Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանն իր «սեփական» «օրենքով գողերն» ունի

Դեկտեմբեր 03,2009 00:00

Մի քանի ամիս առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում Հայաստանում կալանավորվել եւ վրացական իշխանություններին են հանձնվել հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված Լաշա Ջելաձեն՝ «Լաշա Սամտրեցկի» մականունով, Ռեւի Դարախվելիձեն, որոնք տարբեր երկրներից արտաքսվելուց հետո ապօրինաբար մուտք էին գործել եւ նույնքան ապօրինաբար բնակվում էին Հայաստանում: Տպավորությունն այնպիսին էր, թե Հայաստանում բնակվող բոլոր «օրենքով գողերը» միայն վրացիներ կամ Վրաստանի քաղաքացիներ են: Երեկ մենք փորձեցինք ոստիկանությունից ճշտել, թե հայրենի իրավապահները այս տարվա ընթացքում Հայաստանի տարածքում «օրենքով գողերի» «որսացե՞լ» են, թե՞ ոչ: Պարզվեց՝ այո. մեր «սեփական» «օրենքով գողերն» էլ են մեկ-մեկ բռնվում: Այսպես, «Առավոտին» փոխանցված տեղեկությունների համաձայն, միայն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում նույն՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու կալանավորվել են Գորիս քաղաքի բնակիչ Արտեմ Դինունցը, «Ալո» մականունով Ալեքսան Աղասի Մակարյանը, Արմեն Ավետիքի Մանուկյանը, «Ռուդիկ» մականունով հայտնի Ռոստոմ Մանվելի Խաչիկյանը, «Օշականցի Գեւորիկ»-Գեւորգ Ալբերտի Մելիքյանը, «Կոնչո» մականունով Նորայր Ռաֆիկի Փիլոյանը: Իհարկե, սրանք միայն կալանավորված «օրենքով գողերն» են: Թե որքանո՞վ են այս «գողականները» Հայաստանից դուրս հանրահայտ՝ պարզ չէ: Մեզ հայտնի չէ նաեւ, թե էլի քանի՞ չկալանավորված «գողեր» կան Հայաստանում, բայց որ կան՝ հաստատ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել