ» ապահովագրական ընկերությունում, որն էլ իր հերթին ապահովագրվել էր բրիտանական մի ընկերությունում եւ դա, կարելի է ասել, փրկեց հայկական ընկերությանը՝ այդքան տուժածների կրած վնասների փոխհատուցումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել